Հայաստանի պետական պարտքը՝ «ծա՞նր բեռ է, թե՞ թեթև»
Հայաստանի պետական պարտքը
Հայաստանի պետական պարտքը նախորդ տարի գերազանցել է 10 միլիարդ դոլարը։ Վարչապետ Փաշինյանի գնահատմամբ՝ դա թեթև բեռ է։ Տնտեսագետ Նարեկ Կարապետյանը ևս կարծում է՝ 2022 թ․-ին Հայաստանը «բավականին լավ դինամիկա» է ունեցել։
«Ճիշտ է՝ 10 միլիարդը գերազանցել ենք, բայց անցյալ տարվա ընթացքում մեր պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 60,3 տոկոսից նվազել է մինչև 46,7 տոկոս»,- նշել է նա ու հավելել, որ զարգացող երկրների դեպքում այդ ցուցանիշը միջինում 60 տոկոս է։
Factor TV-ի հետ զրույցում Կարապետյանը պարզաբանել է՝ պարտքի այս չափը շա՞տ է, թե՞ քիչ, ո՞ր դեպքում կարող է լինել անհանգստացնող հանգամանք։
Վարչապետի հայտարարությունը և փորձագիտական կարծիք այդ առնչությամբ
«Հայաստանը թեթև պարտքային բեռ ունեցող երկիր է»
Օրերս նման հայտարարություն էր արել երկրի վարչապետն ու ընդգծել, որ պարտքը շատ թեթև է երկրի համախառն ներքին արդյունքի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2022 թ․-ին էականորեն նվազել է՝ կազմելով 46.7 տոկոս։
«Երկրները դասակարգվում են թեթև, միջին ու մեծ պարտք ունեցողների: Հայաստանն իր տնտեսական աճի շնորհիվ վերստին դասվում է թեթև պարտք ունեցողների շարքին»,- նշել էր Փաշինյանը:
Վարչապետի գնահատմամբ՝ պարտքի կշիռն էականորեն նվազեցնելով՝ երկիրը դիմակայունության մեծ պաշար է կուտակել:
«Խնդիրը պարտքը չէ, խնդիրն այն է, թե պարտքն ինչպես ենք օգտագործում մեր տնտեսական աճի պոտենցիալը մեծացնելու համար»,- ասել էր վարչապետն ու կարևորել, որ որպես պարտք ներգրավված գումարներն ուղղվեն կապիտալ ներդրումների իրականացմանը։
Փորձագիտական կարծիք
«Ամբերդ» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Նարեկ Կարապետյանի դիտարկմամբ՝ պարտքի նշված չափն «ընդունելի թիվ» է, ընդ որում նաև երկրի օրենսդրության համատեքստում։ Նրա փոխանցմամբ՝ կան հարկաբյուջետային կանոններ, որոնցով սահմանվում է՝ որն է Հայաստանի համար ընդունելի պարտք և որը՝ շատ։
Ասում է՝ կա պարտք/ՀՆԱ հարաբերակցության երեք գիծ՝ 40, 50 և 60 տոկոսը, որոնց դեպքում պետությունը ձեռնարկում է համապատասխան քայլեր։ Արժույթի միջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը 70 տոկոսը գերազանցող պարտքը համարում են բարձր ռիսկային։
«Երբ պարտքը գերազանցում է 40 տոկոսը, որոշակի ծախսային քաղաքականություն պետք է իրականացնենք, ամենաքիչը այնքան կապիտալ ծախս անենք, որքան նոր պարտք ենք ներգրավում։ Դա ենթադրում է, որ պարտքը ստեղծում է համապատասխան ծավալի ակտիվներ, որոնք հետագայում հնարավորություն կտան այդ պարտքը ֆինանսավորել»,- նշել է նա։
Կարապետյանի խոսքով՝ 50 տոկոսից հետո կառավարությունը պետք է զսպի ընթացքիկ ծախսերի վարքագիծը, այսինքն՝ աշխատավարձերն ու թոշակները պետք է բարձրանան այն տեմպով, ինչ տեմպով աճում է երկրի ՀՆԱ-ն վերջին տարիներին։
Երրորդ՝ 60 տոկոսի գիծը հատելուց հետո կանոնները խստանում են։ Կառավարությունը ներկայացնում է առաջիկա 5 տարում պարտքը նվազեցնելու ծրագիր, որն ունի «առանձին փաստաթղթի կարգավիճակ»։
Տնտեսագետի գնահատմամբ՝ Հայաստանի պարտքի նվազումը սպասվածից ավելի դրական տնտեսական զարգացումների և դրամի արժևորման հետևանք է։
Նկատում է՝ պարտքի բեռից բացի ռիսկերի ինդիկատոր են նաև պարտքի տոկոսադրույքն ու ժամկետը, ընդհանուր առմամբ՝ պարտքի ներգրավման պայմանները։ Նրա խոսքով՝ տնտեսագետները դիտարկում են պարտքի տոկոսադրույքի և տնտեսական աճի համադրելիությունը․
«Պարտքի տոկոադրույքը պետք է ավելի ցածր լինի, քան տնտեսական աճի տեմպը, որպեսզի պարտքը միջնաժամկետ և երկարաժամկետ հորիզոնում կառավարելի լինի։ Երբ պարտքի տոկոսադրույքը ավելի ցածր է, քան տնտեսական աճը, պարտքն ավտոմատ կերպով նվազող վարքագիծ կունենա»։
Անդրադառնալով Հայաստանի տնտեսության վրա ռուս-ուկրաինական պատերազմի դրական ազդեցությանը՝ Կարապետյանը նշել է, որ եղել է հսկայական ներհոսք՝ մոտ 1 մլրդ դոլար, բայց այն «չի տեղաբաշխվել տնտեսության իրական հատվածում»։ Ասում է՝ փող եկել է, բայց կապիտալ չի ստեղծվել․
«Մի մասը բանկերը տեղաբաշխել են իրենց օտարերկրյա հաշիվներին։ Մեկ այլ մաս Հայաստանի տնտեսությունում է մնացել նորից բանկերի համար՝ որպես լրացուցիչ իրացվելիություն։ Մի մասը ներդրվել է պետական պարտատոմսերի շուկայում։ Տնտեսության իրական հատված այդ գումարների մեծ մասն ուղղակիորեն չի մտել։ Ոչ ամբողջությամբ ենք կարողացել այդ միջոցները ռեալիզացնել»։
Տնտեսագետի կարծիքով՝ կարևոր են ինչպես համապատասխան ենթակառուցվածքները, այնպես էլ տնտեսության կարողություններն ու ներդրումներ կլանելու ունակությունը։
«Մեր տնտեսության կարողությունները ոչ ամբողջությամբ են բավարար շեշտակի ներդրումներ կլանելու համար, չնայած դրա հնարավորությունները ֆինանսների տեսքով կարող են լինել, ինչպես կային նախորդ տարի»,- ամփոփել է փորձագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստանի պետական պարտքը