«Հայաստանը կարող է կրկնել Սինգապուրի հաջողությունը»․ Ռուսաստանից տեղափոխված գործարարներ
Հայաստան տեղափոխված ռուսական բիզնես
Ռուսական, բելարուսական և ուկրաինական բիզնեսների ներհոսքը Հայաստան շարունակվում է։ Վերջին մեկ ամսվա ընթացքում իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի գործակալությունում որպես անհատ ձեռներեց հաշվառվել է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և Ուկրաինայի 1180 քաղաքացի, ևս 410-ը գրանցել են ՍՊԸ: Նույն ժամանակահատվածում գրանցվել է 3 հիմնադրամ, 2 ՓԲԸ: Նոր բիզնեսների գերակշիռ մասն, ինչպես և ակնկալվում էր, ՏՏ ոլորտի ընկերություններ են:
Այս ակտիվ ներհոսքը մեծապես պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով, ՌԴ նկատմամբ կիրառվող սահմանափակումներով և պատժամիջոցներով:
JAMnews-ը փորձել է պարզել, ինչ ընտրություն են ունեցել հատկապես ռուս գործարարները, ինչու է նրանց ընտրությունը Հայաստանի վրա կանգ առել։ Երևան տեղափոխված ռուսաստանցիների պատմությունները։
- «Ռիկոշետ» Հայաստանի վրա․ ինչպե՞ս կտուժի տնտեսությունը Ուկրաինայի պատերազմի հետևանքով
- «Մեծ հարված թուլացած տնտեսությանը»․ Հայաստանում գազն էլ թանկացավ
- Ռուսաստանցիները Հայաստանում․ ինչո՞ւ են գալիս, ինչպե՞ս են իրենց այստեղ զգում և արդյո՞ք երկար կմնան
«Ընտրությունը չորս երկրների միջև էր»
Հայաստան տեղափոխված ձեռնարկատերերն ազնվորեն պատմում են, որ տեղափոխվել են հարակից երկրներում տեղակայվելու շանսերը գնահատելուց հետո միայն: Ընտրությունն էլ հիմնականում Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի ու Հայաստանի միջև է եղել:
Շուրջ 5 տարի Ռուսաստանում ՏՏ ոլորտում բիզնես գործունեություն ծավալած ընկերության հիմնադիր Օլեգ Ալեքսանդրովն ասում է.
«Դուբայը շատ լավ բիզնես միջավայր ունի, այն չափազանց զարգացած քաղաք է, բայց այնտեղ թանկ է ամեն ինչ: Սովորական, միջին դասի ՏՏ ոլորտի մասնագետը, որն ստանում է 2-4 հազար դոլար, իրեն չի կարող թույլ տալ ապրել Դուբայում:
Թուրքիայում, հատկապես փոքր ու միջին ընկերությունների համար օրինական աշխատելու հնարավորությունները գրեթե անհասանելի են։ Այնտեղ օրենք կա, ըստ որի մեկ օտարազգի աշխատակցի դիմաց պետք է աշխատանքի ընդունվի 5 տեղացի: Հետևաբար, մեզ նման կազմակերպությունների համար այնտեղ ուղղակի անհնար է օրինականորեն գոյություն ունենալ:
Վրաստանը հրաշալի երկիր է, բայց հատկապես վերջին շրջանում ռուսաֆոբիայի շատ դեպքեր են այնտեղ լինում, որոնք ակտիվորեն լուսաբանվում են ռուսական լրատվամիջոցներով: Այդ ամենի ֆոնին քչերն են ցանկանում Վրաստան գնալ, չնայած նրան, որ այնտեղ ևս բիզնես միջավայրը լավն է:
Հայաստանն ունի մի քանի կարևոր առավելություն: Այն առավելապես մոտ է Ռուսաստանին, այստեղ բոլորը խոսում են ռուսերեն, ինչը ոչ պակաս կարևոր է, գործում են հարկային արտոնություններ՝ ՏՏ ոլորտի ստարտափների համար։ Այստեղ հնարավոր է հեշտությամբ ընկերություն գրանցել և օրինական բիզնես վարել: Չափից դուրս շատ չվերթներ կան դեպի Ռուսաստան. այս առումով հեշտ է նաև բիզնես կոմունիկացիան ապահովելը»:
Ձեռնարկատերն անկեղծանում է՝ լինելով միջազգային կազմակերպություն, ինչպես տեղափոխվածներից շատերը, խնդիրներ են ունեցել բանկային գործարքների հետ, ինչն էլ ստիպել է արագացնել որոշումների կայացումը:
Ընկերությունը երկարաժամկետ կտրվածքով գրասենյակային տարածք է վարձակալել Երևանում և սկսել աշխատակազմի փուլային տեղափոխման գործընթացը: 120 հոգանոց աշխատակազմից 25-ն արդեն Երևանում են:
Ընկերությունն առաջիկայում նախատեսում է աշխատակազմը համալրել նաև հայ մասնագետներով: Մինչ այդ, սակայն, պլանավորում են իրականացնել կրթական ուսուցողական ծրագրեր՝ հնարավորութուն տալով սկսնակ մասնագետներին խորացնել գիտելիքներն ու պրակտիկա անցնել ընկերությունում:
Զուգահեռ նախատեսում են նաև հանդիպում կազմակերպել Հայաստան տեղափոխված ու տեղի ոլորտային կազմակերպությունների հետ՝ փորձի փոխանակման, նոր կապերի ձևավորման ու հետագա պլանների քննարկման նպատակով:
«Գրավիչ բիզնես միջավայր և մարդկային փոխհարաբերություններ»
Մեկ այլ ՏՏ ընկերության հիմնադիր Իվան Ալեքսեևը Հայաստան տեղափոխվելու դրդապատճառների մասին ասում է.
«Պարզ է, որ հիմա դժվարությունների հետ այս կամ այն չափով առնչվում են բոլոր գործարարները, առավել ևս նրանք, ում գործունեությունը օտարերկրյա արժույթի դաշտում է: Մեզ մոտ շահութի ու ծախսերի գերակշիռ մասը միշտ եղել է ռուբլով, և այդ առումով սուր խնդիրներ ՌԴ-ում դեռևս չենք ունեցել։
Մենք վաղուց էինք պլանավորում գրասենյակներ բացել այլ երկրներում: Փետրվարի 24-ից հետո ձեռնարկատիրական կոնյունկտուրան շատ է փոփոխվել մի շարք, այդ թվում՝ լոգիստիկ առումով, և մենք սկսեցինք դիտարկել գրասենյակ բացելու հնարավորություններն այն երկրներում, դեպի ուր հնարավոր է թռիչքներ իրականացնել: Արդյունքում ընտրեցինք Հայաստանը և շատ բավարարված ենք մեր ընտրությամբ»:
Գործարարն ասում է, գրավել է հայաստանյան բիզնես միջավայրը և մարդկային փոխհարաբերությունները․
«Հայաստանում զարգացած է ձեռնարկատիրական մշակույթը: Բոլորը հասկանում են, որ դա արժեք է և ճիշտ վերաբերմունք են դրսևորում: Մարդկային գործոնը նույնպես նշանակալի է: Հայաստանն, ինչպես ասում են, իմ տեղն է: Այստեղ ուղղակի լավ մարդիկ են ու դրական մարդկային փոխհարաբերությունններ: Ինձ դուր է գալիս տեղի մշակույթն ու ոգին։
Երբ կինս երկու տարեկան երեխայիս հետ դուրս է գալիս զբոսանքի, մեկը կոնֆետ է հյուրասիրում, մյուսը՝ միրգ, մեկը փաթաթվում է, մյուսը՝ շոյում: Նա իրեն սուպերաստղ է զգում այս միջավայրում: Սա ուղղակի մարդկային վերաբերմունք է, բայց հոգեբանորեն շատ գրավիչ է»:
Վարձակալության բարձր գներ, հերթեր․ ռուսական ընկերությունների խնդիրները Հայաստանում
«Առաջին խնդիրը, որի հետ բախվել ենք, դա տների վարձակալության գներն են: Դա շատ կարևոր խնդիր է մեզ համար, քանի որ նախատեսում ենք շատ մեծ թվով աշխատակազմ այստեղ տեղափոխել։ Նրանց բոլորին տներ են անհրաժեշտ, իսկ բնակարանների գներն այստեղ շատ են բարձրացել և դեռ շարունակում են աճել:
Երկրորդը՝ բանկային հաշիվների հետ կապված խնդիրներն էին։ Տեղափոխվողների մեծ ներհոսքի հետ հայաստանյան բանկերը սկսեցին փոփոխել հաշիվների բացման ընթացակարգերն ու կանոնները։ Սրանք, իհարկե, լուծելի հարցեր են, այլ կարևոր խնդիրների դեռևս չենք բախվել»,- ասում է Օլեգ Ալեքսանդրովը:
Կես կատակ, կես լուրջ ավելացնում է՝ Հայաստանում բոլորը ցանկանում են օգնել, բայց հաճախ մինչև վերջ չեն պատկերացնում, թե ինչ է պետք անել տվյալ իրավիճակում և շատ պրոցեսներ ձգձգվում են․
«Կարճ ասած, եթե Հայաստանում ասում են՝ այսօր, դա միշտ չէ, որ նշանակում է այսօր, երբեմն դա կարող է նշանակել վաղը, երբեմն՝ մի քանի օր հետո»:
Իվան Ալեքսեևը Հայաստանում հանդիպած խնդիրների մասին երկար մտածելուց հետո կատակում է.
«Ամենամեծ խնդիրը, որին բախվում եմ Հայաստան տեղափոխվելուց հետո գրեթե ամեն օր, այն է, որ նույնիսկ գործնական հանդիպումներից հետո թույլ չեն տալիս հաշիվը ես փակեմ»:
«Մարդկային կապերն այստեղ աշխատում են ֆանտաստիկ արագությամբ»
Այլ երկրներից սեփական բիզնեսները Հայաստան տեղափոխած ընկերություններին աջակցելու համար ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ:
Իվան Ալեքսեևը արդեն հասցրել է ակտիվ շփումներ ունենալ պետական կառույցների ու պաշտոնյաների հետ և նկատում է.
«Մարդկային կապերն այստեղ աշխատում են ֆանտաստիկ արագությամբ: Այստեղ կարելի է մեկ-երկու զանգով կապվել փոխնախարարի հետ, ինչ-որ գաղափարներ առաջարկել՝ կապված Հայաստան տեղափոխված ընկերությունների նկատմամբ մոտեցումների հետ: Այս առումով բոլորը բաց են նորարարություններին, փոփոխություններին»:
Նա արդեն հանդես է եկել հիփոթեքային վարկավորմամբ բնակարանների ձեռք բերման ծրագրերում նաև Հայաստան տեղափոխած ընտանիքներին ներառելու առաջարկով:
Իվան Ալեքսեևին ու բազմաթիվ գործարարների հայաստանյան միջավայրում հարմարվելու ու առաջնահերթ խնդիրների լուծման հարցում աջակցում են նաև տեղի կազմակերություններ, անհատներ:
«Hay’Li Human Development» ընկերության հիմնադիր Բորիս Ֆոկինը 6 տարի առաջ է տեղափոխվել Հայաստան և այդ նախաձեռնության ակտիվ դերակատարներից է: Նա ռուս գործընկերների հետ ոչ միայն կիսվում է իր փորձառությամբ, այլև աշխատանքային թիմով փորձում նպաստել ընթացիկ խնդիների լուծմանը․
«Մենք բիզնես կապերի հաստատմամբ զբաղվում ենք արդեն շուրջ 6 ամիս։ Այստեղ ենք հրավիրում տարբեր ոլորտների ձեռնարկատերերի՝ այլ երկրներից, որպեսզի նրանց ծանոթացնենք Հայաստանի բիզնես միջավայրի հետ, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչպիսին է հայկական շուկան: Այս նախագիծը շարունակում ենք նաև այսօր. փորձում ենք կապեր հաստատել տարբեր բիզնես նախագծերի միջև, աջակցում ենք այն բիզնեսներին, որոնք արդեն իսկ տեղափոխվել են Հայաստան»:
Բորիս Ֆոկինի դիտարկմամբ՝ ռուսական բիզնեսներին Հայաստանում գրավում է հատկապես բարենպաստ հարկային քաղաքականությունը, խնդիրների արագ կարգավորման, ինչպես նաև հայաստանյան միջավայրին հեշտությամբ ինտեգրվելու հնարավորությունը:
Չնայած աչք շոյող մի շարք առավելություններին, նրա կարծիքով՝ պետական կառույցները պետք է բարելավեն փաստաթղթերի էլեկտրոնային շրջանառության համակարգը։ Դա էականորեն կարող է նպաստել Հայաստան տեղափոխված բիզնեսների սպասարկման որակի բարձրացմանը:
Հայաստանի շանսերը՝ ՏՏ ոլորտի բիզնեսների ներհոսքի պայմաններում
Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների գնահատմամբ՝ նման ներհոսքի պարագայում Հայաստանն ունի բոլոր շանսերը՝ դառնալու ՏՏ ոլորտի առաջատարը՝ տարածաշրջանում:
«Հայաստանում ՏՏ ոլորտի ընկերությունների վարման համար ներդրված արտոնյալ պայմանները երկրին տալիս են պոտենցիալ հնարավորություն՝ այստեղ տնտեսական կայուն ու բարենպաստ միջավայր ստեղծելու միջոցով երկարաժամկետ բիզնես նախագծեր իրականացնելու համար: Այն կնպաստի երկրի տնտեսական աճին ու զարգացմանը։ Հայաստանը կարող է կրկնել մի շարք փոքր երկրների փորձը՝ օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ կառուցելով ուժեղ տնտեսություն»,- նշում է Բորիս Ֆոկինը:
- Ի հեճուկս համավարակի և պատերազմի․ զբոսաշրջության զարգացումը Հայաստանի հարավում՝ Ադրբեջանի հետ սահմանին
- Հանքերն՝ ընդդեմ զբոսաշրջության, մարդիկ՝ ընդդեմ հանքերի
- Ագրոհեղափոխություն Հայաստանում։ Ի՞նչ է դա՝ երկու գյուղերի օրինակով
Օլեգ Ալեքսանդրովի դիտարկմամբ՝ ներհոսքի աճի տեմպերի պահպանման պարագայում առաջիկա տարիներին Հայաստանում կբարձրանա կենսապահովման մակարդակը․
«Նման մեծ ծավալով ՏՏ ոլորտի բարձրակարգ մասնագետների ու մեծաթիվ ընկերությունների տեղափոխումը ամենայն հավանականությամբ կնպաստի, որ Հայաստանում ՏՏ ոլորտն ավելի արագ տեմպերով զարգանա:
Տեղափոխված ընկերությունները կստեղծեն նոր աշխատատեղեր՝ տեղացիների համար: Ի հավելումն այս ամենի տեղական ՏՏ ընկերությունները ստիպված կլինեն բարձրացնել ոլորտային աշխատողների աշխատավարձերը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսական ընկերություններում աշխատավարձերը մինչ այժմ ավելի բարձր են եղել, քան Հայաստանում»:
Իվան Ալեքսեևի տեսլականն այս առումով, ավելի հավակնոտ է․
«Ես հավատում եմ, որ բոլոր դրական զգացողությունները կփոխակերպվեն հաջողակ բիզնես նախագծերի: Ես հավատում եմ, որ Հայաստանը հնարավոր է դարձնել տեղեկատվական տեխնոլոգիաների Սինգապուր»:
Գործարարներն անկեղծանում են՝ համերկրացի գործընկերներին հուշում, բայց չեն համոզում Հայաստան տեղափոխվել:
«Ներկայիս բարդ իրավիճակում միակ բանը, որ մեզ մնում է, աշխատելն ու հրաշալի ծրագրեր ստեղծելն է: Այդկերպ մենք կփորձենք աշխարհը դարձնել գոնե մի փոքր ավելի լավը: Եվ էական չէ, թե մեզնից յուրաքանչյուրը որ երկրից կնպաստի այդ նպատակի իրականացմանը։ Բայց եթե որոշեն գալ մեզ հյուր՝ Հայաստան, խոստանում ենք՝ նրանց սիրով կընդունենք ու կհյուրասիրենք շատ համեղ խորոված»,- ասում է Իվան Ալեքսևը:
Հաշվի առնելով Ռուսաստանից տեղափոխված գործարարների մտավախությունները՝ կապված Ռուսաստանում գտնվող ընտանիքի անդամների, բարեկամների, նաև բիզնեսների անվտանգության հետ, նրանց անունները փոխված են:
Հայաստան տեղափոխված ռուսական բիզնես