Հայաստանի վարչապետի տիկինն արցախյան ճակատ կմեկնի
Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 26-ին հայտարարել է, որ զինվորական պարապմունքների կմասնակցի և կմեկնի հայրենիքի սահմանները պաշտպանելու։
Հոկտեմբերի 5-ին որպես կամավորական արցախյան ճակատ է մեկնել նրա որդին՝ Աշոտը։ Նա 2000 թ-ին է ծնվել և միայն վերջերս էր վերադարձել ժամկետային ծառայությունից։
«Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ։ Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։ Մենք ո՛չ հայրենիք, ո՛չ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու», — գրել է 42-ամյա Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում։
Աննա Հակոբյանը «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն է։ Նա նաև հիմնել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն ու նախաձեռնել «Կանայք հանուն խաղաղության» շարժումը։
•Հրադադար Արցախում․ երրորդ հումանիտար դադարը նո՞ւյնպես խախտված է
• Ինչ տեսք ունի պատերազմը խրամատներից։ Տեսանյութ Լեռնային Ղարաբաղից
Հոկտեմբերի 21-ին Աննա Հակոբյանը նամակ է գրել ԱՄՆ, Ֆրանսիայի, Կանադայի, Բրազիլիայի, Լիբանանի, Սինգապուրի, Լիտվայի, Արգենտինայի և Վիետնամի առաջին տիկնանց՝ կոչ անելով «ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որի խաղաղ բնակչությունը ենթարկվում է Ադրբեջանի ագրեսիային»։
Նա գրել է նաև, որ «խնդիր ունի նայելու զինվորների մայրերի աչքերի մեջ և բացատրելու, թե ինչու նրանց որդիներն իրենց կողքին չեն»։
2020 թ-ի սեպտեմբերին Աննա Հակոբյանը մարտական պատրաստության մեկշաբաթյա դասընթաց էր անցել Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում։ Այս մասին հաղորդվում է նրա պաշտոնական կայքում։
Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը չորս երեխա ունեն, մյուս երեքն աղջիկներ են։
Սեպտեմբերի 27-ին մարտերի մեկնարկի առաջին օրը խորհրդարանում ելույթ ունենալիս վարչապետն ասել էր, որ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի։ Ավելի ուշ նա կրկնել է դա ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ և ասել, որ առաջնագիծ չի մեկնում, քանի որ պետք է իր աշխատանքը կատարի։