Հայաստանում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերն ավելացել են, այլ ճնշումները՝ նվազել
2022 թ.-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում ֆիզիկական բռնության է ենթարկվել 11 լրագրող: Նույն ժամանակահատվածում գրանցվել է տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման 24 դեպք: «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանի փոխանցմամբ՝ նշված իրավախախտումների համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:
Հուլիսի 26-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում Մելիքյանը ներկայացրել է կոմիտեի նոր զեկույցը երկրում խոսքի ազատության և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ:
JAMnews-ն առանձնացրել է ասուլիսի կարևոր դրվագները:
Ընդդիմության փողոցային պայքարն ու լրագրողների նկատմամբ բռնությունները
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահը լրագրողների և ԶԼՄ-ների վրա հարձակումների ավելացումը պայմանավորում է երկրում ստեղծված հասարակական-քաղաքական լարված իրավիճակով: Պատահական չի համարում այն, որ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների թիվը կտրուկ աճեց հենց ընդդիմության նախաձեռնած փողոցային պայքարի ամիսներին:
Այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել էր լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության ընդամենը 1 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ ապրիլ-հունիս ամիսներին նմանատիպ 8 դեպք էր արձանագրվել:
«Ապրիլից հունիս ժամանակահատվածը բավականին լարված էր. արմատական ընդդիմությունը անհնազանդության ակցիաներ էր կազմակերպում: Եվ լրագրողների նկատմամբ բռնության 11 դեպքից 10-ը հենց այդ ընթացքում է գրանցվել»,- նշել է նա և հավելել, որ մեկ դեպք էլ գրանցվել է երկրի խորհրդարանում:
Մելիքյանի փոխանցմամբ՝ ինչպես լրագրողները, այնպես էլ օպերատորները տուժել են ցուցարարների և ոստիկանների ընդհարումների արդյունքում, սակայն եղել են նաև դեպքեր, երբ «նպատակաուղղված գործողություններ» են իրականացվել ընդդեմ առանձին լրատվամիջոցի ներկայացուցիչների:
Կոմիտեի նախագահը ներկայացրել է նաև տվյալներ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների (ոչ ֆիզիկական) վերաբերյալ: Այս տարվա առաջին եռամսյակում նման 12 դեպք է գրանցվել, երկրորդ եռամսյակում՝ 11 (նախորդ տարվա 44-ի համեմատ):
«Երբ ավելանում է ֆիզիկական բռնությունների թիվը, այլ տիպի ճնշումները պակասում են»,- շեշտել է փորձագետը:
«Իրավունքը խախտվում է, բայց ԶԼՄ-ները դատարան դիմելուց խուսափում են»
2022 թ. երկրորդ եռամսյակի զեկույցի համաձայն՝ Հայաստանում գրանցվել է տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման 24 դեպք: Դատարան դիմում է ներկայացվել միայն մեկի վերաբերյալ:
Աշոտ Մելիքյանի գնահատմամբ՝ չդիմելու պատճառն այն է, որ ԶԼՄ-ների մի մասը դա համարում է ժամանակի կորուստ, չի ուզում «քաշքշուկների մեջ ընկնել»:
2022 թ.-ի հունվար-մարտ ամիսներին տեղեկատվություն ստանալու իրավունքի 45 խախտում էր արձանագրվել:
Այս ցուցանիշի նվազումը փորձագետը դրական է գնահատում, սակայն ընդգծում է՝ իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ, քանի որ պետական մարմիններից տեղեկատվություն ստանալը դեռևս բարդ է լրագրողների համար.
«Իսկապես շատ խնդրահարույց է իրավիճակը. լինում են ուշացման դեպքեր, որևէ հիմնավորում չտալով մերժումներ, տարօրինակ հիմնավորումներ, էլ չեմ ասում լղոզված պատասխանների մասին, որոնք հարցերի էությանը չեն համապատասխանում»:
Կոմիտեի նախագահը հիշեցրել է հունիսի սկզբին «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում կատարված փոփոխության մասին: Ըստ այդմ՝ այն պետական մարմինները, որոնք անհիմն կերպով մերժել են տրամադրել հրապարակման ենթակա տեղեկատվություն, ենթարկվելու են վարչական տույժի՝ 30.000-70.000 դրամի չափով (նախկին 10.000 -50.000 դրամի փոխարեն):
Կարծում է՝ եթե մի քանի դեպքերի համար պատասխանատվության ենթարկվեն, մյուսների համար դա սթափեցնող ազդեցություն կունենա:
Ի՞նչն է հանգեցնում ապատեղեկատվության
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահի դիտարկմամբ՝ եթե կառավարությունը զբաղվի ապատեղեկատվության հարցով, ապա այն դաշտում կպակասի.
«Շատ հաճախ հենց պաշտոնական տեղեկատվության պակասն է հանգեցնում նրան, որ որոշ լրագրողներ կամ ԶԼՄ-ներ ենթադրություններով կամ ասեկոսեներով են հրապարակում ինչ-որ բան: Հաճախ էլ այդ ամենն արվում է միտումնավոր»,- ամփոփել է նա: