Հայաստանի դատավորները կկարողանան փաստաբաններին մինչև 100 հազար դրամ տուգանք նշանակել
Հայաստանում փաստաբանների նկատմամբ պատիժներ և տուգանքներ սահմանելու մասին նախագիծը լուրջ դժգոհություն է առաջացրել: Ըստ դրա, դատավորներին հնարավորություն է տրվելու փաստաբաններին նկատողություն տալ, հեռացնել նիստերի դահլիճից կամ մինչև 100 հազար դրամով տուգանել:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ դատական տուգանքի մասին դրույթը տեղ կգտնի Դատավարական օրենսգրքերում:
Տուգանքը կարող է սահմանվել այն փաստաբանների նկատմամբ, ովքեր ոչ իրավաչափ, ոչ բարեխիղճ վարքագիծ են դրսևորում: Թե որքանով է փաստաբանի վարքագիծը ոչ իրավաչափ կամ ոչ բարեխիղճ, որոշելու է դատարանը, որի դեմ էլ դրսևորվել էր այդ վարքագիծը: Սա, փաստաբանների կարծիքով, նշանակում է, որ դատարանը չի կարող անաչառ լինել:
JAMnews-ի հետ զրույցում փաստաբան Լուսինե Սահակյանը պարզաբանեց, որ այսպիսով դատավորներին հնարավորություն է տրվելու ցանկացած պահի պատիժ կիրառել իրենց նկատմամբ, հատկապես աղմկահարույց քաղաքական գործերի ժամանակ, երբ պաշտպանը ակտիվություն է ցուցաբերում:
«Նման դրույթ չպետք է լինի: Սրա նպատակը փաստաբաններին լռեցնելն է: Վերջին շրջանում Հայաստանի դատարանները մեծ թվով սանկցիաներ են կիրառում փաստաբանների նկատմամբ: Հիմա նրանց օրենսդրորեն հնարավորություն է տրվելու տուգանքի տեսքով սանկցիաներ կիրառել, որն անթույլատրելի է»,- համարում է փաստաբան Լուսինե Սահակյանը:
Նրա խոսքով, Հայաստանի դատական պրակտիկայում եղել են դեպքեր, երբ պաշտպանին թույլ չեն տվել միջնորդություն ներկայացնել, և հիմա, երբ դատավորն ունի նաև տուգանելու գործիք, նույն միջնորդության համար կարող է տուգանք սահմանել:
«Մեկ անգամ որ փաստաբանին տուգանեն միջնորդություն ներկայացնելու համար, երկրորդ անգամ էլ կներկայացնի՞: Սա լռեցնելու ձև է: Իհարկե, ոչ բոլոր փաստաբաններին է սա վերաբերում, բայց ամեն դեպքում նպատակը դա է»,- համոզված է Սահակյանը:
Նա կարծում է, որ Փաստաբանների պալատն իրեն պասիվ դրսևորեց, չարտահայտեց իր դժգոհությունը.
«Փաստաբանները պետք է լուրջ քայլ անեին՝ միասնական, համախմբված գործադուլ հայտարարեին, բայց դա չարվեց»:
Լուսինե Սահակյանը հիշեցրեց, որ ավելի վաղ այսպիսի փորձ՝ տուգանքներ սահմանելու, արդեն եղել է, բայց Փաստաբանների պալատի ճնշման արդյունքում կարգավորումը կյանքի կոչել չի հաջողվել: