Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկը՝ «Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է չեղյալ հայտարարել 2013 թվականին կնքված Հայ—ռուսական գազային պայմանագիրը: «Ժառանգության» բնութագրմամբ, այն «հակապետական» է, ուստի պետք է հրաժարվել դրանից:
Հայ-ռուսական գազային պայմանագիրը կնքվել է «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» վաճառելուց հետո: Հայաստանը Ռուսաստանին 155 միլիոն դոլարի պարտք ուներ, որի կեսը մարեց հենց բաժնետոմսերի շնորհիվ:
«Գազային» պայմանագրով հայկական կողմը պարտավորություն է ստանձնել գազ գնել ռուսական կողմից մինչև 2043 թվականը: Ավելին՝ Հայաստանը պարտավորվել է մինչև 2043 թվականը չընդունել որևէ այլ որոշում կամ օրենք, որը չի բխի «Գազպրոմի», այսինքն՝ ռուսական կողմի շահերից:
Ընդդիմադիր շրջանակները ստեղծված իրավիճակը որակում են որպես խայտառակություն՝ նշելով, որ Հայաստանն ավելի թանկ է վճարում գազի դիմաց, քան, օրինակ, Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունները՝ լինելով նույն այդ կառույցի ամդամ:
«Իրազեկ քաղաքացիներ» հասարակական կազմակերպության կատարած ուսումնասիրության համաձայն, Հայաստանի բնակիչները ռուսական գազի դիմաց վճարում են մոտավորապես նույնքան, որքան նույն ռուսական գազի դիմաց վճարում են Ուկրաինայում, այն էլ այն դեպքում, երբ ռուս—ուկրաինական հարաբերությունները սրված են: Իսկ ահա Ռուսաստանի դաշնակից Բելառուսի բնակիչները, ձմռան ամիսներին, բնական գազի դիմաց վճարում են հայաստանցիներից 6-7 անգամ քիչ:
«Ժառանգություն» կուսակցությունն այս համատեքստում ևս մեկ հարց է բարձրացրել, որ Հայաստանում կան էներգետիկ այլնտրանքային աղբյուրների բազմազանության հնարավորություններ՝ գազի ներմուծում Իրանից և վերականգնվող էներգիայի տեղական արտադրություն:
Փորձագետներն էլ են կարծում, որ Հայաստանը կարող է այլընտրանքային ռեսուրսներից գազ գնել, օրինակ՝ Իրանից, որը ՀՀ քաղաքացիների համար կրկնակի անգամ ավելի էժան կլինի, քան՝ Ռուսաստանից գնվող գազը:
Բացի դրանից, «Ժառանգություն» կուսակցությունը հիշեցնում է ԱՄՆ և Եվրամիության պաշտոնական հայտարարությունների մասին Հայաստանի էներգետիկայի ոլորտում բազմամիլիարդ ներդրումների հնարավորության վերաբերյալ: Ընդդիմադիր կուսակցությունում կարծում են, որ Արևմուտքի առաջարկները «ոչ միայն Հայաստանի էներգետիկ անկախությունն ապահովելու երաշխիք են, այլև հզոր միջոց՝ տնտեսության զարգացման համար»։
Իշխանությունների պատասխանն այս հայտարարության վերաբերյալ դեռ չի հնչել:
Հայաստանին վաճառվող գազի գնի մասին JAMnews-ի նախկինում հրապարակած վերլուծությունը կարող եք կարդալ այստեղ: