«Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ առաքելության մուտքը ԼՂ»․ Հայաստանի ՄԻՊ
Հայաստանի ՄԻՊ-ը՝ Լաչինի միջանցքի արգելափակման մասին
«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք, որն արգելափակված է արդեն 17-րդ օր»,- Twitter-ում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։
Նրա գնահատմամբ՝ հարցի վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու միակ միջոցը դա է։ Օմբուդսմենը հիշեցրել է՝ միջանցքով այս օրերին տեղաշարժվել են միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաները, ինչը նշանակում է, որ շրջափակումը շարունակվում է։
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 120 հազար մարդ, որից 30 հազարը երեխաներ են, գտնվում են շրջափակման մեջ՝ հումանիտար աղետի եզրին։ Հայաստանից օրական 400 տոննա սննդամթերք ու դեղորայք էր գալիս այստեղ, ինչը անհնարին է դարձել շրջափակումից հետո։ Սնունդը, դեղորայքն ու վառելիքը սպառվում են։
Ադրբեջանական կողմը պնդում է, թե ճանապարհը փակ չէ՝ հրապարակելով այնտեղով անցնող մեքենաների լուսանկարներ։ Մինչ այս պահը, սակայն, ռուս խաղաղապահներից բացի միջանցքով անցել է միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որի շնորհիվ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հինգ քաղաքացի Երևան են տեղափոխվել և Հայաստանից մոտ 10 տոննա բեռ է մուտք գործել Արցախ։
«Ազատության» հետ զրույցում Գրիգորյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։ Պաշտպանն ընդգծել է, որ գուցե Լեռնային Ղարաբաղում կատարվողը «մասշտաբներով անհամեմատելի է Ուկրաինայում տեղի ունեցողի հետ, բայց խախտումների, պատերազմական հանցագործությունների էությունը շատ նման է»։
JAMnews-ն առանձնացրել է հարցազրույցի կարևորագույն դրվագները
«ՄԱԿ մարմինների աշխատանքն այնքան էլ հեշտ չէ»
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ ադրբեջանական կողմը մինչ այս պահը խոչընդոտում է ՄԱԿ-ի կողմից Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու վերաբերյալ պաշտոնական Երևանի առաջարկի իրականացմանը։ Ասում է՝ արտգործնախարարությունն է նման առաջարկով հանդես եկել, բայց նույն հարցը ինքն անձամբ է քննարկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նախագահի հետ։
Գրիգորյանի ղեկավարած կառույցը օրերս միջազգային գործընկերներին է ուղարկել Հայաստանի և ԼՂ-ի օմբուդսմենների երկրորդ համատեղ զեկույցը Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ։
«Հարցնում էին՝ իսկ կա՞ որևէ միջազգային կազմակերպություն, որ գետնի վրա, տեղում է և կարող է հաստատել։ Սա էլ ևս մեկ անգամ մեր պնդումը վերահաստատելու, կամ առաջարկը ներկայացնելու առիթ էր»,- Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու առաջարկի մասին ասել է Գրիգորյանը։
Պաշտպանի կարծիքով՝ ՄԱԿ մարմինների աշխատանքն «այնքան էլ հեշտ չէ», իսկ մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններն «այնքան էլ սահուն չեն առաջ գնում»։ Կարծում է՝ այս ուղղությամբ երկար դիվանագիտական աշխատանք է պետք տանել։
«Ինչ-որ թաքցնելու բան ունեն»
Անդրադառնալով ԼՂ-ում ներկայացված միջազգային կառույցներին՝ Հայաստանի օմբուդսմենը շեշտել է՝ միակը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է․
«Այն ունի շատ սահմանափակ և շատ կոնկրետ, նեղ՝ հումանիտար մանդատ։ Կազմակերպությունը հսկայական բարդությունների առաջ է կանգնում ադրբեջանական կողմի ոչ համագործակցային գործելակերպի պայմաններում»։
Ասում է՝ տեղեկությունը փոխանցել են նաև միջազգային կառույցներին։ Գրիգորյանի խոսքով՝ հայկական կողմի «փաստերը հարստանում են» նաև նրանով, որ Բաքուն չի ուզում, որ փաստահավաք առաքելություններ հայտնվեն ԼՂ-ում։ Ըստ նրա՝ դա վկայում է այն մասին, որ «նրանք ինչ-որ թաքցնելու բան ունեն»։
«Զեկույցների նպատակը Բաքվի կեղծ նարատիվները հերքելն է»
ՄԻՊ գրասենյակը զեկույցներ է ներկայացնում տարբեր միջազգային կառույցների։ Դրանց նպատակը «Բաքվի կեղծ նարատիվները հերքելն է՝ ներկայացնելով կոնկրետ ապացույցներ», հայտարարել է Հայաստանի օմբուդսմենը։ Նկատում է՝ զեկույցներն «ինքնանպատակ» չեն, դրանց արդյունավետության մասին են վկայում միջազգային, այդ թվում՝ իրավապաշտպան կառույցների տարածած հաղորդագրությունները։
Արցախի օմբուդսմենի հետ համատեղ պատրաստած երկրորդ զեկույցն ուղարկել են 30 միջազգային կազմակերպությունների։ Գրիգորյանը հայտնել է, որ այս անգամ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ուղարկել․
«Նման զեկույցները շատ կարևոր են դատարանին տեղեկություններ տալու տեսանկյունից այն իմաստով, թե ինչպես է դատարանի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումն ի կատար ածվում գետնի վրա։ Ըստ էության, մեր զեկույցը ցույց է տալիս, որ ՄԻԵԴ որոշումը չի կատարվում»։
Պաշտպանի փոխանցմամբ՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի շուրջ կառույցն աշխատում է ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի հետ, այս կազմակերպություններից ստացված հարցերը, ըստ նրա, խոսում են այն մասին, որ «պրոցեսներ կան»։
Գրիգորյանն ասում է՝ Հայաստանում կարող է թվալ՝ աշխարհը տեղյակ է, թե ինչ է կատարվում, բայց դա այդպես չէ։ Տեղեկատվական բացը հենց զեկույցներով են փորձում լրացնել։ Կարևորում է այն հանգամանքը, որ փաստարկված ցույց են տալիս՝ ԼՂ-ում շրջափակումը «կանխամտածված քայլ է, որը պլանավորել և իրականացրել են Ադրբեջանի իշխանությունները»։
«Զեկույցում կարմիր թելով գնում է այն, որ բնակչության նման շրջափակումը, նրան սննդի աղբյուրից, հումանիտար այլ հնարավորություններից, կենսական միջոցներից կտրելու ակտը հումանիտար իրավունքում պատերազմական ակտի բնորոշում ունի»,- շեշտում է նա։
Քրիստիննե Գրիգորյանի փոխանցմամբ՝ փորձում են իրավական վերլուծությամբ ցույց տալ, որ Ադրբեջանը սկսել է «էթնիկ զտման քաղաքականություն»։
Ասում է՝ պատահական չէ, որ դեռևս նոյեմբերից իշխանամետ և իշխանամերձ ադրբեջանական լրատվամիջոցները, «օգտագործելով հայատյացության և Արցախի հայ բնակչության նկատմամբ էթնիկ ատելության արդեն փորձարկված մեթոդները, նախապատրաստել են Ադրբեջանի հանրային կարծիքը այս շրջափակման վերաբերյալ պահանջներ ներկայացնելու մասով»։ Պաշտպանի աշխատակազմը նման եզրակացության է հանգել Ադրբեջանի հանրային խոսույթի վերլուծության արդյունքում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստանի ՄԻՊ-ը՝ Լաչինի միջանցքի արգելափակման մասին