Հայաստանի խորհրդարանում պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներն այսօր խորհրդարանական դահլիճում բանավիճելուց հետո միմյանց հարվածել են: Միջադեպը տեղի է ունեցել իշխող «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի ու ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև:
Նիկոլ Փաշինյանը միջադեպից հետո սկզբում հրաժարվել է որևէ մեկնաբանություն անել՝ ասելով. «Դա նշանակում է, որ Արտաշես Գեղամյանը Արտաշես Գեղամյանն է», ապա գրառում է կատարել Ֆեյսբուք սոցիալական ցանցում.
«Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով: Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»:
Արտաշես Գեղամյանը, սակայն, հերքել է, որ բռունցքներով հարձակվել է որևէ մեկի վրա, նա ասել է, որ եթե նման բան աներ, ապա «Փաշինյանին առնվազն կտեղափոխեին հիվանդանոց»՝ ինքը 3 տարի բռնցքամարտով է զբաղվել։
Բայց ընդդիմադիր պատգամավորը շարունակում է պնդել, որ հարձակումը տեղի է ունեցել.
«Ազգային ժողովի միջանցքում Արտաշես Գեղամյանը խուլիգանի նման բռունցքներով հարձակվել է ինձ վրա, և հետաքրքիրն այն է, որ նա հիմա հերքում է: Ես ուզում եմ ասել, որ եղել են վկաներ: Մենք պարզաբանում ենք պահանջում տեղի ունեցածի կապակցությամբ իշխող Հանրապետական խմբակցությունից»,- ասել է Փաշինյանը:
«Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցությունից տեղի ունեցածը մտահոգիչ են անվանել ու խոստացել, որ կքննարկեն: Խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասել է, որ նման դեպքեր լինում են աշխարհի բոլոր խորհրդարաններում՝ որևէ մեկը ապահովագրված չէ նման միջադեպերից:
Ի դեպ, խորհրդարանի այդ հատվածում, որտեղ, ըստ պատգամավորի, տեղի է ունեցել միջադեպը, տեսախցիկներ տեղադրված չեն:
Ավելի ուշ, Արտաշես Գեղամյանը խոստովանել է, որ միջադեպ տեղի է ունեցել, բայց ինքը բռունցքներով չի հարվածել, այլ «բացատրական աշխատանք է տարել»: Իսկ թե ինչո՞ւ՝ պատգամավորը պարզաբանել է, թե այդպիսով իր անհամաձայնությունն է հայտնել վերջին օրերին Ազգային ժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ: ԱԺ-ն վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբակցության առաջարկով քննարկում էր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, որը պետք է ուսումնասիրեր, թե ինչ օգուտներ է տվել Հայաստանին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը և արդյոք կա ԵԱՏՄ դուրս գալու կարիք: