Հայաստանի նախագահը չի՞ ուզում «անգլիական թագուհի» լինել։ Նա առաջին անգամ չի ստորագրել խորհրդարանի ընդունած օրինագծերը
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը փաստացի մարտահրավեր է նետել երկրի խորհրդարանին։ Փետրվարի 6–ին նախագահը հրաժարվել է ստորագրել Ազգային ժողովի կողմից արդեն ընդունված օրենքների լրամշակումները։
Արմեն Սարգսյանը կասկածել է լրամշակումների սահմանադրականության վրա, որոնք կատարվել են երկու օրենքներում, և Սահմանադրական դատարան դիմել այդ հարցը պարզելու համար։
Դա բավականին անսպասելի էր ինչպես խորհրդարանականների, այնպես էլ ողջ հասարակության համար։
Բանն այն է, որ խորհրդարանական կառավարման համակարգին երկրի անցումից հետո նախագահն այլևս նախկին լիազորությունները չունի, պետության ղեկավարն այժմ վարչապետն է։ Իսկ նախագահի պաշտոնն ավելի շատ ներկայացուցչական բնույթ է կրում։
2019 թ–ի վերջին GALLUP International ընկերության անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքների համաձայն՝ նախագահ Սարգսյանը ճանաչվել է ամենապոպուլյար քաղաքական գործիչներից մեկը։
JAMnews–ի համար մեկնաբանելով այդ վարկանիշը, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, մասնավորապես, ասել է․
«Արմեն Սարգսյանն իր դիրքորոշումը չի հայտնում ոչ մի քաղաքական հարցի վերաբերյալ, ոչ մեկի հետ բախում չի ունենում և ոչ չի նեղացնում։ Հետևաբար, նրան չսիրելու պատճառները քիչ են»։
Ի՞նչ է ի վերջո տեղի ունեցել։
• Սկանդալը Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ միջազգային հնչեղություն է ստանում
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն առաջին անգամ է օգտվել իր իրավունքից և չի ստորագրել խորհրդարանի ընդունած փոփոխություններն ու լրամշակումները, որոնք կատարվել են «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում և «Քրեական դատավարության օրենսգրքում»։ Այս մասին ասվում է նրա պաշտոնական կայքում։
Մինչ այս օրենքը թույլ էր տալիս բանկային տվյալներ ստանալ միայն կասկածյալ կամ մեղադրյալ քաղաքացիներին վերաբերյալ։ Եթե խորհրդարանի առաջարկած լրամշակումներն օրենք դառնան, քննչական մարմինների համար հասանելի կլինեն այն անձանց հաշիվները, որոնք կապված են կասկածի տակ գտնվող անձանց հետ։
Նախագահը համոզված չէ, որ նման փոփոխությունները համապատասխանում են Սահմանադրությանը։ Այդ հարցը պարզելու համար էլ նա դիմել է Սահմանադրական դատարան։
Փորձագետներ․ «Նախագահն իրավացի է, լրամշակումները կարող են վտանգավոր լինել տնտեսության համար»
Խորհրդարանում լրամշակումների քննարկման ընթացքում շատ տնտեսագետներ դեմ են արտահայտվել օրենքում նման փոփոխություններ կատարելուն, քանի որ դա վտանգավոր է ֆինանսատնտեսական համակարգի համար։
«Եթե օրենքը մշտապես գործի, այն կարող է կրճատել ներդրումների առանց այն էլ թուլացած հոսքը», – կարծում է Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցացիայի փոխնախագահ, Հայաստանի բանկերի միության նախկին ղեկավար Սամվել Ճզմաչյանը։
Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ առաջարկվող փոփոխությունները կարող են երկրի կապիտալի արտահոսք առաջացնել։
Այլ կարծիք էլ կա։ Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ բանկային գաղտնիքի բացահայտման համար լուրջ հիմնավորումներ են անհրաժեշտ, սակայն որոշ դեպքերում դա ընդունելի է, օրինակ, «երբ հարցի լուծման այլ տարբերակներն արդեն անհնար են»։
«Ոչ մի երկիր չէր կարողանա մտնել կոռուպցիայի դեմ պայքարող երկրների առաջին կամ երկրորդ տասնյակի մեջ, եթե նման հնարավորություն չլիներ՝ բացահայտելու լուրջ ապացույցներ ներկայացնող կամ կասկած հարուցող բանկային հաշիվները», – ասել է Մանասերյանը։