Հայաստանի քաղաքացիություն՝ գումարի դիմա՞ց. նախագիծը քննարկվում է
Հայաստանի քաղաքացիություն՝ գումարի դիմա՞ց
244 դեմ, 10 կողմ: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Հայաստանի քաղաքացիներն այսպես են արձագանքել նախագծին, ըստ որի երկրի տնտեսության մեջ 150 հազար դոլար ներդրած օտարերկրացիները կարող են քաղաքացիություն ստանալ պարզեցված կարգով։ Դեմ արտահայտվածները մտահոգություն ունեն, թե հնարավոր է՝ ներդրումներ անելու արդյունքում քաղաքացի դառնան նաև թուրքերն ու ադրբեջանցիները:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է՝ մտահոգությունները չեզոքացնելու համար անհրաժեշտ ընթացակարգեր են մշակվելու ինչպես ոստիկանության, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայության կողմից:
Որոշման նախագծի բոլոր մանրամասները, քաղաքացիների և փորձագետների տեսակետները
Ի՞նչ է նախատեսված որոշման նախագծով
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am հարթակից տեղեկանում ենք, որ Հայաստանի ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով նախատեսվում է «պարզեցված կարգով քաղաքացիություն շնորհել» տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց:
Որոշման նախագծին ծանոթանալուց հետո պարզ է դառնում, որ տնտեսության բնագավառի պարագայում որպես նշանակալի ավանդ է դիտարկվելու առնվազն 150 հազար դոլարի չափով ներդրումը:
Օտարերկրյա քաղաքացին պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետք է այդ գումարը՝
- անհատույց տրամադրի կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին՝ անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով,
- ներդնի առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի (բաժնեմասի, բաժնետոմսի ձեռքբերում) մեջ՝ առնվազն 10 տարի ժամկետով,
- ձեռք բերի պետական պարտատոմսեր՝ առնվազն 7 տարի ժամկետով,
- ձեռք բերի անշարժ գույք՝ նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով,
- ներդնի որևէ ներդրումային ֆոնդում (պետության կողմից հավանության արժանացած)՝ առնվազն 10 տարի ժամկետով:
Բացի այդ՝ ներդրողը կարող է 1 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություն հիմնադրել Հայաստանում: Որպես պայման է նշվում այն, որ հիմնադրողի «կենսական շահերի կենտրոնը» լինի Հայաստանում։
Երկրի քաղաքացի դառնալուն կարող են հավակնել նաև այն օտարերկրացիները, որոնք
- Հայաստանում կհիմնադրեն 100 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող օտարերկրյա տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության մասնաճյուղ, որը կունենա 500 և ավելի աշխատակից,
- երկրում կհիմնեն 80 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի չափով վենչուրային հիմնադրամ,
- 100 հազար դոլարին համարժեք դրամ և ավելի չափով ֆինանսական ներդրում կկատարեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում կամ վենչուրային հիմնադրամներում,
- կունենան 20 և ավելի տարվա աշխատանքային փորձ Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի կամ Լոնդոնի բորսաներում հայտարարագրված բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում,
- փոստի ոլորտի միջազգային կառույցներում ծավալած կլինեն համագործակցության տևական (ոչ պակաս, քան 5 տարի) ակտիվ գործունեություն, ինչպես նաև ոլորտում կկատարեն ֆինանսական, նյութատեխնիկական ներդրումներ՝ առնվազն 250 հազար դոլարին համարժեք դրամի չափով:
«Այնպես չէ, որ ով դիմի, ստանալու է քաղաքացիություն»
Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել Հայաստանի էկոնոմիկայի նախարարը: Վահան Քերոբյանն ասել է, որ Հայաստանը խրախուսում է ինչպես մեծ ընկերությունների, այնպես էլ մասնավոր անձանց կողմից կատարվող ներդրումները:
Նախարարի գնահատմամբ՝ այս նախագծով կառավարությունը փորձում է լուծել նաև ներգաղթի հարցը:
«Այսկերպ կարող ենք որոշ կատեգորիայի մարդկանց դարձնել Հայաստանի քաղաքացի, նրանք կարող են երկրի տնտեսության մեջ մեծ դեր ունենալ»,- ընդգծել է Քերոբյանը։
«Խայտառակ նախագիծ է». քաղաքացիների կարծիքը
Որոշման նախագծի հանրային քննարկումը Իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական կայքում կշարունակվի մինչև հոկտեմբերի 27-ը: Թեև մի քանի օր է, ինչ նախագիծը տեղադրված է հարթակում, քաղաքացիներն արդեն հասցրել են արտահայտվել այստեղ, և դեռ մեծ մասը դեմ դրան: Ահա կարծիքներից մի քանիսը․
«Ընդամենը 150.000 դոլարի դիմաց թուրքերն ու ադրբեջանցիները կկարողանան դառնալ ՀՀ քաղաքացի և մասնակցել ընտրություններին ու կկարողանան ՀՀ-ում ղեկավար ընտրել: Երբ Նիկոլն ասում էր, որ իրենք նախատեսում են մինչև 2050 թ. ՀՀ բնակչության թիվը դարձնել 5 միլիոն մարդ, ստացվում է, որ դա պիտի լինի թուրքերի միջոցո՞վ»:
«Խայտառակ նախագիծ է։ Դրամի դիմաց քաղաքացիության շնորհումը նույնն է, ինչ հայրենիքի վաճառքը»։
«Այլ հավասար պայմաններում կողմ կլինեի նախագծին, սակայն հիմա դեմ եմ, քանի որ այն չի ներառում ՀՀ անվտանգային հարցերը, այդպիսով խոցելի է դարձնում մեր երկիրը թշնամի երկրների համար՝ Ադրբեջան, Թուրքիա: Մենք 80 մլն-անոց պետություն չենք, որ հարմար լինի այս նախագիծն ու անվտանգ»:
«Սահմանափակում կիրառել բոլոր այն երկրների քաղաքացիների կամ ազգերի ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր անմիջապես իրականացրել, հովանավորել կամ այլ կերպ մասնակցել են ՀՀ նկատմամբ պատերազմի, ագրեսիայի, խրախուսում են ՀՀ և հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքը»։
«150. 000 ԱՄՆ դոլարը այսօր Երևանում ընդամենը մի երկուսենյականոց բնակարան է, այդպիսի ներդրումը բնավ համարժեք չէ քաղաքացիություն ստանալուն»:
Մեկնաբանություններ
Տնտեսագետ Աղասի Թավադյանի խոսքով՝ վերջին 1.5 տարվա ընթացքում հազարավոր մարդիկ են եկել և մնացել Հայաստանում, մեծամասամբ՝ ՌԴ-ից: Ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նրանց մի մասն այստեղ է տեղափոխել նաև իր բիզնեսը, այսինքն՝ ունի Հայաստանի հետ կապված միջնաժամկետ կամ երկարաժամկետ պլաններ:
«Հայաստանի քաղաքացի դառնալու հնարավորություն տալը կարող է մի քանի խնդիր լուծել: Նախ, իրենց ավելի գայթակղել, որ մնան ՀՀ-ում: Երկրորդը՝ ժողովրդագրական խնդիր լուծել՝ ՀՀ քաղաքացիների թիվը շատացնելով»,- ընդգծել է տնտեսագետը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Թավադյանը դրական է գնահատել նախագիծը՝ նշելով, որ մնացածը ցույց կտա ժամանակը: Հավանական է համարել նաև այն, որ ռազմաքաղաքական իրավիճակի հանդարտվելուց հետո այդ մարդկանց մի մասը վերադառնա Ռուսաստան:
Տնտեսագետ Արմեն Քթոյանի խոսքով՝ նման պրակտիկա կա աշխարհի տարբեր երկրներում: Նկատում է՝ Հայաստանի պարագայում կան ռիսկեր, որոնք այլ երկրների դեպքում բացակայում են: Ըստ նրա՝ ներդրումների գրավչությունից բացի պետք է հաշվի առնվի նաև երկրի անվտանգային իրավիճակը։
«Պետք է այդ բոլոր ռիսկերը գնահատել բավարար չափով և նոր այդպիսի որոշում ընդունել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Քթոյանը։
Նրա դիտարկմամբ՝ քաղաքացիությունը միանգամից չի կարող տրվել, ուստի նախագծով սահմանված չափանիշներն իրատեսական են:
«Քաղաքացի դառնալ նշանակում է, որ տվյալ երկրում է գտնվում նաև անձի տնտեսական շահերի կենտրոնը, ինչը շատ բան է ենթադրում. պետք է անշարժ գույք տնօրինես, բնակվես այդտեղ»,- նշել է տնտեսագետը:
Հայաստանի քաղաքացիություն՝ գումարի դիմա՞ց