Հայաստանը կարևո՞ր է Իրանի համար․ արևելյան դիվանագիտություն առանձնահատկությունները
Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանի հարավային հարևան Իրանը փորձում է իր դերն ակտիվացնել Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներում։
Տասնյակից ավելի երկրների հետ հազարավոր կիլոմետրեր ջրային և ցամաքային սահմաններ ունեցող Իրանն, այնուամենայնիվ, կարևորում է Հայաստանի հետ 42 կմ–անոց սահմանային հատվածի անխախտ պահպանումը։
Այս մասին իրանական կողմի հայտարարությունները հնչեցին մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի Զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի տարածք՝ մի քանի կիլոմետր առաջ տանելով իրենց դիրքերը Սյունիքի մարզում:
Ադրբեջանն այդ տարածքներն իրենն է համարում՝ որպես ապացույց ներկայացնելով խորհրդային շրջանի իր քարտեզները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դրանք կեղծ փաստաթղթեր են: Իսկ հայկական լրատվամիջոցները հրապարակեցին ԽՍՀՄ զինված ուժերի Գլխավոր շտաբի քարտեզը, որը վկայում է, որ այդ տարածքները Հայաստանին են պատկանում:
Հենց այս իրավիճակը հիմք հանդիսացավ Իրանի համար հանդես գալ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման օգտին: Պաշտոնական Թեհրանը հնչեցրեց նաև նոր արտահայտություն՝ «կարմիր գիծ», որի խախտման դեպքում պատրաստ է անմիջական մասնակցություն ունենալ կոնֆլիկտին։
Հայաստանում իրանագետները ակտիվ քննարկում են պատճառները և մեկնաբանում Իրանի դիրքորոշումը։
- Մեղրիով՝ Նախիջևան ճանապարհ․ Հայաստանը տարածքնե՞ր է հանձնում, թե՞ ապաշրջափակվում
- Ավելի քան 2000 հեկտար հող և երկու տասնյակ տներ․ ի՞նչ է Հայաստանը զիջել Ադրբեջանին պատերազմից հետո
- Կամավոր փախուստ Երևանից և դժվար կյանք Ադրբեջանի հետ սահմանին։ Տեսապատմություն
«Կարմիր գծերի» մասին
Իրանագետ Գարիկ Միսակյանի խոսքով, Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը միտված է Սյունիքի մարզում ընթացող գործընթացներին, «Զանգեզուրի միջանցքի» մասին ադրբեջանական կողմի հայտարարություններին։ Խոսքը տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին է՝ ըստ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրի․
«Իրանական կողմը անհանգստացած է հատկապես այն խոսակցություններից, որ այս «միջանցքը» չի գտնվելու Հայաստանի վերահսկողության ներքո։ Սա Իրանում գնահատվում է որպես հայ-իրանական ցամաքային սահմանի ընդհատման և Թուրքիայի հետ սահմանի ընդլայնման փորձ։ Այս իրավիճակն աշխարհաքաղաքական վտանգներ է պարունակում Իրանի համար։
Արդեն իսկ Ադրբեջանի հետ սահմանը բավականին ընդլայնվել է։ Միաժամանակ մեծացել է տարածաշրջանում թուրքական, իսրայելական ազդեցությունը, իսկ նրանցից մեկը մրցակցային դիրք ունի Իրանի հանդեպ, մյուսը՝ բացահայտ թշնամական»։
«Հայաստանն այլընտրանք է թուրք-ադրբեջանական ուղիներին, և իրանցիները չեն ցանկանում, որ այս այլընտրանքը կորչի կամ վտանգվի», — ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Հայաստանի կարևորությունը Իրանի համար
Իրանագետ Գոհար Իսկանդարյանի դիտարկմամբ, որքան Իրանն է կարևոր Հայաստանի համար, նույնքան էլ Հայաստանն է կարևոր այդ երկրի համար։
Առաջին հերթին, նա հիշեցնում է, որ Հայաստանը միակ քրիստոնյա երկիրն է, որին սահմանակցում է Իրանը, այս երկրում բնակվում է հայկական մեծ համայնք։ Ու երբ ԻԻՀ-ի հասցեին հնչում են ծայրահեղ իսլամիզմի, ահաբեկչական երկիր լինելու մեղադրանքներ, վերջինս համոզիչ կերպով հակադարձում է իր ջերմ վերաբերմունքը քրիստոնյա Հայաստանի և հայերի հանդեպ։
«Երկրորդ՝ Հայաստանը Իրանի համար թուրանական աշխարհից այլընտրանքային ճանապարհ է դեպի Եվրոպա։ Երրորդ՝ հաշվի առնելով Իրանի մեծ ցանկությունը խորացնելու համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ, նրան անհրաժեշտ է նաև ունենալ ցամաքային կապ ԵԱՏՄ երկրների հետ։ Հայաստանը միակն է, որը ԵԱՏՄ երկիր է և սահմանակցում է Իրանին։
Չորրորդ, և թերևս ամենակարևորը, Իրանը և Հայաստանը բնական դաշնակիցներ են։ Թեպետ այս երկու ժողովուրդներին բաժանում է կրոնը, սակայն ազգային ինքնագիտակցությունը նույնն է․ պայքարել թյուրքական աշխարհի միավորման դեմ, որը կործանարար է լինելու երկուսի համար էլ», — ասում է Գոհար Իսկանդարյանը։
Դիվանագիտական հնարք
Իսկ քաղաքագետ Բենիամին Պողոսյանը կարծում է, որ Հարավային Կովկասը Իրանի համար թիվ մեկ տարածաշրջանը չէ՝ այդ երկրի կենսական շահերի տեսանկյունից։
Ըստ նրա՝ Իրանը փորձում է հաճոյանալ թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին՝ տիպիկ արևելյան դիվանագիտություն վարելով։ Բենիամին Պողոսյանը պատահական չի համարում ԻԻՀ արտաքին գործերի նախարար Զարիֆի հայտարարությունները Բաքվում և Երևանում․
«Բաքվում հայտարարեց Ալիևի պատմական դերի մասին տարածքների ազատագրման հետ կապված, և սա շոյում էր թե՛ Ալիևի ինքնասիրությունը, թե՛ ընդհանուր առմամբ ադրբեջանական ժողովրդի։ Իսկ Հայաստանում հայտարարեց տարածքային ամբողջականության «կարմիր գծերի» մասին, շատ լավ հասկանալով, որ մենք բոլորս անհանգստացած ենք Հայաստանի տարածքային ամբողջականությամբ։
Եվ մենք պետք է մեկ բան էլ հաշվի առնենք։ Ես գրեթե բացառում եմ, որ եթե Սյունիքում իրավիճակը սրվի, Իրանը կոնկրետ որևէ քայլ կանի։ Իրանը լավ գիտի, որ Հայաստանը համարվում է ռուսական ազդեցության գոտի և այստեղ որոշում ընդունողն ու քայլ անողը Ռուսաստանն է»։
Անդրադառնալով Իրանի կողմից հնչող՝ Հայաստանի հետ համատեղ կոմունիկացիոն տարբեր ծրագրերի իրականցմանը, քաղաքագետը նշում է, որ մտավախություն ունի, թե դրանք նույնպես հայտարարությունների և Հայաստանին դրական ազդակ հղելու շարքից են․
«Արտաշատ-Մեղրի ավտոճանապարհը, ըստ տարբեր գնահատումների, միջինը մեկ ու կես միլիարդ դոլար է արժենալու։ Ակնհայտ է, որ այս պահին Իրանը որևէ հնարավորություն չունի նույնիսկ մի քանի հարյուր միլիոն գումար ներդնել այս ծրագրում։ Այս խոսքերն ուղղված էին Հայաստանում որոշակի համակրանք շահելուն և Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռվածությունը պահելուն»։
Ռուսաստանի գործոնը
Իրանագետ Գեորգի Միրզաբեկյանի դիտարկմամբ՝ որքան էլ Իրանը գիտակցում է, որ Հայաստանը ռուսական ազդեցության գոտի է, այնուհանդերձ, փորձում է տարածաշրջանում հետ չմնալ գործընթացներից։ Դա առանձնապես նկատելի է նոյեմբերի 9-ի՝ Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո՝ Ռուսաստանի միջնորդությամբ․
«Իրանը ամեն կերպ փորձում է վերականգնել իր ազդեցությունը՝ առաջարկելով այլընտրանքային ուղիներ։ Դրա վառ ապացույցն էր Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի հայտարարությունը Հայաստանում, որ Պարսից ծոցը Սև ծովին կապող ուղին պետք է անցնի Հայաստանով, օգտագործելով Նախիջևանի ճանապարհը։
Իրանը խոսում է հենց այս ճանապարհի մասին, որպեսզի նվազեցնի իր վնասները, որոնք պետք է կրի ապաշրջափակման գործընթացից [ամրագրված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների ստորագրած եռակողմ հայտարարությամբ]։ Ւրանը ուզում է պահպանել իր ազդեցությունը Նախիջևանում։
Նաև պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը իր ցամաքային հաղորդակցությունը իրականացնում է հենց Իրանի տարածքով։ Բայց այս պահին Իրանը հետապնդողի դիրքում է հայտնվում և փորձում է հնարավորինս պաշտպանել իր պետական շահը։ Այդ պատճառով էլ ակտիվ կոնտակտների ու բանակցությունների մեջ է տարածաշրջանի երկրների հետ»։
Մնալ խաղի մեջ
Իրանագետները կարծում են, որ Կովկասում խախտված բալանսը Իրանի օգտին չէ, և Հայաստանի հարավային հարևանը ջանքեր է գործադրում իրավիճակը շտկելու ուղղությամբ։
Գոհար Իսկանդարյանը նշում է, որ արցախյան վերջին պատերազմի ժամանակ Իրանը կրկին ակտիվորեն փորձում էր միջնորդի դերակատարություն ստանձնել, մինչդեռ նրա հիմնական մրցակիցներից Թուրքիան ուղղակի նյութական, մարդկային, ռազմական, ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերեց պատերազմող կողմերից մեկին՝ Ադրբեջանին։ Իսկ Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, փորձեց չեզոքություն պահպանել։
«Այսպիսով, Ադրբեջանին Թուրքիայի աննախադեպ, մեծածավալ աջակցության պատճառով խախտվեց այն նուրբ բալանսը, որը մինչ այդ 30 տարի առկա էր Կովկասում երեք երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև։ Ո՛չ Ադրբեջանում, ո՛չ էլ Վրաստանում Իրանը չուներ և այժմ էլ չունի հենման այն կետը, որ ուներ Հայաստանում։
Սակայն պատերազմի ընթացքում Իրանի որդեգրած կրավորական դիրքը Հայաստանի հանրության շրջանում հիասթափություն առաջացրեց, իսկ պատերազմից հետո Ադրբեջանին հաղթանակի և հողերի «ազատագրման» կապակցությամբ շնորհավորանքները՝ տարակուսանք», — ասում է Գոհար Իսկանդարյանը։
Ըստ նրա՝ Իրանն այժմ ջանքեր է գործադրում խաղի մեջ մնալու համար․
«Հասկանում են, որ առաջնային է դարձել հաղորդակցության ուղիների բացումը, ուստի հանդես են գալիս նմանատիպ առաջարկով։ Հարկ է նշել, որ Իրանը բազմիցս առաջարկել է թե՛ Թուրքիային, թե՛ Ռուսաստանին, Կովկասում ևս կիրառել այն մոդելը, որը կիրառվել է Սիրիայում։ Այս դեպքում 3+3 սկզբունքը՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան + Ռուսաստան, Թուրքիա և Իրան։
Սակայն Իրանի այս առաջարկը, կարծես, ի չիք է դառնում։ Նախ՝ այն պատճառով, որ Վրաստանը ցանկություն չունի մտնել մի ոլորտ, որտեղ գործում է Ռուսաստանը, երկրորդ՝ Հայաստանն առանձնապես դեմ է Թուրքիայի մասնակցությանը»։