Հայաստանում սկսել են ավելի հաճախ բողոքել արտակարգ դրության ռեժիմից
Մարտի 16–ից, երբ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի պատճառով արտակարգ դրություն սահմանվեց, մինչև հունիսի 25–ը Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը 2249 բողոք է ստացել։ Դրանք բոլորը առնչվում են արտակարգ դրության ռեժիմի հետ։
Դժգոհների կեսից ավելին (1720 մարդ) արդեն խորհրդատվություն է ստացել, հաղորդում է օմբուդսմենի գրասենյակի մամուլի ծառայությունը։
● «Տանը կողպված»․ հայ աշխատանքային միգրանտները չեն կարող Ռուսաստան մեկնել
Ինչի՞ց են բողոքում մարդիկ
— Բողոքների մեծ մասը (794) վերաբերում է սոցիալական օգնությանը, որը կառավարությունը տրամադրում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերով։ Մարդկանց մոտ դժվարություններ են առաջացել էլեկտրոնային հարթակներում տվյալների լրացման հետ, որոնց միջոցով տրամադրվում է օգնությունը։
— 231 բողոք վերաբերում է երկիր մուտքին–ելքին։ Բանն այն է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ցամաքային սահմանները փակ են, ավիահաղորդակցությունը կասեցված է։ Դա խնդիրներ է առաջացրել հազարավոր միգրանտների համար, որոնք ամեն տարի Հայաստանից մեկնում են սեզոնային աշխատանքի։
— Մարդիկ դիմում են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ կոմունալ ծառայությունների վճարման հետ կապված խնդիրներով։ 114 մարդ է բողոքել, որ ֆինանսական դժվարությունների պատճառով չի կարողացել վճարել վարձը։ Նրանք պահանջել են միացնել գազը, ջուրն ու էլեկտրաէներգիան։
— 78 բողոք վերաբերել է խնդիրներին, որոնք մարդկանց մոտ առաջացել են մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմաններում։ Մանրամասներ, թե ինչի հետ են կապված այդ խնդիրները, ՄԻՊ գրասենյակը չի հաղորդում։
— 57 մարդ է դիմել կենսաթոշակի վճարման ուշացման կապակցությամբ։ Խնդիրներ են առաջացել այն թոշակառուների մոտ, որոնք գրանցված են մի հասցեով, բայց բնակվում են այլ տեղ։
— 29 բողոք վերաբերել է բանտարկյալներին։ Որակյալ բուժօգնություն ապահովելու, ինչպես նաև կորոնավիրուսի տարածման պատճառով վաղաժամկետ ազատ արձակման պահանջներ են ներկայացվել։
— 23 մարդ է դիմել իր աշխատավարձի վճարման կամ արձակուրդի տրամադրման պահանջով ընկերության կողմից, որում աշխատում է։
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երկրում
Հայաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվն օրական մի քանի հարյուրով ավելանում է։
Երկրում հուլիսի 6–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 28 936 դեպք։ 16 302 հիվանդ ապաքինվել է, 491 մարդու կյանք չի հաջողվել փրկել։
Մինչև հուլիսի 13–ը Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմը։ Այն հայտարարվել է մարտի 16–ին և արդեն երեք անգամ երկարաձգվել է։
Ընդ որում, կառավարությունը մտադիր է ևս մեկ անգամ երկարաձգել այն։ Այս մասին հաղորդել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ԱԴ ռեժիմը մշտապես չի կարող երկարաձգվել, պարզապես հիմա կառավարությունը ստիպված է հաշվի առնել համաճարակային իրավիճակը․
«Դա խնդիր է, բոլորիս համար է խնդիր, բայց մյուս կողմից չենք կարող նաև համաճարակային վիճակը հաշվի չառնել»։
Հունիսին և հուլիսին վարակման դեպքերի քանակի վիճակագությունը չի փոխվել։ Պարետատունն անընդհատ դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու և հիգիենային հետևելու կոչեր է անում։
Արտակարգ դրության ռեժիմը երկրի ողջ տարածքում չեղարկում է բոլոր հանրային և բազմամարդ միջոցառումները։ Սակայն ողջ բիզնեսն աշխատանքի է վերադարձել, աշխատում է հանրային տրանսպորտն ու մետրոն։