Հայաստանում շրջիկ տեսանկարահանող արագաչափերը խախտում են մարդու իրավունքները
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյան, JAMnews
Հայաստանում գործարկվել են շրջիկ տեսանկարահանող արագաչափեր: Դրանք զննելու են հանրապետության այն տարածքները, որտեղ կա սահմանված արագությունը գերազանցելու ռիսկ:
Այդ սարքերը որսալու են արագություն գերազանցող մեքենաներին և տեսանկարահանելու են դրանք: Շարժական արագաչափերի տեղակայման վայրը պարբերաբար փոխվելու է, և վարորդներն այդ տեղեկությունն ստանալու են տուգանքներ վճարելու ժամանակ:
Ավելին, չկա նաև շարժական արագաչափերի տեսքը պատկերող նկար կամ տեսանյութ, որպեսզի վարորդները գոնե այդ միջոցով ծանոթանան դրանց:
Շատերը կարծում են, որ այդ արագաչափերը իրականում գոյություն էլ չունեն, դրանց մասին լուրեր են տարածվել՝ կարգազանց վարորդներին զսպելու համար:
«Ճանապարհային ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ գործարկվել է շրջիկ արագաչափ սարք: Սրանից ենթադրում ենք, որ սարքը մեկն է: Վարորդները սովոր են, որ արագաչափ սարքից առաջ նախազգուշացնող նշաններ են դրվում, այս դեպքում այդ նշանները չեն լինելու»,- ասել է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Դավիթ Պեդանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում տեղադրված բազմաթիվ արագաչափերը «փող աշխատելու միջոց են» և փաստորեն անարդյունավետ են. եթե ոստիկանությունը հիմա էլ որոշել է տեղադրել շրջիկ արագաչափեր:
Իրավաբաններն էլ նշում են, որ նման արագաչափերը, որոնք վարորդների տեսադաշտում չեն, խախտում են մարդկանց սահմանադրական իրավունքը: Դրանք ամրացված են լինելու «հասարակ» մեքենաների, ոչ թե ոստիկանական նշաններով, ինչը ևս, նրանց խոսքով, խախտում է:
«Ցանկացած պատասխանատվության հիմնական նպատակը ոչ թե տուգանելն է, այլ վերադաստիարակելը: Եթե տեսախցիկը գաղտնի է, ապա նպատակը լինում է տուգանելը, լրացուցիչ գումար աշխատելը: Պետք է դիտարկել, թե ինչ իրավական հիմնավորումներով են դրանք տեղադրելու և մտնելու մարդու անձնական տիրույթ»,- ասել է փաստաբան Գևորգ Դավթյանը:
Ոստիկանությունը շրջիկ արագաչափերի ներդրումը պայմանավորում է 2018թ.-ի հունվար ամսին արձանագրված վթարների վերլուծությամբ: Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ հունվար ամսվա ընթացքում մահվան ելքով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարները շատ են եղել, ուստի անհրաժեշտություն է առաջացել դիմել վարչարարական նոր մեթոդի:
Ֆեյսբուքի հայաստանյան օգտատերերն այս օրերին տարածում էին մի մեքենայի լուսանկար՝ զգուշացնելով, որ դրա մեջ արագաչափ է տեղադրված: Ոմանք էլ տարածում էին այս հումորային տեսանյութը, որն անվանել էին Շարժական տեսախցիկ: