Հայաստանում կառավարությանը կից աշխատանքային խումբ կստեղծվի, որը կգնահատի ստվերային տնտեսության մասշտաբները
Հայաստանի կառավարությունն աշխատանքային խումբ է ստեղծել, որը պետք է գնահատի երկրի ստվերային տնտեսության մասշտաբները:
Փորձագետները պատրաստվում են մանրամասն ուսումնասիրել մոտ 20 ոլորտ: Դրանից հետո Պետեկամուտների կոմիտեն կսկսի աշխատել հարկերից խուսափոխ տնտեսվարող սուբյեկտներին իրավական դաշտ վերադարձնելու ուղղությամբ։
Այժմ Հայաստանի իշխանությունները դժվարանում են պատասխանել ստվերային տնտեսության մասշտաբների մասին հարցին:
«Անհնար է դրա մասշտաբները գնահատել երկու ամսում: Նման աշխատանք առաջին անգամ է անցկացվում», — լրագրողներին ասել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը:
Մինչ պետությունը փորձում է հասկանալ, թե տարեկան որքան գումար չի վճարվում պետբյուջե, իրավիճակը գնահատում են մասնագետները:
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ Հայաստանի ստվերային տնտեսության իրական մասշտաբը կազմում է ՀՆԱ 30 տոկոսն, ինչը հավասար է տարեկան մոտ 2.6 մլրդ դոլարի, և, առաջին հերթին, հարկ է ուշադրություն դարձնել առևտրի ոլորտին:
«Դա, իհարկե, ավելի պակաս է, քան 2000-ականների սկզբին. այն ժամանակ առևտրի ոլորտում ստվերային տնտեսության մասնաբաժինը հասնում էր 80 տոկոսի: Սակայն այժմ էլ այդ ցուցանիշը շատ բարձր է: Այդ ցուցակում հաջորդը, հավանաբար, լինելու է ծառայությունների և շինարարության ոլորտը».
Ստվերային տնտեսություն առկա է ամենուր, և այստեղ գլխավորն այդ երևույթի մասշտաբներն են: Այդ առումով ՀՆԱ 30 տոկոս ցուցանիշը կարելի է ընդունելի անվանել, ասում է Հրանտ Միքայելյանը:
Ըստ նրա տեղեկության՝ ամենազարգացած տնտեսություններից ամենացածր ցուցանիշն ունի Դանիան՝ 4-8 տոկոս, ԱՄՆ-ն՝ մոտ 10 տոկոս, Բելգիան՝ 16-18 տոկոս, զարգացող երկրները՝ 15-70 տոկոս:
Անգամ երբ աշխատանքային խումբն իր եզրակացություններն անի, բիզնեսի զգալի մասը ստվերից միանգամից դուրս բերել հազիվ թե հաջողվի, կարծում է Միքայելյանը:
«Որքան ցածր է տոկոսն, այնքան ավելի բարդ է ստվերային տնտեսության դեմ պայքարը: ՀՆԱ 24 տոկոսը Հայաստանի համար դրական արդյունք կլինի: Այնուհետև այդ պայքարի վարչական ծախսերն ավելի մեծ կլինեն, քան ստացվող եկամուտները: Մենք չենք կարող ընկնել յուրաքանչյուր դայակի ետևից, որը հարկեր չի վճարում»: