Հայաստանը փնտրում է իրանական ու թուրքմենական գազ գնելու հնարավորություններ
REUTERS/Raheb Homavandi
Հայաստանն ու Իրանը քննարկել են իրանական գազ գնելու և Հայաստան տեղափոխելու հնարավորությունը: Երևանում այս տեղեկությունը շատերը գնահատել են որպես էներգետիկ այլընտրանքային աղբյուր գտնելու և ռուսական գազից կախվածություն չունենալու միտում:
Նոր հնարավորությունները քննարկվել են վարչապետ Կարեն Կարապետյանի օրերս Իրան կատարած այցի ընթացքում:
«Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Երևանը շահագրգռված է Իրանից գազ գնելու հարցում, ինչին ի պատասխան՝ Իրանի նավթի նախարարը խոստացել է հարցը քննարկել Իրանի ազգային գազային ընկերության հետ»,- փոխանցել է իրանական Asrenaft լրատվական գործակալությանը:
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Իրանի նավթի նախարարը հայտնել է, որ Կարեն Կարապետյանի հետ քննարկել են նաև թուրքմենական գազը դեպի Հայաստան տեղափոխելու հարցը, ինչին Իրանը պատրաստ է օժանդակել:
Հայաստանում շատերը կարծում են, որ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը հարկավոր է նրա համար, որ Հայաստանը նվազեցնի գազային կախվծությունը Ռուսաստանից:
Բայց էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանն ասում է, որ դա այդքան էլ այդպես չէ: Ըստ նրա՝ Իրանը կարող է մեծացնել Հայաստան ներկրվող գազի ծավալները միայն Ռուսաստանի իմացությամբ:
«Իրան-Հայաստան» գազամուղը ռուսական «Գազպրոմ» ընկերության սեփականությունն է և, եթե անգամ Իրանը ինչ-ինչ բանակցությունների արդյունքում ավելի էժան գազ առաջարկի Հայաստանին կամ մեծացնի գազի ծավալները, ապա միևնույն է, այն Հայաստան է գալու նույն գազամուղով, որը պատկանում է ռուսական ընկերությանն ու ըստ այդմ բաշխվելու է ռուսական օպերատորի կողմից, Ռուսաստանի իմացությամբ»,- ասել է փորձագետը:
Վահե Դավթյանը նշել է, որ Իրանը դժվար թե կարողանա Հայաստանին առաջարկել ավելի էժան գներով գազ, քան ռուսականն է:
«Մենք ՌԴ-ից գազ ենք գնում սահմանին 150 ԱՄՆ դոլարով: Սա Հայաստանի համար զեղչային համակարգով սահմանված գին է, մինչդեռ իրանական գազի գինը Հայաստանի համար 170-180 ԱՄՆ դոլար արժի: Իհարկե, իրանական գազն իր որակով ավելի բարձր է ռուսական գազից, բայց 1000 խորանարդ մետրի պարագայում իրանական գազը 20-30 ԱՄՆ դոլարով թանկ է ռուսական գազից»,- մանրամասնել է Դավթյանը:
Իրանական գազի ծավալների հնարավոր մեծացման ու դրա ժամկետների մասին պաշտոնապես ոչինչ չի փոխանցվում: