Հայաստանը կհոգա փոխնակ մոր կամ դոնորի ծախսերը զոհվածների ընտանիքների համար
Հայաստանի կառավարությունն ավելացնում է վերարտադրողական առողջության ծրագրի ֆինանսավորումը զոհված զինծառայողների ընտանիքների համար: Այսուհետ պետությունը կփոխհատուցի նաև փոխնակ մոր ու դոնորի ծառայության արժեքը:
Հունվարի 13-ի նիստում գործադիրը հաստատել է աջակցության նոր միջոցառումը:
Վերարտադրողական առողջության ծրագիրը երկրում մեծ պահանջարկ ունի: 2021թ.–ին ծրագրի շնորհիվ Հայաստանում ծնվել է 76 երեխա: Շահառուներից 211-ն այս պահին հղի են:
Ծրագրի շնորհիվ երեխայի են սպասում նաև 44-օրյա պատերազմում որդի կորցրած 27 ընտանիքներ:
«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք է վերապահված մինչև 53 տարեկան կանանց։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ մշակվել է նոր նախագիծ, որն ուղղված է զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական իրավունքի իրացմանն ու առողջության բարելավմանը: Նախագծի համաձայն՝ տրամադրվող աջակցությունը ներառելու է նաև փոխնակ մոր և դոնորի ծառայությունները:
Նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ մինչ այս պետությունն ամբողջովին չէր ծածկում վերարտադրողական ծառայության ծախսերը, իսկ դրանք փոքր չեն: Պետական ֆինանսավորումն, ըստ նախարարի, թույլ կտա, որ բազմաթիվ ծնողներ իրագործեն զավակ ունենալու իրենց ցանկությունը:
Մինչ այս էլ զոհված զինծառայողների ծնողներն ունեին անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնության իրավունք, սակայն փոխնակ մոր ծառայության և դոնորական ձվաբջջի համար փոխհատուցում նախատեսված չէր:
«Փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար պայմանագրով նախատեսված վճարի 100%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 5.5 մլն դրամը, և դոնորական ծառայության համար նախատեսված վճարի 100%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 600 000 դրամը», — հայտնել է նախարար Նարեկ Մկրտչյանն ու հավելել, որ միջոցառման շահառու են հանդիսանում նաև 44-օրյա պատերազմից առաջ և հետո զոհվածների ընտանիքները:
Ըստ նախագծի հիմնավորման՝ 2021 թ. դեկտեմբեր ամսվա տվյալներով՝ անհրաժեշտ է չորս տասնյակ դոնորական ձվաբջիջ և տասը փոխնակ մայր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գործադիրն այս որոշմանը «փուլ առ փուլ է մոտեցել»: Հարցը բարձրաձայնել են ինչպես կառավարության անդամներն ու ԱԺ պատգամավորները, այնպես էլ զոհված զինծառայողների ծնողները.
«Մեր շփումներում անընդհատ այդ ազդակը ստացել ենք, որ կա ակնկալիք, որ կառավարությունն այսպիսի հարցեր լուծի»:
Նախագծի ընդունմամբ 2022 թ.-ի պետական բյուջեի ծախսերը կավելանան շուրջ 150 մլն դրամով (շահառուների թիվը պարբերաբար փոփոխվում է):
Կառավարության նիստի ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ նախարարությունը 35 նոր դիմում է ստացել զոհվածների ընտանիքներից: Որոշման ընդունումը կնպաստի այդ ընտանիքների համալրմանը: