Հայաստանի վարչապետը պաշտպանում է տրանսգենդեր մարզիկին հասարակության հալածանքից
Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի կառավարության կողմից տրանսգենդեր ծանրամարտիկ Մել Դալուզյանի (նախքան սեռափոխությունը՝ Մելինե) մասին ֆիլմի ֆինանսավորման փաստը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 13-ին խորհրդարանում հայտարարել է, որ ոչինչ չի իմացել կառավարության կողմից ֆիլմի ֆինանսավորման մասին, սակայն այժմ հպարտանում է այդ փաստով։
Հալածանքը մարզիկի նկատմամբ, որը ժամանակին ստիպված է եղել հասարակության կողմից չընդունվելու պատճառով Նիդերլանդներ տեղափոխվել, նոր թափ է առել։ Այս անգամ արդեն՝ ֆիլմի մասին լուրերի առնչությամբ։ Տեղեկություններ են հայտնվել, որ Դալուզյանն այն աստիճանի հուսահատության է հասել, որ պատրաստ է ինքնասպան լինել։ Այդ կապակցությամբ վարչապետը հանրային կերպով հայտարարել է, որ տրանսգենդեր ծանրամարտիկին իր անձնական պաշտպանության տակ է վերցնում։
• ԼԳԲՏ նկատմամբ վերաբերմունք․ Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան և Ռուսաստան․ ամենածանր իրավիճակը
Հանրային քննարկումների սկիզբը
«Մել» ֆիլմի ֆինանսավորման թեման աղմուկ բարձրացրեց բոլոր լրատվամիջոցներում նոյեմբերի ութին։ Այդ ժամանակ հարցը վարչապետի առջև բարձրացրին «Դաշնակցություն» կուսակցության երիտասարդական թևի ակտիվիստները։ Վարչապետը հանդիպել էր նրանց հետ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ցույցի կապակցությամբ։
Այլ առիթներով Արայիկ Հարությունյանի գործունեությունից դժգոհությանը զուգահեռ ցուցարարները վարչապետին բողոքեցին, որ կառավարությունը ֆինանսավորել է «Մել» ֆիլմը։ Դրա համար պետբյուջեից 20 մլն դրամ է տրամադրվել։
Ի դեպ, նախարարության ֆինանսավորումը կազմում է ֆիլմի ընդհանուր արժեքի միայն 14%-ը։
Փաշինյանն այն ժամանակ փորձեց ակտիվիստներին բացատրել, որ նախարարությունը ֆինանսավորել է «ֆիլմի միայն այն հատվածը, որը պատմում է չեմպիոնի մասին»։ Սակայն վարչապետի պարզաբանումը չազդեց ցույցի ակտիվիստների կարծիքի վրա, և նրանք շարունակում են նախարարի հրաժարականի պահանջով իրենց ակցիան։
• Ինչո՞ւ են հարյուրավոր երիտասարդներ Երևանի փողոցներում պահանջում կրթության նախարարի հրաժարականը
«Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է»
Ազգային ժողովում նոյեմբերի 13-ի իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խստորեն քննադատեց նրանց, ովքեր անթաքույց ագրեսիա են արտահայտում Մելի նկատմամբ և ֆիլմի ֆինանսավորման կապակցությամբ։ Սկանդալային քննարկումները վարչապետը համարում է նախորդ իշխանության՝ «լափամաններից զրկվածների պրոպագանդան»։ Իրավիճակն այնքան է սրվել, որ երկրի վարչապետը ստիպված է եղել հայտարարել․
«Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է»։
Նա հիշեցրել է, որ «Մել» ֆիլմը պատմում է մարզիկի մասին, որի ռեկորդը մինչև հիմա ոչ ոք չի գերազանցել և որի շնորհիվ Հայաստանի օրհներգը բազմիցս հնչել է համաշխարհային հարթակներում։
«Մարդն ունեցել է պրոբլեմ, որն ամենևին նորություն չէ մեր իրականության մեջ․․․ Այդ պրոբլեմի մասին իմացել են սկզբից թիմակիցները, հետո մարզիչները, հանրության արձագանքի ու վերաբերմունքի պատճառով մարդը․․․ հասկացել է, որ այդ պրոբլեմը լուծելու միակ ճանապարհը Հայաստանից թողնել, հեռանալն է։
Ժամանակակից աշխարհը հնարավորություն է տալիս, որ այդ պրոբլեմը լուծվի, չնայած որ մարդիկ ասում են, որ եթե Աստված իրեն էդպիսին է ստեղծել… կներեք, բայց մեզ մոտ երեխեք կան, որ սրտի արատով են ծնվել, Աստված իրենց էդպիսին է ստեղծել, եկեք չբուժե՞նք, երեխեք կան, որ կույր են ծնվում, եկեք թողնենք՝ ոնց կան, նենց էլ մնա՞ն»։
Փաշինյանն ասել է, որ եթե նախարարությունը չֆինանսավորեր այդ ֆիլմի նկարահանումը, ինքը՝ որպես Հայաստանի քաղաքացի, կմտածեր, որ երախտամոռ կառավարություն է, որովհետև այս մարդը վաստակ ունի.
«Երբ որ ինքը չեմպիոն է, մենք կկանգնենք, կնկարվենք հետը, երբ պրոբլեմ ունի, մենք քեզ հետ գործ չունե՞նք»։
Մել Դալուզյանի պատմությունը
Այս պատմությունը սկսվել է այն ժամանակ, երբ Գյումրիում ծնված Մելինե Դալուզյանը Հայաստանն է ներկայացրել ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին կանանց հավաքականի կազմում։
Այն բանից հետո, երբ նա դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Մելինեն ստիպված է եղել հեռանալ Հայաստանից։ Մարզիկը մշտական ճնշման տակ է եղել իր սեռական կողմնորոշման պատճառով։
Արդյունքում՝ Նիդերլանդներում տրանսգենդեր Մել Դալուզյանն ապաստան է ստացել և 2016թ-ից բնակվում է Ամստերդամում։
Ի դեպ, այդ նույն 2016թ-ին Հայաստանում նկարահանվել է ԼԳԲՏ համայնքի մասին պատմող «Լսիր ինձ» վավերագրական ֆիլմը։ Դրանում Դալուզյանը պատմել է, որ Հայաստանում բազմաթիվ դժվարությունների է հանդիպել իր սեռական կողմնորոշման պատճառով։
Ինչ վերաբերում է այժմ քննարկվող «Մել» կինոժապավենին, ապա դա միասեռ զույգի սիրո, սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության պատմություն է։ Դա պատմություն է այն մասին, թե ինչպես են արտաքին և ներքին հանգամանքների ազդեցության տակ փոխվում երկու աղջիկների հարաբերությունները։
Ի դեպ, Ամստերդամում Մելն արդեն հասցրել է բարի անուն վաստակել։
2019 թ-ի մայիսին հայտնի է դարձել, որ Դալուզյանը վնասազերծել է գողերի, որոնք Ամստերդամի կենտրոնում փորձել են թալանել սուպերմարկետի դրամարկղն ու սպառնացել են գանձապահին։
«Այդ պահին Մելը, որն անյտեղ էր եկել գնումներ կատարելու, տեսնելով կատարվածը, կանգնեցրել է կողոպտիչներին։ Ոստիկանությունը դեպքի վայր է եկել և ձերբակալել նրանց։ Ցավոք, մինչև ոստիկանության ժամանելը կողոպտիչներից մեկը Դալուզյանին հասցրել է դանակի խորը հարվածներ հասցնել կրծքի և մեջքի շրջանում։ Այնուամենայնիվ, անգամ վիրավորվելուց հետո Մելը հանցագործներին թույլ չի տվել թաքնվել», — գրել է Մելի ընկերներից մեկը նրա ֆեյսբուքյան էջում։
Այդ առթիվ արտահայտվել է նաև Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման․
«Ձեր արարքը հերոսական է։ Հպարտ եմ նրանով, որ Ամստերդամում Ձեր պես բնակիչ կա։ Շնորհակալ եմ, որ կարողացել եք արդյունավետ կանխել դիմակներով և զինված կողոպտիչների օրինազանց գործողությունները։ Արագ ապաքինում եմ մաղթում և վստահեցնում, որ քաղաքապետարանը պատրաստ է անհրաժեշտ ամեն ինչով օգնել Ձեզ»։
Քննարկումները շարունակվում են
Թվիթերի իր էջում Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն աջակցություն է հայտնել Մել Դալուզյանին․
«Ես անձամբ Նիկոլ Փաշինյանին ծանոթ չեմ․․․ Նրա այսօրվա ելույթին ծափահարում եմ և հայտարարում․ Մել Դալուզյանը նաև իմ անձնական պաշտպանության ներքո է։ Մարդի՛կ, մարդ եղեք»։
Իսկ ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում այլ կարծիք է արտահայտել․
«Հայաստանի հանրապետության վարչապետը, կողմ է՝ տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանմանը և չաջակցումը համարում է խայտառակություն: Էս ուր ենք հասել, ժողովուրդ: Դա նորմալ է, հա՞, ըստ իս չէ, ու չի էլ կարող երբեք լինել նորմալ, քանի որ դա դեմ է մեր ազգի էթնիկ և բարոյական արժեհամակարգին»:
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Ֆեյսբուքի հայկական տիրույթի օգտատերերը նույնպես երկու ճամբարի են բաժանվել։ Ահա մի քանի մեկնաբանություն․
«Մարդը մարդ է մնում։ Եվ կան հիվանդ մարդիկ։ Եվ նրանք շատ են։ Երբեք չի կարելի մարդկանց պիտակավորել, թե ով ինչպիսին է։ Ասում են․ մի՛ դատիր, որ չդատվես…»։
«Այդ մարդը, լինելով Մելինե Դալուզյան, հայրենիքի դրոշը մի անգամ չէ, որ բարձրացրել է, իսկ լինելով Մել Դալուզյան, չի վախեցել հանցագործի կասեցնել և դանակի հարվածներ ստանալ։ Այդ մարդուն հանգիստ թողեք»։
«Շեշտը սխալ է դրվում․․․ Պետք է ֆիլմ նկարել չեմպիոնների մասին, այլ ոչ թե նրանց խնդիրների մասին։ Հրաշալի ֆիլմ կա Չայկովսկու, նրա աստվածային տաղանդի, բայց ոչ նրա հիվանդագին խնդրի մասին։ Ի վերջո, ի՞նչն եք գովերգում՝ հիվանդությո՞ւնը, թե՞ ձեռքբերումը»։
«Երբ այսպիսի թեմաներ է քննարկում վարչապետը՝ ելույթ ունենալով Ազգային ժողովի ամբիոնից, շատ եմ ուրախանում։ Դա նշանակում է, որ մեր երկրում էլ ոչ մի խնդիր չկա․ մեր բոլոր խնդիրները, պարզվում է, արդեն «լուծված» են»։
«Ձեր հոգին սատանային մի վաճառեք։ Աստվածաշունչը դեմ է դրան։ Իսկ մենք աշխարհի առաջին քրիստոնյաներն ենք։ Եվ պետք չէ դա համեմատել քաղցկեղի և կուրության հետ»։
«Նման խնդիրներով մարդիկ բոլոր ժամանակներում էլ եղել են։ Սակայն ինկվիզիցիայի ժամանակ նրանց վհուկներ էին անվանում և այրում խարույկի վրա։ Այսօր ֆիզիկապես չեն այրում, բայց Լինչի դատաստան են տեսնում բարոյապես, երբեմն էլ կարող են երեքով-չորսով հարձակվել և ծեծել, եթե զգան, որ չեն պատժվի։ Այո, հեռու չենք գնացել ինկվիզիցիայի ժամանակներից, բայց չէ՞ որ սա 21-րդ դարն է, ոչ թե 16»։