Հայաստանում գործազուրկների թիվը նվազել է, բայց ոչ միայն աշխատատեղերի ավելացման հաշվին
Հայաստանում նվազել է գործազրկության մակարդակը: Պաշտոնական ցուցանիշների համաձայն՝ վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանում գործազուրկների թիվը նվազել է 67 հազարով:
Պաշտոնական աղբյուրներն այս փոփոխությունները գնահատում են որպես դրական դինամիկա, իսկ մասնագետները նշում են, որ գործազուրկների թվի նվազման պատճառները տարբեր են և որոշ դեպքերում ամենևին էլ հուսադրող չեն:
Զբաղվածության պետական ծառայության աշխատաշուկայի վերլուծության, կանխատեսման և գնահատման բաժնի պետ Հասմիկ Թադևոսյանը հայտարարել է, որ Հայաստանում գործազուրկների թիվը նվազում է, որովհետև աշխատանք չունեցող քաղաքացիներն նախընտրում են արտագաղթել, ոչ թե երկրում աշխատանք փնտրել:
Տնտեսագետ Բաբկեն Թունյանն էլ իր հոդվածում գրել է, որ զբաղվածների թիվը Հայաստանում ավելացել է 67 հազարով, բայց կա մի հակասություն, որը թույլ չի տալիս լիարժեք ոգևորվել գործազրկության մակարդակի նվազմամբ:
«Առաջին հայացքից պարզ թվացող մի հարց տանք՝ եթե զբաղվածների թիվը 67 հազարով ավելացել է, ուրեմն որքանո՞վ պետք է նվազած լինի գործազուրկների թիվը։ Կարծում եք՝ նույն չափո՞վ, կամ գոնե դրան մո՞տ չափով։ Մենք նույնպես այդպես էինք կարծում, սակայն վիճակագրությունն այլ բան է ասում… Գործազուրկների թիվը նվազել ընդամենը 2.5 հազարով։ Իսկ այն մնացած 64.5 հազար ավելի աշխատատեղերն ովքե՞ր են լրացրել»,- հարց է տալիս Բաբկեն Թունյանը:
Փորձագետները նշում են, որ Հայաստանում գործազրկության պատճառներից մեկը նաև որոշ ոլորտներում մասնագետների, այսպես կոչված, ավելցուկն է: Սակայն «Գործ բոլորին» գործակալության տնօրեն Անահիտ Կիզողյանը միաժամանակ ասում է, որ աշխատանքային փորձ ունեցող և գարծատիրոջ պահանջներին համապատասխանող մասնագետները շատ քիչ են:
«Մեր բուհերը տալիս են արտադրանք, բայց որակ չկա. աշխատաշուկային չհամապատասխանող կադրեր են տալիս, երիտասարդությունն էլ հաճախ ծուլանում է, ինքն իր վրա չի աշխատում: Երեք տարի առաջ ավարտած անձը գնում է հարցազրույցի, ինչու՞ է սպասում, որ գործատուն չի հարցնելու՝ աշխատանքային փորձ ունի՞, թե՞ ոչ: Անընդհատ ասել՝ գործատուն չի ընդառաջում, ճիշտ չէ»,- ասել է նա:
Հայաստանի գործազուրկների գերակշիռ մասը կանայք են։ Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2018 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ գործազուրկ կանայք կազմում են գործազուրկների ընդհանուր թվի 66.7 տոկոսը կամ 46 800 մարդ։
Զբաղվածության գործակալության աշխատակցուհի Հասմիկ Թադևոսյանի խոսքով՝ Հայաստանում աշխատանք չունեցող կանայք միշտ էլ տղամարդկանցից շատ են եղել։ Նա կարծում է նաև, որ տղամարդիկ գերադասում են ինքնուրույն աշխատանք փնտրել` դիմելով ընկերների, ծանոթների օգնությանը, իսկ չգտնելու դեպքում մեկնում են արտագնա աշխատանքի.
«Գաղտնիք չէ, որ արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանց թիվն ավելի մեծ է, քան կանանց։ Վերջին տարիներին այդ թիվը գնալով ավելի է մեծանում» ։