Հայաստանում թոշակառուներն ու նպաստառուները հետվճար կստանան անկանխիկ գործարքների համար
Հետվճար՝ անկանխիկ գործարքների համար
Թոշակառուներն ու նպաստառուները կստանան ամսական առավելագույնը 5000 դրամի չափով հետվճար, եթե գնումներ և վճարումներ կատարեն անկանխիկ։ Հայաստանի կառավարությունը որոշումը հաստատել է մայիսի 19-ի նիստի ժամանակ։
Ծրագիրն իրականացվելու է մասնավորի՝ բանկերի հետ համագործակցությամբ։ Ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ից։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության այս նախաձեռնության մասին գործադիրը հայտարարել էր դեռևս նախորդ շաբաթ։ Եթե ի սկզբանե նախատեսվում էր հետվճար տրամադրել միայն պարենային ապրանքներ և դեղորայք գնելու պարագայում, ապա նախագծի վերջնական տարբերակում նման սահմանափակում դրված չէ․ սոցիալական խմբերը կարող են անկանխիկ վճարել նաև այլ գնումների համար, ինչպես նաև կոմունալ վճարումներ կատարելիս։
«Հետվճարը տարածվելու է նաև կոմունալ վճարումների վրա, եթե դրանք կատարվել են կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով»,- տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Ըստ որոշման նախագծի հիմնավորման ծրագիրը՝
- կծառայի որպես գնաճի բացասական հետևանքները որոշակիորեն մեղմող գործիք,
- կմեծացնի անկանխիկ գործարքների ծավալը, ինչն էլ կառաջացնի տնտեսական դրական էֆեկտներ,
- կբարձրացնի սպառողների կողմից ֆինանսական ժամանակակից գործիքների և տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներն ու կմեծացնի դրանց կիրառելիության տարածվածությունը։
Ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը։ Կենսաթոշակառուներից բացի ծրագրից կարող են օգտվել նաև այն նպաստառուները, որոնք նպաստն ստանում են անկանխիկ՝ բանկային քարտով։
Նախարարը տեղեկացրել է, որ այս պահին նպաստն անկանխիկ է ստանում 1000 քաղաքացի, և հույս հայտնել, որ հետվճարի հնարավորությունը խթան կհանդիսանա, որ մյուսներն էլ անցնեն անկանխիկի։
Թոշակառուներն ու նպաստառուները կստանան հետվճար՝ նախորդ ամսվա անկանխիկ վճարումների 10%-ի չափով, սակայն ոչ ավելի, քան 5000 դրամ։
Հայաստանի վարչապետի պարզաբանմամբ՝ նման սահմանաչափ է ամրագրվել, քանի որ կան նաև արտոնյալ կենսաթոշակառուներ, որոնք ստանում են 200 հազար դրամ և ավելի թոշակ։
Ծրագիրը փորձնական է, գործելու է վեց ամիս՝ մինչև տարեվերջ։
Պետությունը ծրագիրն իրագործելու է մասնավորի՝ բանկերի հետ համագործակցությամբ։ Կառավարությունն ու բանկերը մասնակցում են 5-ական տոկոս համամասնությամբ։ Մինչև հունիսի 1-ը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում կհրապարակվի այն բանկերի ցանկը, որոնք համաձայնել են դառնալ ծրագրի գործընկեր։
Վարչապետ Փաշինյանը հարց հնչեցրեց՝ եթե կենսաթոշակառուն տեսնի, որ իրեն սպասարկող բանկը չկա գործընկեր բանկերի ցանկում, կարո՞ղ է դիմել այլ բանկ։ Նախարարն արձագանքեց՝ նշելով, որ բանկերի ցանկը հրապարակվելու է հունիսին, ուստի շահառուները այլ բանկի քարտապան դառնալու համար կունենան մեկ ամիս ժամանակ։
Այս քարտերի առանձնահատկությունն այն է, որ դրանք չունեն գումար մուտք անելու հնարավորություն, ուստի քաղաքացիները պետք է հետևողական լինեն և չելքագրեն ամբողջ գումարը, հակառակ դեպքում՝ տվյալ ամսվա ընթացում ծրագրից օգտվել չեն կարողանա։
ՀԴՄ-ների հարցը լուծման ճանապարհին է
Վարչապետ Փաշինյանի համոզմամբ՝ որոշումը ֆորմալ բնույթ կկրի, եթե մարզերում ՀԴՄ-ների հարցը չկարգավորվի։ Խնդրով զբաղվում են Կենտրոնական բանկն ու Պետական եկամուտների կոմիտեն։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը գործադիրի նիստի ընթացքում տեղեկացրել է, որ նոր սերնդի 49․375 POS տերմինալներ ակտիվացված չեն, բայց առաջիկա ամիսներին խնդիրը կկարգավորվի։
Ինչ վերաբերում է հին սերնդի ՀԴՄ-ներին, ըստ Բադասյանի, դրանց թիվը 514 է, աշխատում են օրենքի խախտմամբ, բազմիցս ծանուցվել են այդ մասին, բայց ապարդյուն։ Կառույցը քննարկում է դրանց նկատմամբ սանկցիաներ կիրառելու հնարավորությունը։
Ծախս-եկամուտ բալանսն ու գործադիրի հեռահար նպատակը
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կարևոր է հասկանալ նաև բանկային համակարգի ծախս-եկամուտ բալանսը․
«Կարող ենք նույնիսկ այնպիսի մեխանիզմներ կիրառել, որ եկամուտները շատանան, բայց պայմանով, որ սոցիալական պատասխանատվության ոլորտում ծախսվող գումարներն էլ համամասնորեն շատանելու են»։
Ըստ նախագծի հիմնավորման՝ ծրագրի իրականացմամբ 2022 թվականի պետական բյուջեի ծախսերը կավելանան մինչև 5.66 մլրդ դրամով:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ այս պահին ծրագիրը ծախս է ինչպես կառավարության, այնպես էլ բանկերի համար, սակայն կան նաև հեռահար նպատակներ։
«Եթե մենք այդ տասնյակ միլիարդների կանխիկի շղթան դարձնենք անկանխիկ, ինքը ինչ-որ ժամանակ հետո իրոք կդառնա կոմերցիոն տրամաբանություն ունեցող հարց կամ երևույթ, որից հետո կառավարությունը, բնականաբար, ինչ-որ պահից դուրս կգա ծրագրից, բայց ես վստահ եմ, որ այն կշարունակվի»։
Գրիգորյանի գնահատմամբ՝ ծրագիրն ունի ռազմավարական նշանակություն և դրան պետք է վերաբերվել որպես զարգացող ենթակառուցվածք։
Սոցիալական նոր ծրագիրն ու Հայաստանի սոցիալական քաղաքականությունը
Ծրագրի փորձնական փուլն, ըստ վարչապետի, հնարավորություն կտա հավաքագրել շահառուների վերաբերյալ տվյալներ, վերլուծել դրանք և ըստ այդմ՝ վերանայել նաև պետական քաղաքականությունը։
«Մեր և բոլոր նախորդ կառավարությունների ծրագրերում գրված է եղել՝ սոցիալական աջակցությունը պետք է լինի մաքսիմալ հասցեական։ Բայց մենք չենք կարողանում մաքսիմալ հասցեական անել, որովհետև պատշաճ մակարդակի հետազոտություն չունենք, մարդու հասցեն ունենք, կարիքի հասցեն չունենք»,- շեշտել է Փաշինյանը։
Նախարար Նարեկ Մկրտչյանը համաձայնել է կառավարության ղեկավարի հետ՝ նշելով, որ միջոցառման իրականացումը կօգնի «թիրախային ծրագրեր անել, դուրս գալ իներցիոն տրամաբանությունից»։ Մկրտչյանը նաև հիշեցրել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը մշակում է անապահովության գնահատման նոր համակարգ, որը ենթադրում է ոչ թե աջակցության տրամադրում, այլ քաղաքացու կարիքի հիման վրա ծառայությունների տրամադրում։ Այս համակարգը գործարկվելու է 2023 թ․-ից։
Հետվճար՝ անկանխիկ գործարքների համար