«Արցախի ինքնորոշումը բանակցությունների առանցքային մասն է»․ ՀՀ արտգործնախարար
Ինքնորոշման իրավունքը եղել է բանակցային գործընթացի հիմնասյուներից մեկը, և ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չէ հանել օրակարգից, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարն իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Իվ Լը Դրիանի հետ համատեղ ասուլիսին։
Ֆրանսիան երկրորդ երկիրն է, ուր այցելել է նոր արտգործնախարար Արա Այվազյանը նշանակումից հետո։ Դեկտեմբերի 6-7-ին կայացել էր նրա այցը Ռուսաստան և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները։ Երկու երկրներն էլ համանախագահներ են հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբում, որի շրջանակում ընթանում են արցախյան հարցով խաղաղ բանակցությունները։
- Ի հեճուկս վերջնագրի․ Հայաստանի վարչապետ Փաշինյանը հրաժարական չտվեց
- «Բաքվի և Երևանի ներկայացուցիչները բանակցություններ կանցկացնեն Արցախի վերաբերյալ»․ Հայաստանի ԱԳՆ
Միջազգային պարտավորությունների խախտում
«Ադրբեջանը և Թուրքիան, սկսելով ռազմական ագրեսիան Արցախի ինքնորոշման դեմ, խախտել են միջազգային իրենց պարտավորությունները, իսկ Ադրբեջանը խախտել է նաև խաղաղ բանակցային գործընթացի իր պարտականությունները», — հայտարարել է Արա Այվազյանը լրագրողների հետ հանդիպմանը։
Միջազգային հանրությունն, ըստ նրա, սեպտեմբերի 27-ից սկսած, երբ բռնկվել է արցախյան երկրորդ պատերազմ անվանումը ստացած պատերազմը, հասկացավ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սոսկ տարածքային վեճ չէ․
«Արցախի բոլոր այն հատվածներում, որոնք անցան Ադրբեջանի հսկողության տակ, տեղի են ունեցել էթնիկ զտումներ և ռազմական հանցագործություններ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է անհրաժեշտությունն անդրադառնալ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը: Միայն այդ դեպքում, ինձ թվում է, հնարավոր է հասնել տևական և արդար խաղաղության, և միայն այդ ժամանակ կարելի է մտածել Հարավային Կովկասում խաղաղ գոյատևման և նոր ժամանակաշրջանի մասին»։
Գերիների նկատմամբ վերաբերմունքի և փախստականների վերադարձի մասին
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային և դաժան վերաբերմունքը վճռական դատապարտում է պահանջում, կարծում է Հայաստանի արտգործնախարարը։
Նրա խոսքով՝ դաժանությունը ոչ միայն չի դատապարտվում Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից, այլև արժանանում է հասարակական աջակցության․
«Հայատյացության այս դրսևորումների թիրախ են դառնում նաև Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական բազմաթիվ միջնադարյան մշակութային, կրոնական կոթողները, որոնք ադրբեջանական կողմը կամ փորձում է ոչնչացնել, սրբապղծել, կամ էլ՝ փոխել դրանց ինքնությունը»։
Նախարարը կրկին ընդգծել է, որ հայկական կողմն ակնկալում է ռազմագերիների անհապաղ փոխանակում և զոհվածների մարմինների վերադարձ։
Հայաստանին, ըստ Արա Այվազյանի, անհանգստացնում է նաև Արցախում ռազմական գործողությունների ժամանակ իրենց տները լքած հայկական բնակչության վերադարձի անվտանգության հարցը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել իր ֆրանսիացի գործընկերոջը Հայաստանին ցուցաբերված մարդասիրական օգնության համար․
«Վերջին ամիսներին մենք, հիրավի, զգացել ենք ֆրանսիացի ժողովրդի, պետության և հասարակական շրջանակների անկեղծ աջակցությունն ու կարեկցանքը»։
