Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը ճանաչել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Խորհրդարանական ուժերը, որոնք մասնակցել են դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ճանաչել են քվեարկության արդյունքները։ Հայաստանի խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ՝ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը»։
Վաստակած քվեների տոկոսներն ու մանդատների քանակը
«Իմ քայլը» դաշինքը, որը գլխավորում է հայկական հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ստացել է 70.44% ձայն և վաստակել 88 մանդատ։ Ընդհանուր առմամբ, յոթերորդ գումարման Ազգային ժողովում, ըստ նախնական հաշվարկների, կլինի 132 պատգամավոր։ Դա նշանակում է, որ «Իմ քայլը» կարող է վարչապետի պաշտոնում հաստատել իր թեկնածուին առանց կոալիցիոն համաձայնության։
Երկրորդ տեղը զբաղեցրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 8,27 տոկոս ձայն։ Նոր խորհրդարանում նա կունենա 26 մանդատ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ստացել է 6,37% ձայն և պատգամավորական 18 մանդատ։
• Խորհրդարանում մեծամասնություն կունենա հեղափոխության առաջնորդ Փաշինյանի դաշինքը
• Հայաստանի և «հետխորհրդային» ռազմական դաշինքի մյուս անդամների միջև սկանդալ է հասունանում
Ընտրություններից հետո հաղթողների առաջին հայտարարությունները
Ընտրություններից հետո կեսգիշերին «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Փաշինյանը լրագրողներին մամուլի ասուլիսի էր հրավիրել ընտրությունների օրն ամփոփելու համար։ Նա հրաժարվել էր մեկնաբանել քվեարկության արդյունքները, սակայն անդրադարձել էր ընտրությունների որակին․
«Ես տեսել եմ, որ շատերն՝ այդ թվում լրագրողները, քվեարկության ընթացքը գնահատում էին որպես ձանձրալի։ Եվ ես կարծում եմ, որ դա լավագույն գնահատականն է։ Ընտրություններն անցկացվել են հանգիստ։ Կարծում եմ, որ հիմա արդեն կարելի է հարմարվել, որ ոչ բոլոր ընտրություններն են բուռն իրադարձություններ առաջացնում»։
Նիկոլ Փաշինյանը բացատրել է նաև, թե ինչով էր, իր կարծիքով, պայմանավորված ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշը՝ 48%-ից մի փոքր ավել:
«Եթե մենք հետևենք մամուլի վերջին 15 տարվա հրապարակումներին, կտեսնենք, թե ինչ է ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը խոսում և լրագրողները գրում ամեն անգամ ընտրություններից հետո։ Նրանք ասում են, որ իշխանությունը միշտ ունի մի քանի հարյուր հազար ձայն որպես ռեսուրս, որն օգտագործում է։ Դրանք բացակայող ընտրողներն են, մահացած ընտրողներն են։ Բացի այդ, դուք տեսաք, որ այս ընտրություններին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին չեն ստիպել ընտրատեղամասեր գնալ, և քաղաքացիներն ընտրության են գնացել ինքնակամ»։
Օլիգարխ Գագիկ Ծառուկյանը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը, քվեների քանակով երկրորդ տեղը զբաղեցնելուց հետո շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին աջակցության համար․
«Որպես երկրորդ քաղաքական ուժ մեր կուսակցությունը լինելու է ձեր ձայնը կառավարությունում։ Մեր գործունեությունը բխում է բացառապես մեր քաղաքացիների շահերից»։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, որը երրորդ տեղն է զբաղեցրել, այս ընտրությունները պատմական է անվանել։ Կուսակցությունը մտադիր է հասնել կառավարության կառուցվածքի փոփոխության և սահմանափակել իշխող քաղաքական ուժի իշխանությունը։ «Լուսավոր Հայաստանն», ըստ Մարուքյանի, լինելու է ինստիտուցիոնալ ընդդիմություն․
«Մենք մտադիր ենք գործնական քայլերի անցնել։ Մոտ ապագայում կներկայացնենք խորհրդարանի կանոնակարգում և կառավարության կառուցվածքում առաջարկվող փոփոխությունները։ Ուզում ենք ստեղծել իշխանությունների զսպման և վերահսկման մեխանիզմներ, թեև հույս ունենք, որ գողեր ու ժուլիկներ նոր նախարարների մեջ չեն լինի»։
Ընտրությունների գնահատականը տեղացի և միջազգային դիտորդների կողմից
Ընտրությունների ընթացքին հետևել է 8 միջազգային և 22 տեղական կազմակերպություն։ Ընդհանուր առմամբ, նրանք բոլորը դրական են գնահատել ընտրությունների և նախընտրական արշավի ընթացքը։
Տեղի դիտորները հայտարարել են, որ Հայաստանում ընտրություններն ավելի ազատ են եղել, քան նախորդ համապետական ընտրությունների ժամանակ, և համապատասխանել են ժողովրդավարական նորմերին։
«Մենք չենք գրանցել ընտրակաշառքների, ընտրողներին ահաբեկելու կամ ազատ կամարտահայտման վրա այլ ճնշումների փաստեր։ Ընտրատեղամասերի շուրջ կուտակումներ չեն եղել։ Որոշ տեղամասերում եղել են, սակայն դրանք կազմակերպված բնույթ չեն կրել։ Եվ, ամենագլխավորը, մենք չենք գրանցել ոստիկանության համակարգային անգործություն», — նշել է լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։
ԵԱՀԿ դիտորդները հայտարարել են․
«Հայաստանում ընտրությունների վերաբերյալ հիմնական եզրակացությունը․ դրանք անցկացվել են ազատ պայմաններում և վայելում էին ընտրողների մեծ վստահությունը։ Չկային ընտրակաշառքներ, ընտրողների վրա ճնշումներ, ապահովվել էր ազատ կամարտահայտումը»։
ԱՊՀ դիտորները նշել են, որ իրենց կողմից գրանցած խախտումները չէին կարող ազդել քվեարկության արդյունքների վրա․
«Դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են Հայաստանի Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի համապատասխան։ Ընտրություններն անցկացվել են բազմակուսակցական հիմքի վրա, եղել են բաց և թափանցիկ։ Բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովներն ապահովել են պայմաններ ընտրողների ազատ կամարտահայտման համար»։
Փորձագետների կարծիքը
Տեղական փորձագիտական հանրության համար քննարկման գլխավոր թեման ցածր մասնակությունն էր։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն այդ ցուցանիշը բացատրում է նրանով, որ ներկայիս իշխանությունը վարչական ռեսուրս և մարդկանց ընտրատեղամասեր բերելու այլ ապօրինի մեթոդներ չի կիրառել։
Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքին և հաղթողի հավաքած ձայների բարձր տոկոսին, ապա «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը քվեարկության նման արդյունքն օրինաչափ է համարում։
««Իմ քայլը» պետք է հավաքեր ձայների բացարձակ մեծամասնությունը, դա սպասելի էր։ Անպսաելի կարող էր լինել երկրորդ, երրորդ և անգամ չորրորդ տեղի համար պայքարի արդյունքը, սակայն այդպիսի բան նույնպես տեղի չունեցավ»։