Հայաստանում դեռահասության տարիքից աղջիկներն անպտղության ստուգում են անցնելու
Հայաստանում այսուհետև կորոշեն դեռահաս աղջիկների անպտղության ռիսկերը, նրանք բոլորը կստուգվեն ու անհրաժեշտության դեպքում բուժում կստանան։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի հինգին վերարտադրողական առողջության պահպանման միջնաժամկետ ծրագիր է ներկայացրել։ Ըստ նախարարի՝ վաղ տարիքում ախտորոշումն ու բուժումը կօգնի խուսափել անպտղությունից։
• Հայաստանում ժողովրդագրական ճգնաժամի պատճառներն ու հնարավոր ելքերը
• Երկար սպասված երեխա՝ ուրիշի համար։ Փոխնակ մայրությունը Հայաստանում
• «Չէ՞ որ աղջիկ ես»․ տասը խոչընդոտ Կովկասում կանանց կարիերայի համար
Հայաստանում անպտղության տոկոսը կազմում է 14,8%, սա բավական բարձր ցուցանիշ է փոքր երկրի համար։
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդում է, որ, եթե երկրում անպտղության տարածվածությունը հասնում է 15%–ի, ապա իրավիճակն արդեն պետք է կրիտիկական համարվի, քանի որ այն ազդում է ծնելիության և բնակչության թվաքանակի վրա։ Այդ պատճառով էլ արվում է ամեն ինչ՝ այդ ցուցանիշը նվազեցնելու համար», — ասում է առողջապահության նախարարության Մայրության և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը։
Ենթադրվում է ավելացնել հղիության ընթացքում կանանց զննումների քանակն, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել ամուսնական զույգերի ընդհանուր առողջական վիճակը։
Ակնկալվում է, որ, շնորհիվ այս միջոցների, 2020 թ–ին Հայաստանում կծնվի մի քանի հարյուրով ավելի շատ երեխա, քան նախորդ տարի, իսկ 2021 թ–ից՝ տարեկան ավելի քան հազարով շատ։
Այս քայլերն անհրաժեշտ են համարվում, քանի որ Հայաստանը հասել է ժողովրդագրական ճգնաժամի։ Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ երկիրն աստիճանաբար մոտենում է դեպոպուլյացիայի՝ մի փուլի, երբ մահացությունը կարող է գերազանցել ծնելիությունը։