Հայաստանն Իրանից ավելի քան 500 ապրանքի համար մաքսային արտոնություններ է ստանում
Իրանի խորհրդարանը հունիսի 10-ին վավերացրել է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը։ Միության անունից բանակցությունները վարել է Հայաստանը։ Արդյունքում՝ դրա բոլոր անդամներն՝ այդ թվում Հայաստանն, Իրանից ավելի քան 500 ապրանք ներկրելու և արտահանելու համար ավելի ցածր գին են վճարելու։ ԵԱՏՄ անդամ երկրներն արդեն վավերացրել են այդ համաձայնագիրն իրենց խորհրդարաններում։ Սակայն դա ժամանակավոր համաձայնագիր է։ Հիմնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկվեն 2020 թվականին։
Ի՞նչ է տալիս համաձայնագիրը կողմերին
Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև համաձայնագիրը ենթադրում է դրա բոլոր մասնակիցների համար մաքսային բեռի թեթևացում։ Խոսքն ավելի քան 500 ապրանքի մասին է, որոնց համար նախատեսված մաքսատուրքերը նվազեցվում են կամ ամբողջությամբ չեղարկվում։
Ենթադրվում է, որ համձայնագիրն ակտիվացնելու է ԵԱՏՄ և Իրանի միջև առևտուրը։
Միության անդամներն առավել հաճախ Իրան են արտահանում մսամթերք, քաղցրեցեն, կոսմետիկա, մեքենաներ և տեխնիկա։
Իսկ Իրանը ԵԱՏՄ երկրներ է արտահանում բանջարեղեն և միրգ, շինանյութ և գորգեր։
Համաձայնագիրը ենթադրում է, մասնավորապես արդյունաբերական ապրանքի մաքսատուրքերի նվազեցում։ Ընդ որում,
- Իրանը դրանք նվազեցնելու է 22,4 տոկոսից մինչև 15,4,
- ԵԱՏՄ-ն՝ 8 տոկոսից մինչև 4,7։
Գյուղմթերքի տուրքերն էլ են նվազում։ Իրանում գյուղատնտեսական ապրանքի սահմանային վճարները բավականին բարձր են՝ ավելի քան 32 տոկոս։ Համաձայնագրով դրանք կտրուկ նվազում են, իջնելով մինչև 13,2%։ ԵԱՏՄ գոտում գյուղմթերքի տուրքերը նույնպես իջեցվում են՝ 9,6%-ից մինչև 4,6%։
Ի՞նչ է դա տալիս Հայաստանին։ Փորձագետների կարծիք
Մաքսային ռեժիմի թեթևացումը Հայաստանին և ԵԱՏՄ մյուս անդամներին թույլ կտա Իրան արտահանել ավելի շատ ապրանք։ Այդ երկրի շուկան երկար տարիներ անհասանելի էր բարձր մաքսատուրքերի պատճառով։
«Իրանը շարունակում է անհասանելի լինել արտասահմանյան արտահանողների համար։ Այդ երկրում արդյունաբերական արտադրանքի տուրքերը 4,5 անգամ ավելին են, քան ԵԱՏՄ-ում։ Տուրքերի նվազումը այս համաձայնագրով վերաբերում է Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառության ցուցակի մեջ մտնող ապրանքների գրեթե կեսին», — ասում է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
Իրանի տնտեսությունը փակ է։ Երկիրը լուրջ հովանավորչական միջոցներ է կիրառում տեղական արտադրողին պաշտպանելու համար։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ Հայաստանը պետք է առավելագույնս օգտվի նոր հնարավորություններից․
«Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ։ Եվ Իրանում տեսակետ կա, որ Հայաստանն իր համար դարպասի դեր է կատարում, որը բացում է ճանապարհը դեպի ԵԱՏՄ, մյուս կողմից, ԵԱՏՄ երկրների համար այն դարպաս պետք է լինի դեպի Իրան։ Այնպես որ, մենք պետք է ձգտենք առավելագույնս մեզ վրա վերցնել այդ դարպասների գործառույթը երկու կողմից էլ»։
Վարդան Ոսկանյանի կարծիքով, դրա համար անհրաժեշտ նախադրյալներ կան, մանսավորապես, ազատ տնտեսական գոտին հայ-իրանական սահմանին։
Իրանագետը վստահ է, որ այս համաձայնագրի շնորհիվ Հայաստանը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական դիվիդենդներ կշահի։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում Իրանի համար պայքար է գնում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Երկու երկիրն էլ ձգտում են Թեհրանին գրավել խոշոր նախագծերով, մասնավորապես՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում։ Այս համաձայնագիրը Հայաստանին թույլ կտա զգալիորեն ամրապնդել իր դիրքերը։