Հայաստանում թանկացած դիզվառելիքի գինը գյուղացիների համար սուբիսիդավորվելու է
Հայաստանում գյուղացիների համար դիզելային վառելիքի գինը սուբսիդավորվելու է այս տարի. հայտնել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ նշելով, որ հանձնարարականը տրված է նախագահի կողմից:
Առաքելյանը շեշտել է, որ դիզվառելիքի համար գյուղացու կողմից ծախսած գումարի մի մասն իր վրա է վերցնելու պետությունը: Սուբսիդավորումը նախատեսված չի եղել, բայց հաշվի են առել թանկացման գործոնը և որոշել աջակցել գյուղացիներին:
Թե ինչ չափով կմեղմվի գնաճը, որքան կկազմի սուբսիդավորման գումարը, նախարարը չի մանրամասնել՝ այդ մասին լրացուցիչ կտեղեկացնեն:
Թեև դիզվառելիքի ակցիզային հարկը նվազել է 35.000 դրամից, դարձել է 13.000 դրամ, սակայն դիզելային վառելիքը ներառվել է ավելացված արժեքի հարկի դաշտում, ինչի արդյունքում գինը թանկացել է մոտ 15 տոկոսով:
Քանի որ դիզելային վառելիքով աշխատում է գյուղատնտեսական տեխնիկան, այն, առաջին հերթին, հարվածելու է գյուղացիներին: Մյուս տուժողը՝ բեռնափոխադրողներն են: Դիզելային վառելիքի սպառողները նշում են՝ թանկացումը չի կարող չանդրադառնալ մթերքի ու փոխադրումների գների վրա:
«Մեկ հեկտարի վրա գյուղացու ծախսերը 20-40 հազար դրամով ավելացել է այսօրվա գներով, այն դեպքում, որ մեր գյուղացին մի պարկ ազոտական պարարտանյութի համար վճարում է 6-7 հազար դրամ, իսկ ռուս ֆերմերը՝ 3 հազար դրամ»,- ասել է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Գյուղացիները զգուշացնում են, որ եթե դիզվառելիքի թանկացումը չչեզոքացվի, ավելանալու է նախատեսված ծախսը: Գյուղից քաղաք մթերք հասցնելն ավելի թանկ կարժենա, ինչի հետևանքով էլ կթանկանա նաև գյուղմթերքը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վախթանգ Միրումյանը հայտարարել է, որ դիզվառելիքն ավելացված արժեքի հարկով հարկելը նորմալ է: Ըստ նրա՝ Հայաստանն աշխարհում միակն էր, որը դիզվառելիքն ավելացված արժեքի հարկով չէր հարկում:
Իսկ տնտեսագետները կարծում են, որ գնաճը հիմնավոր չէ:
«Կառավարությունը պետք է ասի, թե ինչ դրական քայլեր է անում, որ զսպի գնաճը, բայց թերանում է այս հարցում: Գնաճի ազդեցությունն իրականում այնքան մեծ չէ, որքան որ տենդենցները ճիշտ չեն ներկայացվում: Կարևոր է նաև, որպեսզի պետությունը հստակ իրականացնի իր կարգավորիչ և վերահսկողական ֆունկցիաները»,— ասել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: