Հիասթափություն դաշնակցի՞ց․ Հայաստանի իշխանությունները քննադատում են ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին
Հայաստանի իշխանությունները քննադատում են ՀԱՊԿ-ին
2021 թվականի մայիսին ռուսական ռազմական դաշինք ՀԱՊԿ-ը հրաժարվեց օգնել Հայաստանին այն պարագայում, երբ երկրի իշխանությունները առաջին անգամ հայտարարել էին Ադրբեջանի Զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու մասին։ Առաջ եկավ կազմակերպության արդյունավետության հարցը։ Հետագայում Հայաստանի իշխանություններն ավելի շատ առիթներ ունեցան այս թեմայի շուրջ մտածելու, քանի որ Ադրբեջանը շարունակում էր հարձակումները սահմանի տարբեր ուղղություններով։ Այնուամենայնիվ, նրանք փորձում էին խուսափել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու մասին խոսակցություններից: Միաժամանակ, երկրի ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է իր այն ենթադրությունը, թե՝ հնարավոր է, որ «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից»։
ՀԱՊԿ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։
«Կովկասյան հանգույցը» հրապարակում է պատրաստել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել վերջին տարիներին, ինչպես է արձագանքել Հայաստանը ՀԱՊԿ ռազմական դաշինքում Ռուսաստանի ու մյուս դաշնակիցների անգործությանը։ Հոդվածը հրապարակում ենք որոշ կրճատումներով։
- «Կատարյալ չի լինելու»․ Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
- «Ռուսաստանի հետ մնալն ավելի մեծ ռիսկ է ՀՀ-ի համար, քան ԱՄՆ-ի հետ նոր դաշինքը»։ Կարծիք
- «Հայաստանում հակառուսական արշավ չկա»․ Լավրով-Միրզոյան հանդիպում Մոսկվայում
«Երևանը ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն էր սպասում, բայց չստացավ»
Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ին մեղադրել էր 2021 թվականի մայիսին Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական զինուժի գործողություններին պատշաճ չարձագանքելու մեջ։
Մայիսի 27-ին հայ-ադրբեջանական սահմանին՝ Սոթք-Խոզնավար հատվածում, ինժեներական աշխատանքներ կատարելիս գերի էին ընկել վեց հայ զինվոր։ Այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սա համարել էր առևանգում, քանի որ զինվորականներն իրենց տարածքում էին։ Մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը մի քանի կիլոմետր խորությամբ առաջ է անցել Հայաստանի ինքնիշխան տարածք և մինչ օրս չի նահանջել՝ չնայած հայկական կողմի պահանջներին։
«ՀԱՊԿ-ի արձագանքը կատարվածին ձախողում էր հենց կազմակերպության համար։ Հակառակ գործող ընթացակարգերի՝ ՀԱՊԿ-ը դեռևս չի որոշել մշտադիտարկում իրականացնել տեղում՝ արդարացնելով հայ հասարակության վաղեմի մտավախությունը, որ Հայաստանի անվտանգության համար կարևոր կազմակերպությունը ճիշտ ժամանակին ոչինչ չի անի»,- ասել էր վարչապետը 2022 թվականի գարնանը։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2022 թվականի սեպտեմբերին հայտարարել էր, որ Երևանը ՀԱՊԿ-ից «ռազմական և ռազմաքաղաքական օգնություն» է ակնկալում, բայց չի ստանում։ Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանին անհրաժեշտ է ՀԱՊԿ-ի աջակցությունը սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու և Ադրբեջանի Զինված ուժերին Հայաստանի տարածքից դուրս բերելու համար։ «Սա է եղել մեր պահանջը ՀԱՊԿ-ից, և այն մինչ օրս չի կատարվել։ Դա, բնականաբար, մեզ չի բավարարում»,- ընդգծել էր ԱԽ քարտուղարը։
Եթե Ռուսաստանը և մյուս դաշնակիցները չսկսեն կատարել իրենց պարտավորությունները, Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից։ 2022 թվականի սեպտեմբերին նման հայտարարություն էր արել Նիկոլ Փաշինյանը։ «Այլ կերպ ասած՝ մտավախություն կար, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, և իմ պատասխանն այն էր, որ կա մտավախություն, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից։ Սա բառախաղ չէ»,- ընդգծել էր Փաշինյանը։
2022 թվականի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը Կրեմլին մեղադրել էր Հայաստանի վերաբերյալ «փաստերի շահարկումների» և իրական գործողությունների փոխարեն «արդարացումներ» հնչեցնելու մեջ։
Փաշինյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ում անվտանգային հարցերի քննարկման ժամանակ ինքը հստակ հավաստիացումներ է ստացել, որ Հայաստանի սահմանը կազմակերպության համար «կարմիր գիծ» է, բայց «պարզվել է, որ կարմիր գծերը գոյություն ունեն միայն բառերով»։
«Սա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ՀԱՊԿ-ի համար։ Ի վերջո, եթե ասում եք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է՝ ՀԱՊԿ չկա, քանի որ ՀԱՊԿ-ն ունի պատասխանատվության գոտի, որը որոշվում է սահմաններով։ Եթե չկա սահման, ուրեմն չկա նաև պատասխանատվության գոտի, եթե չկա պատասխանատվության գոտի, ուրեմն չկա նաև կազմակերպություն»,- հայտարարել էր Փաշինյանը։
«ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանին անելիք չունի»
2022 թվականի նոյեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) հռչակագիրը և Երևանին օգնության տրամադրելու մասին որոշման նախագիծը։ Պատճառը Ադրբեջանի գործողությունների հարցում կազմակերպության հստակ քաղաքական դիրքորոշման բացակայությունն էր։ ՀԱՊԿ գագաթնաժողովի նիստում Փաշինյանը նորից հայտարարեց, որ չնայած հավաքական պաշտպանության երաշխիքներին՝ Հայաստանը Բաքվի կողմից ենթարկվել է զինված ագրեսիայի։
«Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանն առնվազն երեք անգամ ենթարկվել է ագրեսիայի Ադրբեջանի կողմից։ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին Ադրբեջանին հետ չի պահել ագրեսիվ գործողություններից, և փաստացի մինչ օրս չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ Հայաստանի նկատմամբ ագրեսիային ՀԱՊԿ արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը լուրջ հարված են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրա սահմաններից դուրս»,- ասել էր Փաշինյանը։
Նա հավելել էր, որ Ադրբեջանի գործողություններին ՀԱՊԿ-ի արձագանքի բացակայությունը համարում է այս կազմակերպությունում Հայաստանի ներկայության հիմնական ձախողումը։ Նա հիշեցրել էր, որ 2022 թվականի հունվարին Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ ՀԱՊԿ-ից պահանջվեց ընդամենը մեկ օր՝ զորքերի տեղակայման մասին որոշում կայացնելու համար, և դա մեծապես օգնեց մարել անկարգություններն ու խուսափել պետական հեղաշրջումից։
2022 թվականի նոյեմբերի 27-ին ՀԱՊԿ-ը Հայաստանին աջակցության մի շարք միջոցառումներ առաջարկեց։ Դրանք վերլուծելուց հետո Փաշինյանը հայտարարեց, որ՝
- դրանք «չեն պարունակում կոնկրետություն և քաղաքական գնահատականներ» Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հակամարտության սրման վերաբերյալ,
- առանց այս գնահատականների՝ ՀԱՊԿ դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին անելիք չունեն։
«2021 թվականի մայիսից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 13-ը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիան կրկնակի ցավոտ էր, քանի որ մեր անվտանգային դաշնակիցները մեզ միայնակ թողեցին՝ գերադասելով մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում կամ որպես այլընտրանք առաջարկելով ակտիվ դիտորդի կարգավիճակը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է երկու բան՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու սահմանում և Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունների հստակ գնահատական։
«Մեզ առաջարկում են օգնություն, այդ թվում՝ ռազմատեխնիկական։ Նախ՝ պարզ չէ, թե ինչ օգնություն է առաջարկվում։ Բացի այդ, առանց հստակ գնահատականների այդ օգնությունն ընդունելը կնշանակեր ընդունել այն ստատուս քվոն, որը կա մեր սահմաններին։ Ընդունել ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը՝ առանց ՀԱՊԿ-ի կողմից հստակ գնահատականների, կնշանակի ստատուս քվոյի ամրագրում և համակերպում դրա հետ»,- ամփոփել էր Փաշինյանը։
Քննադատություն ռուս խաղաղապահների հասցեին
2022 թվականի դեկտեմբերին կառավարության նիստում Փաշինյանը ռուսական խաղաղապահ զորախմբին քննադատել էր ստանձնած պարտավորությունները չկատարելու համար, ինչի հետևանքով հնարավոր էր դարձել Լեռնային Ղարաբաղի երկարաժամկետ շրջափակումը։ «Իհարկե, դա տեղի է ունենում Ադրբեջանի գործողությունների արդյունքում, բայց դրանից իմաստը չի փոխվում։ Ռուս խաղաղապահների ներկայության առանցքային իմաստն է թույլ չտալ անօրինական գործողություններ և վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը»,- ասել էր նա։
2022 թվականի դեկտեմբերի 27-ին Պուտինի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը կրկին հիշեցրել էր ռուս խաղաղապահների պատասխանատվության մասին։
«Գրեթե 20 օր է, ինչ Լաչինի միջանցքն արգելափակված է։ Դա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է Լաչինի միջանցքով ուղևորների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը։ Եվ հիմա ստացվում է, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը զրկված է արտաքին աշխարհի հետ կապից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով։ Ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում ադրբեջանցի ակտիվիստները փակել են մայրուղին։ Ավելի քան երեք ամիս է, ինչ 120 հազար մարդ ապրում է շրջափակման մեջ, սննդի պակասը ստիպել է իշխանություններին առաջին անհրաժեշտության ապրանքների համար կտրոնային համակարգ ներդնել։
«Եթե պարզվի, որ Ռուսաստանը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները, ապա պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կա՛մ ռուսական ռազմական զորախմբին միջազգային մանդատով օժտելու, կա՛մ Լեռնային Ղարաբաղ նոր՝ բազմազգ խաղաղապահ առաքելություն ուղարկելու խնդրանքով»,- 2023 թվականի հունվարին խաղաղապահների հասցեին հնչեցրած իր քննադատությունը զարգացրել էր Փաշինյանը։
«Ոչ ոք չի ժխտում, որ ռուս խաղաղապահներն այսօր ապահովում են Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը, բայց մենք ունենք նաև փաստեր, երբ ադրբեջանցիները խախտել են պայմանավորվածությունները խաղաղապահների պատասխանատվության գոտում, օրինակ՝ Փառուխում, բայց որևէ արձագանքի չեն հանդիպել։ Արձագանքի բացակայության դեպքում ստացվում է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը ոչ միայն չի երաշխավորում Հայաստանի անվտանգությունը, այլև ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար»,- ասել էր վարչապետը։
Դաշնակցության պարտադրում Հայաստանին
2022 թվականի դեկտեմբերի 27-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել էր, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակումը տեղավորվում են Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշման շրջանակում։
Ըստ Գրիգորյանի՝ հենց դրանով է պայմանավորված հայ-ռուսական հարաբերություններում նկատվող ճգնաժամը, որը հստակ արտահայտվել է վերջին ժամանակներում։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև առաջին անգամ հաստատել էր որոշ հայ պատգամավորների հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին անդամակցել միութենական պետությանը։ Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանը դիմադրում է ռազմավարական դաշնակցի այս ցանկությանը և ստանում պատասխան՝ ռազմական ճնշման տեսքով։
Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժությունները հյուրընկալելուց
2023 թվականի հունվարին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը նպատակահարմար չի համարում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը Հայաստանում։ «Հայաստանի պաշտպանության նախարարությունն արդեն գրավոր տեղեկացրել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբին, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չենք համարում զորավարժություններ անցկացնել Հայաստանում։ Հայաստանում այդ զորավարժություններն առնվազն այս տարի չեն կայանա»,- ասել էր նա։
2023 թվականի մարտի 13-ին Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում իր ներկայացուցչին առաջադրելուց։ Սակայն մարտի 14-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը կհամաձայնի այդ պաշտոնում իր ներկայացուցչի նշանակմանը, եթե վստահ լինի, որ դա կամրապնդի իր անվտանգությունը։ «Մենք կհամաձայնենք, եթե չպարզվի, որ այդ պաշտոնը ստանձնելով սխալ մեսիջ ենք ուղարկում մեր ժողովրդին, եթե դա լինի անվտանգության ևս մեկ գործոն։ Եթե դա տեղի չունենա, ուրեմն իմաստ չենք տեսնում»,- ասել էր վարչապետը։
Մեկնաբանելով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր, որ հայկական կողմն առաջնորդվելու է պետական շահերով։ «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ես հրապարակային խոսել եմ այդ մասին։ Դա տեսակետների հարց է։ Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Հնարավո՞ր է, որ ՀԱՊԿ-ը լքի Հայաստանը։ Թե՞ այս ամբողջ իրավիճակը խոսում է այն մասին, որ ՀԱՊԿ-ը մտադիր է դուրս գալ Հայաստանից։ Ցանկացած հարցում մեր դիրքորոշումը ճշտելիս, պահպանելիս կամ փոփոխելիս մենք առաջնորդվում ենք Հայաստանի պետական շահերով»,- նշել էր Փաշինյանը։
«Երբ 2022 թվականին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանեց Հայաստան, նա ինձ ասաց, որ ՀԱՊԿ-ում կա մտահոգություն, որ Հայաստանը դուրս կգա կազմակերպությունից։ Ես ասացի, որ այդ մտահոգությունը տեղին չէ, բայց կա մեկ այլ մտահոգություն, որ ՀԱՊԿ-ը կարող է դուրս գալ Հայաստանից։ Հիմա իմ գնահատականը սա է՝ ՀԱՊԿ-ը կամա թե ակամա հեռանում է Հայաստանից։ Եվ դա մեզ անհանգստացնում է»,- իր ուղերձը կրկնել էր Փաշինյանը։
Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա ճգնաժամի մասին
Հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների մասին խոսել է նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են ռազմավարական մակարդակի վրա, և Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, բայց, ցավոք, վերջին շրջանում խնդիրներ են առաջացել, հատկապես՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի դեպքերից հետո։ Սեպտեմբերյան հարձակումը կատարվել է հենց Հայաստանի տարածքի վրա, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը պետք է ռազմական օգնություն ցուցաբերեին Հայաստանին։ Ադրբեջանը տարբեր տեղերում առաջ է գնացել մինչև 7 կմ, 5 կմ, և դա այն դեպքն էր, երբ և՛ ՀԱՊԿ անդամները, և՛ Ռուսաստանը պետք է մեզ ռազմական օգնություն ցուցաբերեին»,- հայտարարել է Խաչատուրյանը։
Ըստ նրա՝ Երևանում այդ ժամանակ Ռուսաստանից ակնկալում էին նաև քաղաքական գործողություններ. «Ոչ մեկը, ոչ մյուսը մինչ օրս տեղի չի ունեցել։ Իհարկե, արդարության համար պետք է նշել, որ ռազմական գործողությունների դադարեցման բանակցություններին մասնակցել է նաև Ռուսաստանը, սակայն դրանց ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը»։ Հայաստանի նախագահն այս մասին նշել է 2023 թվականի հունվարին։
2023 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լուրջ խնդիր է անվանել «ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի սահմանների չճանաչումը»։
«Ինչպես գիտեք, ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները, և այստեղ լուրջ խնդիր կա, քանի որ եթե սահման չկա, ապա պատասխանատվություն էլ չկա։ Մենք բարձրացրել ենք այս հարցը և հույս ունենք, որ ինչ-որ պահի այն կլուծվի»,- հայտարարել էր Գրիգորյանը։
Նա հիշեցրել էր, որ Ալմաթիի հռչակագրի համաձայն, որը հիմք է ընդունվել սահմանագծման և սահմանազատման խնդրի լուծման համար, նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններն ընդունվում են որպես միջպետական սահմաններ։
«Եվ այստեղ կարելի է հստակ ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման կա։ Միգուցե որոշակի հատվածը սահմանազատված չէ, և մենք չգիտենք, թե հստակ որտեղով է անցնում գիծը, բայց դա մի քանի մետրի խնդիր է։ Իսկ Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ 29,8 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով, հայտնի է։ Եթե կա կամք, ապա այդ տարածքը կարելի է պաշտպանել։ Բայց կամքի բացակայությունը հնարավորություն չի տալիս պաշտպանել Հայաստանը»,- հավելել էր նա:
Հայաստանի իշխանությունները քննադատում են ՀԱՊԿ-ին