Հայաստանի բնապահպանները մեկնարկում են «ՍՕՍ Սևան» պայքարը
Հայաստանի կառավարությունն առաջարկում է այս տարի Սևանա լճից 270 միլիոն խ/մ ջուր բաց թողնել, այն դեպքում, երբ Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թուլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետրն է:
Որոշումը մտահոգել է փորձագիտական շրջանակներին, բնապահպանները հայտարարել են «SOS Սևան» պայքարի մեկնարկի մասին:
Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խորանարդ ջրառի առաջարկը, ըստ բնապահպանական հասարակական կազմակերպությունների, իր մեջ որոշակի վտանգներ է պարունակում:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն ասում է, որ Սևանա լճին ճահճացումից փրկում է ջրի մակարդակի բարձրացումը. «Եթե Սևանի մակարդակն իջնի, կխթանենք ճահճացման գործընթացը: Տարիների աշխատանքը ջուրը կլցվի: Բացի այդ կունենանք ջրի որակի և ձկնաբուծական միջոցառումների վատացում: Մենք պետք է թեկուզ մի քանի սանտիմետրով բարձրացնենք Սևանը»:
Բնապահպանները նկատում են նաև, որ հարցը քննարկման չի դրվել: Գեղարքունիքի մարզի «Բլեջան» ՀԿ-ի նախագահ Լիաննա Ասոյանը ասում է, որ անգամ Սևանի ավազանում ապրող ոչ մի քաղաքացի տեղյակ չի եղել այս որոշումից. «Կառավարութունում նստած որոշումներ են կայացնում, առանց հաշվի առնելու հարակից ափերում ապրողների խնդիրը: Սևանը հազիվ վերականգնվել է, լճի ջուրը պարզվել է»:
Իշխանությունները, սակայն, պնդում են, որ լրացուցիչ ջրառը վտանգավոր չէ Սևանի համար: Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հավաստիացրել է, որ Սևանա լճի էկոհամակարգի վրա սա բացասական ազդեցություն չի ունենա, որովհետև մեկ տարվա ընթացքում դրա մակարդակն ավելացել է 16 սմ-ով:
Կառավարությունն հավելյալ ջրառի մասին իր որոշումը բացատրում է նաև հետևյալ կերպ. լրացուցիչ ջրբացթողման ավելացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի 1.2 միլիարդ դրամ ծախսի տնտեսման:
Բնապահպաններն այս առումով էլ դիտարկում ունեն: «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն ասում է. որ ջրային օրենսգրքի համաձայն ջուրն օգտագործվում է էներգետիկ նպատակով վերջին հերթին։
«Սկզբում պետք է ապահովես խմելու ջուր, ոռոգման ջուր… հետո նոր էներգետիկ նպատակներով օգտագործես։ Բայց ոչ մի խոսք չկա, երբ ջուր ես վերցնում, դու ո՞նց ես ապահովում առաջին պահանջները, իրո՞ք որ ջուր ես վերցնում, չեն տուժում խմելու, ոռոգման ջրի պաշարները։ Ազդեցության մասին ընդհանրապես խոսք չկա»,- ասում է բնապահպանը: