Հայաստանում ավտոմոբիլային բումի և ավտովաճառողների խնդիրների մասին, որոնք երկիր են ներկրել հարյուր հազարավոր հին մեքենաներ
Հայաստանում իսկական ավտոմոբիալային բում է։ 2019թ-ի սկզբից մինչև նոյեմբեր երկիր է ներկրվել 140 հազար ավտոմեքենա։ Բանն այն է, որ 2020թ-ից զգալիորեն ավելանալու է ավտոմեքենաների մաքսազերծման գումարը։ Ընդ որում, փոփոխությունները վերաբերելու են ոչ միայն ավտովաճառողներին, այլև ֆիզիկական անձանց։
Ավելանալու են հատկապես հին մեքենաների տուրքերը, որոնք այժմ էժան գնով գնում են և երկիր ներմուծում մեծ քանակությամբ՝ վերանորոգելու, այնուհետև գումար վաստակելու նպատակով։
Ավտովաճառողներն այժմ բողոքում են երկրորդ քաղաք Գյումրիի մաքսատանը մեքենաները մաքսազերծելու անհրաժեշտության դեմ, ուր նրանք պետք է տանեն հին մեքենաները՝ հաճախ առանց անիվների, գումար ծախսեն քարշակի վրա և հերթերում կանգնեն։
Բոլոր մանրամասներն այն մասին, թե ինչ է այժմ տեղի ունենում հայկական ավտոաշխարհում և ինչու։
• Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին, բայց մեկ պայմանով
• Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի բանակցություններն անցկացվել են Երևանում
Եվրասիական միությունն ու տուրքերի հավասարեցման հետևանքները
Հայաստանը դարձել է հին ավտոմեքենաների յուրօրինակ «գերեզմանոց», քանի որ 2020 թ-ից ուժի մեջ է մտնելու արդեն հինգ տարի կազմակերպության մյուս անդամ երկրներում գործող Եվրասիական տնտեսական միության կանոնակարգը։ Արդյունքում՝ Հայաստան ներկրվող 800 ապրանքի, այդ թվում՝ ավտոմեքենաների մաքսատուրքերը զգալիորեն կավելանան։ Խոսքն այն ապրանքների և ավտոմեքենաների մասին է, որոնք Հայաստան են ներկրվելու ոչ ԵԱՏՄ երկրներից։
Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որը գործում է Ռուսաստանի հովանու ներքո և ներառում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստան ու Ղրղզստանը։
Կազմակերպությունն իր անդամներին աշխատուժի, ապրանքի, ծառայությունների ազատ տեղաշարժ է ապահովում։
2015 թ-ից Հայաստանը միացել է ԵԱՏՄ-ին և ինքնաբերաբար դարձել այդ կազմակերպության Մաքսային միության անդամ։
Այդ նույն 2015 թ-ին որոշվել է համապատասխանեցնել մասքսատուրքերը Եվրասիական տնտեսական միության բոլոր եկրներում։ Այս գործընթացի վերջնական նպատակը պետք է լինի միասնական շուկայի ձևավորումը։
Հայաստանում տուրքերի բարձրացումը հետաձգվել է, այսինքն՝ որոշ ապրանքների համար բացառություններ են արվել։ Ենթադրվում էր, որ մինչև 2020թ․ Հայաստանի իշխանությունները կադապտացնեն երկրի տնտեսությունը սպասվող փոփոխություններին։
Սակայն հիմա արդեն՝ ոչ ԵԱՏՄ-ից ապրանք Հայաստան ներկրելու դեպքում սահմանին պետք է բարձր մաքսատուրքեր վճարվեն՝ փոփոխությունների ուժի մեջ մտնելուն պես։ Այսպիսով, ԵԱՏՄ ապրանքները մրցակցային առավելություն կստանան։
Ինչի՞ն են դեմ ավտովաճառողները
2015-ից մինչև 2020 թ-ը Հայաստանում մեքենաների տուրքերը 10%-ի մակարդակում էին՝ անկախ շարժիչի տարիքից և ծավալից։ Սակայն մինչև հաջորդ տարվա մեկնարկը շատ քիչ ժամանակ է մնացել, որով էլ բացատրվում է իրարանցումը։
Բացի այդ, երկրում փոփոխություններ են ներմուծվել հենց մաքսազերծման գործընթացում։
2019 թ-ին որոշվել էր նոր մաքսատուն կառուցել Գյումրիում։
Այս որոշումը դուր չի եկել սովորական ավտովարորդներին և ավտովաճառոողներին։ Շատերն իշխանությունների նախաձեռնությունն անիմաստ են համարում, իսկ նոր մաքսատան կառուցման ֆինանսավորումը՝ անտեղի ծախս։
Նոյեմբերի 11-ին ավտովաճառողները բողոքի ցույց են կազմակերպել և փակել մայրաքաղաքի ծայրամասում գտնվող մաքսատան ճանապարհը։
Իրենց բողոքն ավտոսիրահարները բացատրում են նրանով որ Գյումրի հասնելը բավականին խնդրահարույց է։ Ավտովաճառողները չեն ուզում Գյումրի կամ Մեղրի մեկնել ավտոմեքենաների մաքսային ձևակերպման համար, քանի որ դա ավելացնում է ծախսերն ու նրանցից լրացուցիչ ժամանակ խլում։
«Ներկրված մեքենաների մեծ մասը սարքին չէ։ Մենք պետք է դրանք Գյումրի տանենք ավտոքարշակով, օրերով հերթ կանգնենք մաքսազերծելու համար, իսկ հետո քարշակով Երևան հետ բերենք», — հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Իրենց դժգոհությունը ցուցարարները բացատրել են նրանով, որ Գյումրիի մաքսատանն անգամ տարրական պայմաներ չկան։ Բացի այդ, այնտեղ հասնելը դժվար է, քանի որ ճանապարհները վատ վիճակում են, իսկ մեքենաների մեծ մասը ներկրողներին է հասնում ընդհանրապես առանց անիվների։
Ավտոմեքենաների ապակիներին հետևյալ գրառմամբ պաստառներ էին փակցված․ «Չենք ուզում Գյումրի գնալ»։
Ըստ ցուցարարների՝ Գյումրիի մաքսատանն օրական 320-330 ավտոմեքենա է կանգնած։ Մաքսազերծման դանդաղ ընթացակարգի պատճառով մարդիկ ստիպված են աչքաթող անել իրենց գործերն ու ընտանիքները։
«Երբ մաքսատան նոր շենքերը պատրաստ լինեն, և աշխատանքը հերթափոխով կազմակերպվի, այսպիսի հերթեր չեն գոյանա։ Սակայն այդ որոշումն ընդունվել է առանց համապատասխան պայմաններ ստեղծելու։ Շենքը, ճանապարհները պետք է պատրաստ լինեին մինչև բացումը, սակայն դեռ ոչինչ պատրաստ չէ։ Եվ երբ եկավ ընդունված որոշման իրականացման օրը, մեզ պարզապես Գյումրի ուղարկեցին», — իր վրդովմունքն էր արտահայտում իրավիճակից դժգոհ մի ավտովաճառող։
Գյումրիի մաքսատան շինարարության ժամկետները
Խոսակցություններն այն մասին, որ ավտոմոբիլային մաքսատունը Գյումրի է տեղափոխվելու, Հայաստանի վարչապետն է սկսել դեռևս ապրիլին։ Օգոստոսի մեկին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել ավտոմեքենաների մաքսային ձևակերպման կետը Նորագավիթից՝ Երևանի ծայրամասից, Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրի տեղափոխել։
Իրենց որոշումն իշխանությունները բացատրել են երկրի հյուսիսային մայրաքաղաքի տնտեսական կյանքի ակտիվացմամբ։
Ի դեպ, մինչ այդ Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը խոստացել էր, որ մաքսատան շինարարական աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 11-ին։ Սակայն արդեն հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում նա խոստովանել էր, որ ժամկետներն ինքն է սահմանել՝ առանց հաշվի առնելու շինարարական աշխատանքների ծավալները։
Անանյանը խոստացել էր, որ Գյումրիի մաքսատունը շահագործման կհանձնվի արդեն նոյեմբերին, ինչն էլ տեղի է ունեցել՝ չնայած բոլոր թերություններին։
Ինչպես են գումար վաստակում հերթերից
Նոյեմբերի 9-ին հայկական լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Գյումրիի բնակիչներն ավտոմոբիլային մաքսատան հերթերից գումար վաստակելու եղանակ են մտածել։
Նրանք նախապես հերթ են պահում մաքսատանն, իսկ հետո վաճառում այդ տեղերը 20 հազար դրամով՝ հերթի սկզբում, 10 հազարով՝ մեջտեղում։
Այս իրավիճակը բացատրվում է դրանով է, որ ավտոմեքենաների տերերը դրանք մաքսազերծելու համար ստիպված են մի քանի օր Գյումրիում անցկացնել։ Եվ քանի որ հյուրանոցներում հաճախ ազատ տեղ չի լինում, մարդիկ ստիպված գիշերում են հենց իրենց մեքենաներում։
Ճիշտ է, արդեն տեղեկություն կա այն մասին, որ քաղաքային իշխանությունները զաբղվում են խնդրով և բացահայտում են այն քաղաքացիներին, որոնք որոշել են գումար աշխատել այս իրավիճակում։
Մաքսատուրքերը կավելանան ոչ միանգամից
Ի սկզբանե ենթադրվում էր, որ ավտոմեքենաների մաքսատուրքերը կբարձրանան արդեն 2020թ-ի հունվարի 1-ից։
Սակայն հոկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ հունվարին ավտովաճառողները դեռ կարող են մեքենաներ ներկրել դեկտեմբերյան գներով։
Մաքսային ծառայության գնդապետ, Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը բացատրել է, որ իրենց հաջողվել է «շրջանցել» օրենքը։
«Օրենքում մենք բաց ենք գտել, որը կարող է ցրել այն մարդկանց անհանգստությունը, որոնք Հայաստան մեքենաներ են ներկրում և վախենում են, որ մեքենայի ուշ տեղափոխման դեպքում կարող են չհասցնել ձևակերպել այն մինչև դեկտեմբերի 31-ը։ Վստահեցնում եմ գրեթե 100 տոկոսով, որ մենք կարող ենք քաղաքացիներին հնարավորություն տալ հունվարին այդ մեքենաները ձևակերպել դեկտեմբերին գործող գներով», — պարզաբանել է նա։
Մի քիչ վիճակագրություն
Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը նոյեմբերի 12-ին Հայաստան ներկրված մեքենաների վիճակագրություն է ներկայացրել․
• 2017 թ-ին ներկրվել է 34 հազար մեքենա,
• 2018 թ-ին՝ 64 հազար,
• 2019թ-ի նոյմբերի 1-ի դրությամբ՝ 140 հազար մեքենա։
Սպասվում է, որ մինչև տարեվերջ այդ թիվը կհասնի 180-185 հազարի։
«Այս պահին պետբյուջեն ստացել է շուրջ 150 մլն դոլար մաքսատուրք և ԱԱՀ, իսկ մինչև տարեվերջ կստանա 250 մլն», — ասել է Մելքումյանը։