Հայաստանի ԱԳ նախարար․ «Ադրբեջանը կրկին փորձում էր Հայաստանին միակողմանի զիջումներ պարտադրել Լեռնային Ղարաբաղի հարցում»
Հայաստանի արտգործնախարարը հարցազրույց է տվել «Sky News Arabia» հեռուստաընկերությանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին սրացման պատճառների մասին։ Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին մարտական գործողություններ է սկսել՝ Լեռնային Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումներ պարտադրելու համար։
Հուլիսի 12–ից հայ–ադրբեջանական սահմանին ակտիվ մարտական գործողություններ են սկսվել հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Երկու երկրների սահմանին տեղի ունեցած այս սրացումն ամենալուրջն են համարում 1990-ական թվականներից ի վեր, երբ սկսվել է ղարաբաղյան պատերազմը։ Վերջին լուրջ սրացումը Ղարաբաղում հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի է ունեցել 2016 թ–ի ապրիլին։ Այն ստացել է «քառօրյա պատերազմ» անվանումը։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հուլիսի 12-16–ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած վերջին մարտական գործողությունների ժամանակ նվազագույնը 17 մարդ է մահացել։ Ադրբեջանական կողմից հաղորդվում է 13, հայկական կողմից՝ չորս զոհի մասին։
Միայն հուլիսի 17–ին է հարաբերական անդորր հաստատվել, որը դեռևս պահպանվում է։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր կարծիքն է հայտնել նաև Ռուսաստանի դերի մասին փոխզիջումների որոնման հարցում և Թուրքիայի ապակայունացնող դիրքորոշման վերաբերյալ։
● Տեսանյութ․ ի՞նչ է կատարվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, և որո՞նք են հետևանքները
● Կարծիք․ ո՞վ է սրացում հրահրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին․ Արյո՞ք դա կարող էր Ռուսատսանը լինել
Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների պատճառների մասին
«Պատճառները բազմաթիվ են, սակայն, իմ կարծիքով, հիմնական պատճառն այն է, որ հուլիսի 12-ին Հայաստանի ուղղությամբ հարձակում գործելով՝ Ադրբեջանը ևս մեկ անգամ փորձ արեց միակողմանի զիջումներ պարտադրել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հարցում: Ես կարծում եմ, որ մենք հերթական անգամ ի ցույց դրեցինք, որ կա Լեռնային Ղարաբաղի համակարտության միայն մեկ լուծում. լուծում, որը հիմնված է ամուր փոխզիջման վրա երեք ներգրավված կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև», — հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի առավելապաշտությունը խաղաղ գործընթացում առաջընթաց գրանցելու միակ խոչընդոտն է․
«Սա նոր փորձ էր, սակայն կարծում եմ, որ ևս մեկ անգամ պարզորոշ կերպով ի ցույց դրվեց, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, որ հակամարտությունը հնարավոր է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ կարծում եմ, որ ևս մեկ անգամ շատ հստակ ձևով ի ցույց դրվեցին Հայաստանի պաշտպանական կարողությունները: Մենք շարունակում են հանձնառու լինել բացառապես խաղաղ կարգավորմանը և ամենաորոշիչ և վճռական ձևով մերժում ենք ռազմական լուծումը»։
Ըստ նախարարի՝ Տավուշի մարզում Հայաստանի դիրքերին հարվածելիս Ադրբեջանը սխալ հաշվարկ է արել․
«Միգուցե նրանց թվացել էր, որ Հայաստանի պաշտպանական կարողությունները խոցելի են տվյալ հատվածում, և նրանք կարող էին ներթափանցել Հայաստանի տարածք այդ հատվածից: Սակայն, կարծում եմ, նրանք ականատես եղան, որ Հայաստանի պաշտպանական կարողություններն ուժեղ են, և որ իրավիճակն ապակայունացնելու, այս հակամարտության աշխարհագրությունը Լեռնային Ղարաբաղից անդին ընդլայնելու և Հայաստանի հետ լայնամասշտաբ պատերազմ ծավալելու փորձերն առավել հստակորեն և վճռականորեն տապալվեցին»։
Թուրքիայի դիրքորոշման մասին
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Թուրքիայի դիրքորոշումը, որը մարտական բախումների ժամանակ Հայաստանին մեղադրել է հակամարտություն սանձազերծելու համար և պատրաստակամություն հայտնել ամեն կերպ աջակցել Ադրբեջանին․
«Չեմ կարող ասել, որ մենք զարմացած էինք Թուրքիայի դիրքորոշումից, որը հանդիսանում է ապակայունացնող գործոն ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև մյուս բոլոր հարևան տարածաշրջաններում: Մենք ականատես ենք եղել ուժի, ներթափանցման և միջամտության այսօրինակ դրսևորմանն այլ տարածաշրջաններում, այդ թվում Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Փորձ է կատարվում Թուրքիայի այս նեո-օսմանական քաղաքականությունը հետապնդել նաև մեր տարածաշրջանում: Դա տխրահռչակ, հանցավոր առաքելություն է, դա մի առաքելություն է, որն իր մեջ կրում է անցյալ դարասկզբին Հայոց ցեղասպանության իրագործման հիշողությունը»։
Ընդ որում, ինչպես նշել է նախարարն, Ադրբեջանի և Թուրքիայի բարեկամությունը չի անհանգստացնում Հայաստանին, քանի որ նա պաշտպանվելու իր հնարավորություններն ունի։ Մասնավորապես, Մնացականյանը խոսել է Ռուսաստանի առաջնորդությամբ գործող ռազմական դաշինքի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին, որի անդամ է Հայաստանն, ու ՆԱՏՕ–ի հետ գործընկերային հարաբերությունների մասին․
«Հայաստանը երկիր է, որն աշխատում է կայունության ուղղությամբ և մերժում է որևէ ռազմական լուծում, ռազմական ճանապարհով տարածաշրջանային քաղաքականության իրականացում: Մենք վճռականորեն կմերժենք նման քաղաքականությունը դիվանագիտական հարթակում, քաղաքական առումով և մենք, անշուշտ, պատրաստ կլինենք պաշտպանվելու: Սակայն անկայունության որևէ ռազմական ընդլայնում և ռազմական լուծումների հետապնդում աղետալի կլինեն ողջ տարածաշրջանի համար: Դա նաև ի ցույց կդնի ևս մեկ անգամ Թուրքիայի շատ ապակառուցողական և վտանգավոր քաղաքականությունը»։
Ռուսաստանի դերի մասին
Հարցազրույցի ընթացքում ԱԳՆ ղեկավարը մի քանի անգամ ընդգծել է, որ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը գերագույն առաջնահերթություն է․
«Գործընթացը տեղի է ունենում միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը ներառում է Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը»։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, ապա ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը շատ զգուշավոր քաղաքականություն և կառուցողական աշխատանք է իրականացրել բոլոր շահագրգիռ կողմերի համար փոխզիջումային լուծում գտնելու ուղղությամբ․
«Մենք մեծապես ողջունում ենք այդ քաղաքականությունը և կշարունակենք աշխատել Ռուսաստանի հետ, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ՝ խաղաղ կարգավորման գործընթացին հետամուտ լինելու համար։ Պատերազմը տարբերակ չէ։ Դա աղետ է ողջ տարածաշրջանի համար: Մենք լիովին և կտրականապես մերժում ենք ռազմական որևէ լուծում, որևէ պատերազմ մեր տարածաշրջանում: Սա է մեր քաղաքականությունը»։