Հայաստանի վարչապետը հայտարարել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին
Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը պատմական հնարավորություն է: Հայկական լրատվամիջոցները մեջբերում են Թուրքիայի Հանրապետական ժողովրդական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Մուստաֆա Սարիգյուլի տեսանկյունը.
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրենք պատրաստ են առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Հայաստանի մեկնած ձեռքը պատմական հնարավորություն կարելի է համարել»:
Թուրքագետ Աստղիկ Իգիթյանը JAMnews-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունը, որը հնչել է Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում, շարունակում է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում գտնվել, թեև հրապարակվել է մի քանի օր առաջ.
«Գրեթե բոլոր հայտնի պարբերականներն անդրադարձել են հայ-թուրքական հարաբերություններին և հաղորդել Փաշինյանի հայտարարության մասին: Դրանք հիմնականում լրատվական բնույթի նյութեր են, սակայն վերնագրերում վերաբերմունք է երևում: Օրինակ, «Կարևոր ուղերձ Հայաստանից» կամ «Անսպասելի հայտարարություն Հայաստանից»: Սակայն, պաշտոնական արձագանք չկա: Այն, հնարավոր է, ավելի ուշ լինի՝ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա»:
Թուրքագետն ուշադիր հետևում է հարևան երկրում տիրող իրավիճակին և ասում է, որ Մուստաֆա Սարիգյուլի դիրքորոշումը դուր չի եկել սոցցանցերի թուրք օգտատերերից շատերին.
«Մեծ մասը շատ կոշտ է արձագանքել: Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հակառակորդներն ասում են, որ սկզբում պետք է լուծել Ղարաբաղի հարցը»:
Այն, որ Երևանի և Անկարայի հարաբերությունները պայմանավորված են երրորդ երկրով, խոստովանում է նաև Նիկոլ Փաշինյանը: Այնուամենայնիվ, այդ նույն հարցազրույցում արված այլ արտահայտություններից դատելով՝ Հայաստանի վարչապետը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել.
«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակել է Թուրքիան, Հայաստանի կողմից այն կարելի է համարել ոչ փակ»:
Փաշինյանը խոսել է նաև այլ հանգամանքի մասին, որը խանգարում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը.
«Մեզ համար շատ կարևոր է Հայոց ցեղասպանության [խոսքը գնում է նախորդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների մասին — JAMnews] միջազգային ճանաչումը, և Հայաստանն այժմ ցեղասպանությունների դեմ պայքարում առաջամարտիկներից մեկն է: Ցեղասպանության հարցը Հայաստանի համար ոչ այնքան հայ-թուրքական հարաբերությունների, որքան ցեղասպանության դեմ գլոբալ պայքարի հարց է»: