Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը 1918 թ․-ին անկախ հանրապետություններ ստեղծեցին․ ինչո՞ւ դրանք անկում ապրեցին
Հայաստանի առաջին հանրապետության անկումը
Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների համար 1918 թվականը վճռորոշ էր: Հայաստանն, Ադրբեջանն ու Վրաստանը ստեղծեցին ժողովրդավարական կառուցվածքով իրենց պետությունները՝ անկախ հանրապետությունները:
«Հանրապետություն» բառը սերում է լատիներեն res publica արտահայտությունից, որը նշանակում է «Հասարակական գործ»: Հանրապետությունը պետական կառավարման ձև է, որն ունի երեք տարբերակիչ բաղադրատարր՝
1․ Պետական իշխանության բոլոր մարմինները կամ ընտրվում են որոշակի ժամկետով, կամ ձևավորվում են համազգային ներկայացուցչական հաստատությունների կողմից: Սովորաբար այդ դերը կատարում է խորհրդարանը:
2. Պարտադիր է երկրի ղեկավարի ընտրությունը, իշխանությունն ընտրություններից զատ ժառանգաբար կամ այլ կերպ իշխանությունը փոխանցելու ահնարինությունը, ընդ որում՝ ընտրություններում պետք է ներգրավված լինի երկրի ողջ բնակչությունը:
3. Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար անձնական և քաղաքական իրավունքներ ունեն:
1918 թ․-ի ապրիլի սկզբին հռչակվեց Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը: Սակայն այն շատ արագ մասնատվեց 3 պետությունների:
1918 թ․-ի մայիսի 26-ին անկախություն հռչակեց Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը:
1918 թ․-ի մայիսի 28-ին անկախ հռչակվեցին Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը:
Երկու բաժիններում մենք կպատմենք այդ երեք հանրապետությունների գլխավոր ձեռքբերումների, ինչպես նաև դրանց անկման պատճառների մասին:
- Հայոց ցեղասպանություն․ ի՞նչ չեն կարող մոռանալ և ի՞նչ են պահանջում Թուրքիայից զոհերի սերունդները 105 տարի անց
- Նոր ռազմավարություն․ հաստատվել է Հայաստանի պետական համակարգն արդիականացնելու ուղին
- «Ղարաբաղն առանց հայերի». Հայաստանի վարչապետը՝ Բաքվի քաղաքականության մասին
1.
Հակիրճ այդ ժամանակվա քաղաքական համատեքստի մասին
20-րդ դարի սկիզբը Կովկասի համար ողբերգական ժամանակահատված էր միանգամից մի քանի առումներով:
Այս բոլոր երեք երկրները մինչև այդ պահը երկար տարիներ Ռուսական կայսրության մաս էին կազմում: Ընթանում էր առաջին աշխարհամարտը, որի մի մասն էին կազմում մարտերը թուրքական ճակատում:
1915 թ․-ին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցավ հայկական բնակչության զանգվածային ոչնչացում և արտաքսում: Տարբեր տվյալների համաձայն՝ ավելի քան մեկուկես միլիոն հայեր զոհվեցին։ Հայաստանը, շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ այդ դեպքերը ճանաչել են որպես Հայոց ցեղասպանություն:
Ռուսաստանում մեկը մյուսի հետևից երկու հեղափոխություն տեղի ունեցավ: Արդյունքում՝ 1917-1921 թթ․-ին Ռուսաստանում իշխանությանը վերջնականապես տիրացան բոլշևիկները, մեկնարկեց կոմունիստական ռեժիմի հաստատումը:
2.
Երեք անկախ պետությունների գլխավոր ձեռքբերումները՝ նախքան Կարմիր բանակի կողմից դրանց գրավումը
Հայաստան
Հայաստանի Առաջին Հանրապետության զինանշանն ու դրոշը: Լուսանկարը տրամադրել է Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը։
Հայաստանի Առաջին Հանրապետությունը կենսական կարևոր նշանակություն ունեցավ մի ժողովրդի համար, որը դարերով զուրկ էր եղել պետականությունից:
Հայաստանի Հանրապետության կարճ՝ երկուսուկես տարվա գոյության (1918 թ․-ի մայիսից մինչև 1920 թ․-ի դեկտեմբեր) արդյունքները կարելի է ամփոփել հետևյալ կերպ.
1. Ձևավորվեց պետական ապարատ, ընտրվեց խորհրդարան, ստեղծվեցին բանակն ու ներքին գործերի մարմինները:
2. Այդ ընթացքում նախարարների 4 կաբինետ փոխվեց, հետևաբար՝ նաև 4 վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Համո Օհանջանյանն ու Սիմոն Վրացյանը:
3. Աշխարհի տասնյակ երկրներում՝ ԱՄՆ-ից մինչև Հեռավոր Արևելք և Ասիայի երկրներ, բացվեցին դիվանագիտական ներկայացուցչություններ, նշանակվեցին դեսպաններ։
4. 1918 թ․-ի օգոստոսին շրջանառության մեջ դրվեց պաշտոնական դրամական միավոր՝ հայկական ռուբլին:
Ադրբեջան
Ադրբեջանի անկախ Դեմոկրատական Հանրապետությունը (բնօրինակում՝ «Ժողովրդական հանրապետություն») ստեղծվեց 1918 թ․-ի մայիսի 28-ին Թիֆլիսում: Դա տեղի ունեցավ երկու օր անց այն բանից հետո, երբ Վրաստանը հայտարարեց Անդրկովկասյան ֆեդերացիայի կազմից դուրս գալու մասին:
Ֆեդերացիան ղեկավարում էր «Անդրկովկասյան սեյմ» կոչվող ընտրովի մարմինը: Եվ հենց դրա «մահմեդական խմբակցությունն» էլ փաստացի դարձավ առաջին ադրբեջանական խորհրդարանը:
Այն կոչվում էր Ազգային խորհուրդ, նախագահը «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Մամեդ Էմին Ռասուլզադեն էր: Ադրբեջանական առաջին հանրապետության առաջին կառավարության նախագահ դարձավ անկուսակցական Ֆաթալի խան Խոյսկին:
Հանրապետությունը գոյություն ունեցավ 23 ամիս՝ մինչև 1920 թ․-ի ապրիլի 28-ը: Այդ ժամանակ Բաքուն գրավվեց 11-րդ Կարմիր բանակի կողմից:
Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության երեք հիմնական ձեռքբերումները կարելի է ձևակերպել այսպես՝
1. Այն մուսուլմանական Արևելքում առաջին խորհրդարանական հանրապետությունն էր: Ադրբեջանի առաջին խորհրդարանի կազմում 11 խմբակցություն էր ներկայացված:
2. Խորհրդարանի ստեղծման մասին որոշման մեջ կարևորվում էր այն, որ պետք է ներկայացված լինեն Ադրբեջանում ապրող բոլոր ժողովուրդները: Եվ այդ խորհրդարանի կազմում երկու հայկական խմբակցություն կար:
3․ Առաջին անգամ Ադրբեջանում և ողջ իսլամական աշխարհում կանայք ընտրելու իրավունք ստացան: Որոշումը կայացվեց 1918 թ․-ի նոյեմբերին՝ Բրիտանիայի հետ միաժամանակ, և Ադրբեջանն այդ նորարարությամբ առաջ անցավ նույնիսկ եվրոպական և ամերիկյան երկրների մեծ մասից:
4․ Բաքվում ստեղծվեց առաջին պետական համալսարանը: Դա տեղի ունեցավ 1919 թ․-ի սեպտեմբերի 1-ին, համալսարանում ի սկզբանե կար 4 ֆակուլտետ՝ պատմականը, ֆիզիկամաթեմատիկականը, իրավաբանականն ու բժշկականը: Համալսարանի առաջին ռեկտորը հայտնի վիրաբույժ Վասիլի Ռազումովսկին էր: Այդ համալսարանում է սովորել Նոբելյան մրցանակի ապագա դափնեկիր Լև Լանդաուն:
Վրաստան
Վրացական ազդեցիկ քաղաքական և ինտելեկտուալ շրջանակները չճանաչեցին Խորհրդային իշխանությունը, որը Ռուսաստանում հաստատվեց 1917 թ․-ի հեղափոխությունից հետո:
1917 թ․-ի նոյեմբերի 19-ին Թբիլիսիում կայացավ առաջին ազգային համագումարը, որի ժամանակ էլ ընտրվեց Վրաստանի Ազգային խորհուրդը, այսինքն՝ փաստացի կառավարությունը:
Իսկ գրեթե կես տարի անց՝ 1918 ․թ-ի մայիսի 26-ին, հրապարակվեց և ընդունվեց Անկախության ակտը: Այդպես ստեղծվեց Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը:
Դրա գլխավոր ձեռքբերումները կարելի է ձևակերպել այսպես՝
1. Վրաստանում կայացան առաջին ժողովրդավարական ընտրությունները՝ 1919 թ․-ի փետրվարի 14-ին: Այդպես ստեղծվեց Վրաստանի Հիմնադիր ժողովը՝ ժամանակակից խորհրդարանի անալոգը: Ընտրություններին մասնակցեց 15 կուսակցություն, դրանցից 6-ն անցան Հիմնադիր ժողով: Վրաստանի պատմության մեջ առաջին իշխող կուսակցությունը դարձավ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:
2. Հիմնադիր ժողովն ընդունեց Վրաստանի պատմության մեջ առաջին Սահմանադրությունը: Դա տեղի ունեցավ 1921 թ․-ի փետրվարի 21-ին: Սահմանադրությունը երաշխավորում էր կանանց, կրոնական և ազգային փոքրամասնությունների իրավունքները: Դրանում մահապատիժը չեղարկված էր: Սակայն առաջին Սահմանադրությունը գործեց ընդամենը 4 օր: Հիմնադիր ժողովն այն ընդունեց ոչ թե ժողովրդական տոնախմբությունների աղմուկի, այլ թնդանոթների կրակի տակ. Կարմիր բանակն արդեն մտել էր Վրաստանի տարածք: 1918 թ․-ի փետրվարի 25-ին Վրաստանը բռնակցվեց:
3. Ստեղծվեցին առաջին միջազգային կապերը։ Բազմադարյա անհաջող փորձերից հետո Վրաստանն առաջին անգամ հասավ նրան, որ Եվրոպան «եկավ» երկիր՝ շրջանցելով Ռուսաստանը: Առաջին անգամ անկախ Վրաստան ժամանեց Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետը, Գերմանիան դարձավ դաշնակից:
4. Վրաստանի քաղաքականության մեջ ակտիվ դեր սկսեցին խաղալ կանայք: Հիմնադիր ժողովում 130 պատգամավորներից 5-ը կանայք էին՝ Մինադորա Օրջոնիկիձե-Թորոշելիձեն, Էլեոնորա Տեր-Պարսեղովա-Մախվիլաձեն, Կրիստինա Շարաշիձեն, Էլիսաբեդ-Լիզա Նակաշիձե-Բոլկվաձեն, Աննա Սոլոգաշվիլին: Այդ հինգ կանանց ստորագրությունները դրված են Վրաստանի առաջին Սահմանադրության տակ։
5. Ստեղծվեցին ընդհանուր դատարաններն ու երդվյալ ատենակալների համակարգը, ձևավորվեց Գերագույն դատարանի կառուցվածքը:
6. Պարտադիր դարձավ բազային կրթությունը. սկսեց ձևավորվել դպրոցական ենթակառուցվածքը:
7. Իրականացվեց ագրարային բարեփոխում, որի արդյունքում հողային ֆոնդի մեծ մասը դարձավ պետական սեփականություն: Սակայն բոլոր քաղաքացիների՝ նվազագույն հողակտոր ունենալը երաշխավորվեց։
3
Երեք անկախ հանրապետությունների անկման պատճառները
Մեկնաբանություններ հատուկ JAMnews-ի համար
«Ադրբեջանը 1918 թվականին» նախագծի հիմնադիր Թորգուլ Վելիև
«1917 թ․-ից հետո ժողովրդին հուզում էր երկու հարց՝ աշխատանքային և ագրարային: Իսկ Ռուսաստանին հետաքրքրում էր Բաքվի նավթը:
Եթե հանրապետության կառավարությունն ագրարային բարեփոխում իրականացներ, աշխատանքային օրենք ընդուներ և համաձայներ նավթ արտահանել Ռուսաստան, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը կշարունակեր իր գոյությունը:
Թեև այնուամենայնիվ սոցիալիստական կլիներ՝ որոշակի կրոնական ուղղվածությամբ:
Մեծ Բրիտանիան էր առաջին հանրապետության կառավարությանն արգելում նավթ մատակարարել Ռուսաստանին: Եվ, իմիջիալյոց, 1920 թ․-ին 11-րդ Կարմիր բանակի ներխուժումը Բաքու հենց նավթով էր պայմանավորված: Եթե Ադրբեջանն այն մատակարարեր, Ռուսաստանը քաղաքը վերահսկողության տակ առնելու անհրաժեշտություն չէր ունենա;
Մատակարարումները մեկնարկեցին 1920 թ․-ին, սակայն գործընթացը սկսվել էր, արդեն շատ ուշ էր»:
Լրագրող, JAMnews-ի հեղինակ Շահին Ռզաև
«Մենք չենք ուզում աշխարհը մանր մասերի բաժանել», — ասել էր ԱՄՆ նախագահը ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Փարիզի խաղաղության կոնֆերանսին, որտեղ հաղթող երկրները վճռում էին Եվրոպայի ճակատագիրը Առաջին աշխարհամարտից հետո: Եվ հավելել էր․
«Կովկասի հանրապետությունների անկախության ճանաչման հարցը կարող է դիտարկվել «ռուսական հարցի» լուծումից հետո»:
«Գերտերությունները» համարում էին, որ կան անկախության համար պատրաստ ժողովուրդներ, այնպիսին, ինչպիսին են օրինակ՝ Լեհաստանն ու Ֆինլանդիան, և դրան անպատրաստ ժողովուրդներ, օրինակ՝ Ադրբեջանն ու Վրաստանը:
Միջազգային աջակցություն չգտնելով՝ փոքր Ադրբեջանը դեմ առ դեմ հայտնվեց հզոր Ռուսաստանի հետ: Դիմակայության ելքը կանխորոշված էր՝ անկախ նրանից, թե ով էր այն ժամանակ գլխավորում Ռուսաստանը:
Բացի այդ էլ, թուրք եղբայրները բոլշևիկյան Ռուսաստանի հետ պայմանագիր կնքեցին և միմյանց միջև բաժանեցին Կովկասում ազդեցության ոլորտները:
Թուրքիան Ռուսաստանին վերադարձրեց Բաթումը, որը նրան էր հասել Բրեստի խաղաղության պայմանագրով, սակայն իրեն պահեց Կարսը: Միակ բանը, ինչ Ադրբեջանը շահեց այդ պայմանագրից, Նախիջևանի ինքնավարությունն էր՝ «Ադրբեջանի պրոտեկտորատի տակ»։
Սակայն երբ Կարմիր բանակը հերթով գրավում էր Բաքուն, Երևանն ու Թբիլիսին, Թուրքիան արդեն չմիջամտեց»:
Պատմաբան, Հայոց նորագույն պատմության ուսումնասիրությունների գիտահետազոտական կենտրոնի հիմնադիր և ղեկավար Մայքլ Բաբայան
«Հայաստանի Հանրապետությունն անկում ապրեց քեմալաբոլշևիկական ծանր հարվածների, այսինքն՝ ակտիվ արտաքին միջամտության հետևանքով:
Քեմալական Թուրքիան և բոլշևիկներն իրենց պլաններն ունեին և պայմանավորվել էին համատեղ գործել Հայաստանի դեմ: Ռազմական գործողությունները սկսվեցին գրեթե միաժամանակ. բոլշևիկները Հայաստանի տարածք մտան 1920 թ․-ի նոյեմբերին: Իսկ մինչ այդ նրանք արդեն մտել էին Զանգեզուր, Ղարաբաղ և Նախիջևան:
Նման պայմաններում լրացուցիչ հարված դարձավ հայ-թուրքական պատերազմը, որը մեկնարկեց 1920 թ․-ի աշնանը: Հայաստանը երկու ուղղություններով ռազմական գործողություններ վարելու ուժ չուներ։
Եթե այդ չարաբաստիկ խորհրդայնացումը չլիներ, անկախ Հայաստանն այլ ուղղությամբ կընթանար: Նախքան այդ իրադարձությունները Հանրապետության կառավարությունը առաջիկա տարիների համար սահմանել էր նպատակներ, որոնք բավականին հեռանկարային էին և կարող էին երկրի համար կայուն զարգացում ապահովել»:
Պատմաբան, Խորհրդային անցյալի ուսումնասիրության վրացական լաբորատորիայի աշխատակից Իրակլի Խվադագիանի
«Առաջին համաշխարհային պատերազմը ոչ միայն խթանեց Վրացական առաջին հանրապետության ստեղծումը, այլև ինչ-որ առումով դարձավ դրա ձախողման պատճառը:
Առաջին աշխարհամարտը փոխեց ողջ աշխարհակարգը: Այդ պատերազմից հետո միջազգային հանրությունն ուշքի էր գալիս, և նրան շատ քիչ էր հետաքրքրում Կովկասը: Վրաստանի բախտը, ցավոք, չբերեց. այն չհայտնվեց որևէ խոշոր ուժի, ասենք՝ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի շահերի ոլորտում: Նրանք Կովկասն ու Վրաստանը չէին տեսնում իրենց ազդեցության դաշտում»:
Հայաստանի առաջին հանրապետության անկումը