Հայաստանի վարչապետը ստացել է եվրոպական գործընկերների հավաստիացումը՝ աջակցել բարեփոխումներին
Հայաստանը կշարունակի մասնակցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանն ու կնպաստի խաղաղության և անվտանգության ապահովմանը: Այս մասին Հայաստանի վարչապետը հայտարարել է Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների և Աֆղանստանում «Վճռորոշ աջակցություն» առաքելության գործընկերների հանդիպմանը: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանը կշարունակի մասնակցությունն առաքելությանը մինչև 130 զինծառայող ռազմական կոնտինգենտով.
«Խաղաղ գործընթացը պահանջում է կառուցողական մոտեցում և բոլոր կողմերի դիրքորոշումների քննարկում: Հետևաբար, մենք պետք է համախմբենք միջազգային հանրության ջանքերը բացառապես խաղաղ կարգավորման հասնելու համար, ինչն անչափ կարևոր է եվրոպական անվտանգության համար ընդհանուր առմամբ»:
Բրյուսել կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է եվրոպացի մի շարք գործընկերների և ստացել նրանց հավաստիացումը աջակցել Հայաստանում ընթացող բարեփոխումներին:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Փաշինյանի հետ զրույցում հայտարարել է.
«Ես միշտ Հայաստանի բարեկամն եմ եղել: Հայաստանում կատարվածն առանձնահատուկ էր և, ես կասեի, շատ եվրոպական: Ձեր օրինակը շատ խոստումնալից էր, և կարող եք ակնկալել Եվրամիության աջակցությունը բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին»:
Եվրահաձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ ԵՄ-ը ոգևորված է Հայաստանում տեղի ունեցող խաղաղ և ժողովրդավարական իրադարձություններով և պատրաստ է օգնել բարեփոխումների անցկացմանը:
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում վստահեցրել է.
«Դուք կարող եք մեզ վրա հենվել Ձեր նախաձեռնած արմատական բարեփոխումների ճանապարհին՝ օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով: Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունն ունենալու է պայծառ ապագա»:
«Կարնեգի» հետազոտական կենտրոնի փորձագետների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը պատմել է «թավշյա» հեղափոխության մասին, որը տեղի է ունեցել Հայաստանում երկու ամիս առաջ:
«Մենք հաղթահարել ենք մեր սեփական վախերը և իրագործել սիրո և համերաշխության հեղափոխություն՝ վերացնելով ինքնավերարտադրվող իշխանությունը` դրանով ինքներս մեզ և աշխարհին հայտարարելով, որ երբեք էլ թույլ չենք տա, որ մեկ անձը որոշում կայացնի բոլորի անունից: Հայաստանի քաղաքացին հաղթահարել է այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսիք են կոռուպցիան, անարդարությունը, ոչ արդյունավետ կառավարումը: Մենք գտնվում ենք արագ փոփոխությունների օգնությամբ ավելի բարգավաճ, ներառական և արդիականացված Հայաստան կերտելու նոր փուլում»:
Փաշինյանն ընդգծել է, որ հայկական հեղափոխությունն աշխարհաքաղաքական համատեքստ չունի, և Հայաստանի արտաքին քաղաքականությունում կտրուկ փոփոխություններ չեն լինելու.
«Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ [գործում է Ռուսաստանի հովանու ներքո — JAMnews] և ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար: Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը նոր էջ է բացել ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում: Դրա արդյունավետ իրականացումը կնպաստի ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանը, ավելի լավ ներդրումային միջավայրի ստեղծմանը, գործարարության կայունության և կանխատեսելիության մակարդակի բարձրացմանը»:
Քաղաքագետ Արման Նավասարդյանը JAMnews-ի հետ զրույցում մեկնաբանել է Փաշինյանի այցի արդյունքները.
«Սա նոր կառավարության առաջին քայլն է արտաքին քաղաքականության իրականացման ճանապարհին: Եվ այդ սկիզբը շատ հաջող է: Ավելի քան 10 հանդիպում է նախատեսված եղել, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ: Դա փոքր երկրների համար հնարավորություն է: Եվ Փաշինյանն արժանացել է այդ հանդիպումներին՝ շնորհիվ այն փոփոխությունների, որոնք տեղի են ունեցել Հայաստանում»: