Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը՝ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում
Հայաստանում չեն հանդարտվում Սահմանադրական դատարանի շուրջ կրքերը։ Փորձագետները կարծում են, որ իշխանությունները քայլեր են ձեռնարկում բարձրագույն դատարանի նախագահին պաշտոնանկ անելու համար։ Դեկտեմբերի 27-ին Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել «ծառայողական լիազորությունների չարաշահման համար, որն անզգուշաբար հանգեցրել է ծանր հետևանքների»։
Թովմասյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքն ու հրաժարվում է ցուցմունք տալ։ Նա կատարվածը դատարանի և անձամբ իր վրա ճնշում է համարում։
Քաղաքական ուժը, որն իշխանության է եկել «թավշյա» հեղափոխությունից հետո, Հրայր Թովմասյանին ասոցացնում է «նախկինների» հետ, նրան անընդունակ համարում արդար և օրինական որոշումներ կայացնելու նոր, հետհեղափոխական իրականությունում։ Եվ չի թաքցնում իր այդ վերաբերմունքը։
Քննիչը Հրայր Թովմասյանից երկրից չբացակայելու մասին ստորագրություն է վերցրել։ Ընդ որում նա դեռ կշարունակի կատարել իր լիազորությունները։
• Հայաստանի խորհրդարանը մտադիր է պաշտոնանկ անել Սահմանադրական դատարանի ղեկավարին
• «Հայաստանի բանտերում արտոնյալ բանտարկյալներ կան»
Գործի մանրամասները
Դեկտեմբերի 26-ին Հրայր Թովմասյանի փաստաբանը հաղորդել է, որ նա հարցաքննվելու է Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից։
«Ենթադրում եմ, որ [խոսքը] որպես վկա հարցաքննության մասին է, որովհետև Սահմանադրական դատարանի մասին օրենքի իրավակարգավորումները հաշվի առնելով՝ այդտեղ խոսքը գնում է քրեական հետապնդման մեջ չգտնվող Սահմանադրական դատարանի դատավորի մասին, իսկ քրեական հետապնդման մեջ չգտնվող անձը վկա է։։ Որպես վկա անձեռնմխելիության խնդիր չի կարող առաջանալ», — հայտարարել է Ամրամ Մակինյանը։
Սակայն դեկտեմբերի 27-ին Սահմանադրական դատարանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել։
Թովմասյանը հարցաքննվել է դատարանում, որը նա դեռևս գլխավորում է։
Հարցաքննությունից հետո Թովմասյանը հաղորդել է, որ մեծապես զարմացրել է քննիչին․
«Քննիչն ասել է, որ իր կյանքում չի տեսել մի մեղադրյալի, որն այսպիսի լավ տրամադրություն ունի: Ինձ 6 ամիս առաջ զգուշացրել էին, որ մեղադրանք կառաջադրվի, եթե հրաժարական չտամ։ Այս ամբողջի մասին մի օր կխոսեմ, բայց այսօր հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալ»։
Սահմանադրական դատարանի նախագահը հայտարարել է, որ մեղադրանքն իր կյանքում ոչինչ չի փոխել․
«Ես շարունակելու եմ կատարել Սահմանադրական դատարանի ղեկավարի իմ լիազորությունները։ Գաղտնիք չէ, որ վերջին 6-7 ամիսներին ՍԴ-ն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո: Այդ ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, այսօրվա մասին սպառնալիքներ էին, այլ կոնկրետ բռնության կոչեր ու դրանց դրսևորումներ էին։
Այդուհանդերձ, ՍԴ-ն աշխատել է առանց խոչընդոտի, ընդունել այնպիսի որոշումներ, որոնք ելակետային են լինելու ՀՀ իրավական համակարգի հետագայի համար: Եթե խաղաղ ժամանակահատվածում դուք հերոսներ եք ման գալիս, ապա այդ հերոսներն այս շենքում նստած աշխատում են»։
Գործի մանրամասները
Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղարը հաղորդել է, թե կոնկրետ ինչ «քեյսով» է անցնում Թովմասյանը։ Խոսքը մի քրեական գործի մասին է, որում որպես մեղադրյալ ներգրավված է նաև նրա սանիկ Նորայր Փանոսյանը։ 2011-2014 թթ-ին նա զբաղեցրել է արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը։ Իսկ Հրայր Թովմասյանն այդ նույն տարիներին զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը։
Քննությունը պնդում է, որ Թովմասյանի մեղքի ապացույցներ ունի։ Իսկ նա մեղադրվում է այն բանի համար, որ սանիկի հետ նախնական պայմանավորվածությամբ՝ օգտագործելով պաշտոնեական դիրքն ու սպառնալով հեռացմամբ
• երկու նոտարների թույլ չի տվել իրենց աշխատանքային տարածքները գրանցել անհատույց օգտագործման, որի անվիճելի իրավունքը նրանք ունեցել են;
• պայմանավորվել է արդարադատության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ, որոնք այդ տարածքների վաճառքի շինծու աճուրդներ են կազմակերպել շուկայականից զգալի ցածր գներով։
Դա զգալի վնաս է հասցրել պետությանը, քանի որ տարածքները պատկանում էին Երևանի քաղաքապետարանին, որը եկամուտ չի ստացել։
Հաղորդվում է նաև, որ Թովմասյանը մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այդ թանկարժեք գույքը ձեռք է բերել այլ անձի անվան տակ։ Բացի այդ, այդ տարածքները վարձակալկությամբ հանձնել է հենց այդ նոտարներին ամսական 800 հազար դրամով։ Ընդհանուր առմամբ, այդ գործարքից նա ստացել է 11.200.000 դրամ։
Ինչպես հաղորդում են քննչական մարմինները, 2012-2014 թթ-ին, կրկին չարաշահելով իր դիրքը, Թովմասյանը Նոտարական պալատին ստիպել է իր համար շահեկան պայմաններով վարձակալել իրեն պատկանող գրասենյակային տարածքները։ Ընդ որում, դրանք օգտագործման համար պիտանի չեն եղել։ Ընդհանուր առմամբ, Նոտարական պալատի հետ այդ գործարքից Թովմասյանը ստացել է 10.020.000 դրամ (մոտ 21 հազար դոլար)։ Սա Թովմասյանին ներկայացված մեղադրանքի երկրորդ դրվագն է։
Նրա սանիկն այս գործով կալանավորվել է հոկտեմբերին, նոյեմբերին Վերաքննիչ դատարանը վճռել է ազատ արձակել Նորայր Փանոսյանին «հիմնավոր կասկածի բացակայության հիման վրա»։
Զուգահեռ գործընթացներ
Վերջին ժամանակներս հայկական լրատվամիջոցներն ու փորձագետները բուռն քննարկում էին «Սահմանադրական դատարանի դատավորների համար վաղաժամկետ կենսաթոշակային համակարգի ներդրման մասին» օրինագիծը։ Թովմասյանին քրեական գործով մեղադրանք առաջադրելուց մեկ օր առաջ Հայաստանի նախագահը ստորագրել է այդ օրենքը։
• Ինչպե՞ս են ընդունել խորհրդարանում «դատավորներին օրինական կաշառքի» մասին օրենքը
Ըստ դրա, եթե երկրի բարձրագույն դատարանի դատավորներն, այդ թվում նախագահը, օրենքն ընդունելուց հետո երկու ամսվա ընթացքում հրաժարական տան, կստանան կենսաթոշակ՝ տվյալ պաշտոնը զբաղեցնելու ժամկետի ավարտին իրենց աշխատավարձի չափով։ Խոսքն ամսական ավելի քան երկու հազար դոլարի մասին է։
Խոհրդարանում օրենքն ընդունվել է՝ միայն շնորհիվ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ձայների։ Ընդդիամդիր խմբակցությունները դեմ են արտահայտվել։ Նրանք հայտարարել են, որ իշխանությունները սխալ ճանապարհ են ընտրել։ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու փորձերն ընդդիմադիրները համարում են հակասահմանադրական և քաղաքական ենթատեքստ ունեցող։ Կենսաթոշակների մասին նախագիծը ոչ միայն խորհրդարանում, այլև հասարակությունում «օրինական կաշառք» են անվանում։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վերջին իրադարձությունների առնչությամբ կրկին ստիպված էր պարզաբանել օրենքը․
«Ինչո՞ւ են անընդհատ խոսում «անպատեհ առաջարկի» մասին։ Որպեսզի մարդիկ, որոնք կարող են ինքնակամ միմյանց ձեռք սեղմել և հեռանալ, իրենց ճնշվա՞ծ զգան։ Նրանք օգտագործում են լրատվամիջոցներն ու ցանկացած հնարավորություններ՝ ընդգծելու համար, որ սա «անպատեհ առաջարկ է», և նրանք, ովքեր կհամաձայնեն դրան, կզրկվեն բարի անունից, հեղինակությունից և մնացածից»։
Նախարարը հույս ունի, որ Սահմանադրական դատարանի դատավորները ճնշման չեն ենթարկվի և, այնուամենայնիվ, կընդունեն վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու առաջարկը։
Ինչո՞վ է հայտնի Հրայր Թովմասյանը
Հայաստանում ոչ միայն իշխող կուսակցությունն է ասոցացնում Հրայր Թովմասյանին նախկին իշխանության հետ, այլև հասարակ շատ քաղաքացիներ։
Նա Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ էր և մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել։
Թովմասյանը հայտնի է նրանով, որ 2015թ-ին սահմանադրական փոփոխությունների տեքստի հեղինակն է եղել։ Դեկտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքում հաստատվեցին այդ փոփոխությունները, և Հայաստանը կառավարման նախագահական համակարգից անցավ խորհրդարանականի։
Այն ժամանակ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մտադիր չէ այլևս երկրի բարձրագույն պաշտոններին հավակնել։ Սակայն արդեն 2018թ-ի ապրիլին, երբ խորհրդարանական մեծամասնությունն իր առաջնորդ Սերժ Սարգսյանին ընտրեց որպես նոր վարչապետ, հաստատվեց կրկին իշխանությունում հայտնվելու նրա ցանկությունը։
Սահմադրական փոփոխություններից առաջ նա արդեն երկու ժամկետ նախագահի պաշտոնը զբաղեցրել էր և չէր կարող երրորդ անգամ հավակնել դրան։ Փոփոխությունները նրան հնարավորություն տվեցին իշխանության վերադառնալ՝ այժմ արդեն որպես վարչապետ, այսինքն՝ կրկին երկրի կառավարման բարձրագույն պաշտոնում։
Նա հրաժարական տվեց իր ընտրվելուց մի քանի օր անց՝ 2018թ-ի գարնանը տեղի ունեցող «թավշյա հեղափոխության» օրերին փողոց դուրս եկած մարդկանց ճնշման տակ։
Դրա առաջնորդ Փաշինյանի խոսքով՝ Թովմասյանը Սահմանադրության տեքստը գրել էր «Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելով․․․, որպեսզի Սահմանադրական դատարանի նախագահ մնա մինչև 2035թ․»։
«Մեզ պետք է ուրիշ Սահմանադրական դատարան։ Ստացվում է, որ․․․ Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի և Գագիկ Հարությունյանի [ՍԴ նախկին ղեկավար – JAMnews] օգնությամբ սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը ինչպես մի նոտարական գրասենյակ։ Եվ այսօր մենք ունենք իրողություն, որ ունենք 2019 թվականի Հայաստան, բայց, ըստ էության, ունենք 1995-ի Սահմանադրական դատարան», – հայտարարել էր Փաշինյանը։