Հայաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է ընդդիմադիր ուժերի դիմումը, որը վերաբերում է անցած տարի Վանաձորի ավագանու ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին:
Վանաձորի ավագանու Հայաստանի հանրապետական կուսակցության և Դաշնակցության 15 ներկայացուցիչները՝ լինելով փոքրամասնություն, ընտրություններից հետո ավագանու նիստեր են գումարել և որոշումներ կայացնել: Իսկ ավագանու երեք ընդդիմադիր ուժերը՝ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և ԲՀԿ կուսակցությունները, որոնք կազմել են ավագանու մեծամասնությունը, նիստերին չեն մասնակցել: Այսպիսով նիստերը գումարելու համար, ընդդիմադիրների պնդմամբ, չէր կարող լինել անհրաժեշտ քվորում:
Հարցին սահմանադրական լուծում տալու համար նրանք դիմել էին Սահմանադրական դատարան, որը բավարարել է դիմումը և անցկացված նիստերն ու կայացրած որոշումները ճանաչել հակասահմանադրական:
Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Քրիստ Մարուքյանն դատական բարձր ատյանի կողմից կայացված որոշումը հաղթանակ է համարում.
«Երբ մենք դիմում էինք Սահմանադրական դատարան, մեզ բոլորը հարցնում էին, թե ի՞նչ հույսով եք դիմում, որովհետև չեմ հիշում, որ նախկինում ընդդիմության հայցերը բավարարվեին: Բայց եղավ այն, ինչ եղավ: Սա նախադեպային է»:
Նույն կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ հայտարարել է, որ ՍԴ որոշումից հետո քաղաքի ավագանին կամ պետք է լուծարվի և հայտարարվեն նոր ընտրություններ, կամ էլ Վանաձորի քաղաքապետը հրաժարական տա և գործող ավագանին ընտրի նոր քաղաքապետ:
Այնինչ, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը համարում է, որ օրակարգում չկա ավագանու լուծարման հարց և Սահմանադրական դատարանի որոշումն ամենևին էլ չի նշանակում, թե ինքը պետք է հրաժարվի պաշտոնից:
«Սահմանադրական դատարանը բարձր դատարան է, այսօրվա կայացրած որոշումը պատրաստվում ենք իրականացնել օրենսդրական փոփոխութունների միջոցով»,- ասել է նա՝ չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի:
Մամիկոն Ասլանյանը Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, Վանաձորի ավագանում այս կուսակցությունը փոքրամասնություն է կազմում: Ասլանյանի ընտրությունը քաղաքապետի պաշտոնում, ընդդիմադիր գործիչների բնութագրմամբ, «առեղծվածային» է՝ հետևաբար, նրան չի կարելի համարել լեգիտիմ քաղաքապետ:
Ընտրություններից հետո ձևավորված ավագանին, օրենքի համաձայն, ընտրել է քաղաքապետ: Մինչև ընտրությունը, ընդդիմադիր երեք ուժերը, որոնք ունեցել են 18 ձայն, ստորագրել են հուշագիր և պարտավորվել իրենց ձայնը տալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանին: Սակայն, ընտրության օրը, Քրիստ Մարուքյանը 18 ձայնի փոխարեն ստացել է 14 ձայն, իսկ մյուս թեկնածուն, Մամիկոն Ասլանյանը, 4 ձայն ավել է ստացել ու ընտրվել քաղաքապետ: Ընդդիմությունը մեկ տարի անց չի խոստովանում, թե ով է խախտել հուշագիրն ու ձայն տվել մրցակից թեկնածուին: