Հայաստանի բարեփոխումները համապատասխանո՞ւմ են ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակին. կարծիքներ
Հայաստանի բարեփոխումները համապատասխանո՞ւմ են ԵՄ պահանջներին
Հայաստանը ԵՄ անդամակցության չի հավակնում, սակայն մի շարք ցուցանիշներով հետ չի մնում թեկնածուի կարգավիճակ ստացած երկրներից։ Այսպես են կարծում տեղացի որոշ փորձագետներ։ Բայց կա նաև կարծիք, որ երկիրը, ըստ որոշ պարամետրերի, ամեն դեպքում հետ է մնում, բարեփոխումների մի մասը «տապալվել է», ընդ որում՝ միտումնավոր ու նպատակային։ Միևնույն ժամանակ, վերլուծաբանների մեծ մասը համակարծիք է, որ Ռուսաստանից կախվածությունը, որը խորացավ 2020 թվականի ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունից հետո, Հայաստանը չի մոտեցնում Եվրոպային։
Հունիսի 23-ին ԵՄ առաջնորդները Ուկրաինային և Մոլդովային դաշինքին միանալու թեկնածուի կարգավիճակ են շնորհել: Վրաստանն այս հնարավորությունը կստանա որոշ բարեփոխումներ իրականացնելուց հետո։
Այս իրադարձությունների լույսի ներքո Հայաստանում քննարկում են, թե որքանով է երկիրը համապատասխանում ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ չափանիշներին:
Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի ղեկավար
Հետնապահի առաջընթացը զարմացնում է եվրոպացիներին
«Այս օրերին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի նախօրեին, որտեղ որոշվելու էր Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցը, դրա հետ կապված բազմաթիվ քննարկումներ էին տեղի ունենում։ Իմ մասնակցությամբ փորձագիտական քննարկումներից մեկում շատերին հետաքրքրում էր՝ ինչի հաշվին Հայաստանը, թեև, ի տարբերություն նշված եռյակի ԵՄ անդամության հավակնություններ չունի, բարեփոխումների առումով մոտավորապես նույն վարկանիշներն է գրանցում։
Մարդիկ սովոր են մտածել, որ հետխորհդային երկրները միայն այն դեպքում են ինչ-որ լավ բան անում, եթե արևմտյան կառույցներից ակնկալիք ունեն։ Հայաստանում էլ ամենալուրջ և արագ փոփոխությունները տեղի ունեցան Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու ձգտման շնորհիվ (1997-2000 թվականներին)։
2013 թ.-ին, երբ Հայաստանը շեղվեց ԵՄ հետ ասոցացման ճանապարհից, Եվրամիության շրջանակներում շտապեցին Արևելյան գործընկերության երկրներին բաժանել երկու մասի՝ այսօրվա թեկնածուների (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան) և հետնապահների (Հայաստան, Բելառուս, Ադրբեջան)։ Սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանը, ունենալով ԵՄ հետ հարաբերությունների էականորեն ավելի ցածր մակարդակ, շարունակում էր պայմանական առաջատարների հետ նույն վարկանիշները պահպանել:
Եվ հենց դա էր որոշակի զարմանք առաջացնում նշածս բրյուսելյան քննարկմանը մասնակցող եվրոպացի պաշտոնյաների, փորձագետների և լրագրողների։ Որքան կարողացա առաջարկած ձևաչափի շրջանակներում բացատրեցի՝ որոնք են հետ չմնալու պատճառները, ինչպես նաև զգուշացրեցի առաջընթացը խոչընդոտող ռիսկերի մասին։
Անկախ նրանից՝ ինչպես են մեր հայրենակիցների տարբեր շրջանակներ վերաբերում Եվրոպային, ցանկացած ողջամիտ մարդ, կարծում եմ, գիտակցում է, որ ԵՄ կողմից որպես պետություն և գործընկեր բարձր գնահատված լինելը միայն օգուտներ կբերի Հայաստանին։
Ինքս միշտ ավելի մեծ կարևորություն էի տալիս ոչ այնքան հարաբերությունների ֆորմալ կարգավիճակին, որքան բովանդակային մոտարկմանը, եվրոպական ստանդարտների և ազգային ծրագրերի արդյունավետ համատեղմանը։ Որպեսզի մի օր ԵՄ անդամները կոնսենսուսով ցանկանան Հայաստանը տեսնել իրենց շարքերում, իսկ մենք հանգիստ կշռադատենք՝ ընդունե՞լ հրավերը, թե՞ ոչ։
Վրաստանին առաջարկած 12 նախապայմանները բխում են նաև այդ երկրի զարգացման շահերից։ Հաշվի առնելով դրանց ուղղվածության և մեզանում, անկախ այսօրվա համեմատաբար բարձր վարկանիշներից, նկատվող ոչ բարենպաստ միտումների համընկնումը, կառաջարկեի Հայաստանի հեռանկարների առումով էլ ուսումնասիրել մեր հարևաններին վերաբերող Եվրոպական հանձնաժողովի փաստաթուղթը»։
Արա Ղազարյան, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան
Վիրավորանքի արգելքը փչացրեց երկրի իմիջը
«Արևելյան գործընկերության ամենամյա ինդեքսը ցույց է տալիս, որ շատ առումներով, օրինակ՝ դատաիրավական, խոսքի ազատության կամ պառլամենտարիզմի վերահսկողության ոլորտներում Հայաստանի ցուցանիշներն ավելի լավն են: Այնքան, որ տարածաշրջանային կուրատորներն անընդհատ կասկածի տակ են դնում այդ ցուցանիշները, և ես ստիպված եմ ամեն անգամ ապացույցներ ներկայացնել:
Խտրականության հարցում առաջընթաց չկա: Չկան ինչպես օրենսդրական, այնպես էլ գործնական կիրառության փոփոխություններ:
Մեր իմիջին լուրջ վնաս է հասցվել վերջերս ծանր վիրավորանքը քրեականացնող օրենքի ընդունմամբ։ Բարեբախտաբար, այն չեղարկվեց: Մի շարք երկրներում, իհարկե, կա նման օրենք, բայց այն հազվադեպ է կիրառվում։ Եվ ահա, այսքան փոքր երկրում հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել։ Բայց եթե նույնիսկ այդ օրենքը երբեք չկիրառվեր, միայն դրա գոյությունն արդեն իսկ զսպող գործոն է և սահմանափակում է խոսքի ազատությունը։
Չկա նաև համացանցում ատելության հռետորաբանության զտման արդյունավետ համակարգ, չկա կարգավորող համակարգ: Եվրամիությունը նման համակարգ ունի, և ինքն է դա առաջարկում։
Ասել, որ ցանկացած երկիր բացարձակապես համապատասխանում է չափանիշներին, սխալ կլինի։ Գնահատվում է միայն բարեփոխումների առաջընթացը»։
Անդրիաս Ղուկասյան, քաղաքագետ
Հայաստանը հետ է մնում առաջատար երկրներից
«Եվրամիության թեկնածու կամ անդամ դառնալու համար Հայաստանին անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ բազմաթիվ ոլորտներում և, առաջին հերթին, արդարադատության ոլորտում։ Այս փուլում Հայաստանը չի համապատասխանում Եվրամիությանն անդամակցելու չափանիշներին: Դա շատ բարդ ինստիտուցիոնալ ընթացակարգ է։ Հայաստանը հեռու է դրանից և դեռևս չունի անդամակցության նախադրյալներ։
Հայաստանում քաղաքական համակարգի հասունության մակարդակը նույնպես չափազանց ցածր է։ Բացի այդ, երկիրը պետք է անկախ լինի ռազմական անվտանգության տեսանկյունից:
Գրեթե բոլոր ոլորտները՝ սկսած առևտրից, տրանսպորտից, էներգետիկայից, քաղաքացիական անվտանգությունից, լրատվամիջոցներից, ՏՏ տեխնոլոգիաներից, բարեփոխումների կարիք ունեն։ Մենք եվրոպական չափանիշներից կտրված վիճակում ենք, և հսկայական բաց կա մեր ներկայիս իրավիճակի և նրա միջև, ինչ կա Վրաստանում, Մոլդովայում կամ Ուկրաինայում»:
Իշխանությունները տապալեցին բարեփոխումները
«Բարեփոխումների մեծ մասը, որոնց համար նույն Եվրոպան գումար է տալիս Հայաստանին, վերջին տարիներին տապալվել է։ Եվրաինտեգրացիան դանդաղեցնելը, կարծում եմ, գիտակցված քաղաքական որոշում էր։
Նախորդ տարեվերջին և այս տարեսկզբին Հայաստանը պետք է ստեղծեր մեկ տասնյակ հանձնաժողովներ՝ տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար, սակայն դրանցից ոչ մեկը չստեղծվեց։ Չեն ձևավորվել նաև այն աշխատանքային կառույցները, որոնք պետք է աշխատեին օրենսդրության վրա։
Եվ դա չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ունի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել անցյալ տարվա մարտին։ Այն հստակեցրեց բարեփոխումների ժամկետները՝ եվրոպական ընդհանուր չափանիշներին համապատասխան: Այս ժամկետներն անսահմանափակ չեն: Խոսքը 5-7 տարվա մասին է։ Բայց մեկ տարի է անցել, և ոչինչ չի արվել։ Ոչ մի օրենք չի ընդունվել, չի արվել ոչ մի բարեփոխում, որը մեզ կմոտեցներ այս նպատակներին ու խնդիրներին։ Բարեփոխումները ժամանակին չկատարելու համար պատժամիջոցներ սահմանված չեն: Բայց բարեփոխումներ իրականացնելը բխում է Հայաստանի շահերից»։
Առաջին հերթին՝ Ռուսաստանի շահերը
«Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի շահերը վեր է դասում սեփական երկրի շահերից։ Ուստի Հայաստանը զրկված է զարգացման բազմաթիվ հնարավորություններից, այդ թվում՝ տնտեսական, ռազմաքաղաքական հնարավորություններից, որոնք մեզ համար առաջնային դեր են խաղում։
Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև տարիների ընթացքում ձևավորված հարաբերությունների արդյունքում, որտեղ Երևանը կարծում է՝ կարելի է անտեսել սեփական շահերը, գլխավորը Ռուսաստանի շահերը չոտնահարելն է։ Եվ Հայաստանն այսօր ազատ չէ գործընկերներ ընտրելու հարցում:
Իրավիճակից դուրս գալու համար պետք է անկախանալ Ռուսաստանից, և դրա հասարակական պահանջը պետք է լինի։ Եթե հիշենք Ուկրաինայի իրադարձությունները, ապա այնտեղ հենց հասարակությունն էր դեմ արտահայտվում եվրաինտեգրման գործընթացի սառեցմանը, գործընթացի զարգացում պահանջում։
Հայ հասարակությունը, իհարկե, նույնպես ցանկանում է գնալ դեպի Եվրոպա, բայց միաժամանակ վախենում է։ Հայաստանում քաջ գիտակցում են, որ հայ-ռուսական բարեկամության և համագործակցության մասին խոսքերի հետևում Հայաստանին պարտադրված հարաբերություններ են։ Ամեն ինչ արվում է Ռուսաստանի Դաշնության շահերից ելնելով։ Հակառակ դեպքում Ռուսաստանը կարող է պատժել Հայաստանին և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես, և՛ Լեռնային Ղարաբաղի հարցում»։
Հայաստանի բարեփոխումները համապատասխանո՞ւմ են ԵՄ պահանջներին