Հայաստանի տարբեր համայնքներում իշխանափոխությունից հետո էլ բնակիչները շարունակում են պայքարել իրենց իրավունքների համար:
Արարատի ցեմենտի գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերն ու ճիշտ ժամանակին վճարել: Գործարանի աշխատակիցներն ասել են, որ վարձատրությունը քիչ է՝ 60—ից 80 հազար դրամ:
Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատակիցներն էլ գործադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են, որ գործարանի ղեկավարությունն իրենց իրավունքները չոտնահարի:
«Գործարանի ղեկավարությունը խախտում է մեր իրավունքները՝ շատ աշխատացնում են, քիչ աշխատավարձ են տալիս: Ղեկավարները բարձր աշխատավարձ են ստանում, իսկ բանվորները՝ քիչ»,- ասել է աշխատակիցներից մեկը:
Բացի աշխատավարձի բարձրացումից, ոսկու կորզման գործարանի աշխատակիցները պահանջում են սոցիալական փաթեթի տրամադրում:
«Գործարանում աշխատելը վտանգավոր է առողջության համար, մենք թունավոր նյութերի հետ ենք աշխատում: Բայց, երբ հիվանդանում ենք, գնում ենք հիվանդանոց, և եթե բյուլետենի օրերը շատ են լինում, աշխատավարձից են հանում»,- դժգոհել է աշխատակիցներց մեկը:
Գործադուլ են հայտարարել նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները: Նրանք ևս պահանջում են աշխատավարձի բարձրացում։ Կոմբինատի մոտ հավաքված աշխատակիցները ասել են, որ չեն աշխատելու, քանի դեռ աշխատավարձը պայմանագրով չի բարձրացվել:
Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները համաձայնել են բանակցել ղեկավարության հետ: Կոմբինատի տնօրեն Անդրեյ Սինյակովը նշել է, որ կարող է բարձրացնել աշխատավարձերը 30 տոկոսով, բայց մի քանի ամիս հետո ստիպված է լինելու փակել գորժարանը:
Իսկ Երևանում շարունակում են պահանջել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Մայրաքաղաքի բնակիչներն ասել են, որ քաղաքում չլուծված բազում խնդիրներ կան, վանկարկել են՝ «Դեմն առնենք Տարոնի», «Տարոն, հեռացիր»:
«Նա պետք է հեռանա, առանց ամաչելու աթոռը գրկել, նստել է: 15 տարի է՝ պայքարում ենք մեր իրավունքների համար, բայց մեզ լսող չկա»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը: