Հայաստանը բացել է իր օդային տարածքն Ադրբեջանի համա՞ր։ Կարծիքներ Երևանից և Բաքվից
2021 թ․ հոկտեմբերի լույս 6-ի գիշերն ադրբեջանական AZAL պետական ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը Բաքու-Նախիջևան կանոնավոր չվերթ է իրականացրել Հայաստանի օդային տարածքով։ Ի՞նչ է սա նշանակում, և ի՞նչ հեռանկարներ է այն բացում տարածաշրջանի համար։ Տեղեկություններ և մեկնաբանություններ երկու կողմից։
- «Թեհրանն ուշադիր հետևում է»․ ինչպե՞ս կլուծվի Իրան-Հայաստան բեռնափոխադրումների հարցը
- «ՀՀ իշխանությունները լվանում են ձեռքերն Արցախից»․ Ռոբերտ Քոչարյան
- Իրանը քննարկում է «Տաթև» տարանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներին իր մասնակցության հարցը
Տեղեկություններ Բաքվից
Երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 5-ին, Իրանն ադրբեջանական կողմին հայտնել է իր օդային տարածքի փակման մասին Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական ավիաուղիների ռազմական բեռնափոխադրումների համար։ Երկար ժամանակ ադրբեջանական ինքնաթիռներն օգտվում էին Իրանի օդային միջանցքներից, Հայաստանը շրջանցելով, երկրի հիմնական մասից դեպի դրա էքսկլավ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն չվերթներ իրականացնելու համար։
Պաշտոնական Թեհրանի որոշումն Իսլամական Հանրապետության և նրա հյուսիսային հարևան Ադրբեջանի միջև հարաբերությունների սրման ևս մեկ հետևանք է դարձել։
Հաջորդ օրն AZAL-ն ուղևորային չվերթ է իրականացրել դեպի Նախիջևան Հայաստանի տարածքով։ Հարկ է նշել, որ ուղևորափոխադրումների համար Իրանն իր օդային տարածքն Ադրբեջանի համար չի փակել։
«Այս քայլը ցույց է տալիս Ադրբեջանի վճռականությունը տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաարգելափակման ուղղությամբ, ինչը բխում է բոլոր սահմանակից երկրների շահերից։
Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթի երթուղու փոփոխությունը կբերի նաև այդ ուղղությամբ թռիչքի ժամանակահատվածի կրճատման և վառելիքի ծախսի նվազման», — ասված է AZAL-ի մամուլի ասուլիսում։
Ինչպես ընդգծել է ընկերությունն, այսուհետ AZAL-ը նշված չվերթն իրականացնելիս կարող է օգտագործել բոլոր առկա օդային միջանցքները, այդ թվում՝ Հայաստանի և Իրանի տարածքով անցնողները։
Նշվում է նաև, որ հայկական ավիափոխադրողները կարող են օգտվել Ադրբեջանի տարածքով անցնող օդային երթուղիներից։
Նշենք, որ Բաքու-Նախիջան-Բաքու երթուղով ուղևորատար ավտոբուսները շարունակվում են օգտվել Իրանի տարածքից։ Այս մասին հաղորդել է Ադրբեջանի ավտոմոբիլային տրանսպորտի պետական ծառայությունը։
Մեկնաբանություններ Բաքվից
Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում ընդհանուր առմամբ դրական են վերաբերվում այս նորությանը։ Սակայն ոմանք հարցեր ունեն տեղի ավիաընկերության ղեկավարությանը։
Ահա մի քանի բնորոշ մեկնաբանություն․
«2010 թ․ սկզբին ես հաճախ էի Նախիջևան մեկնում և հիշում եմ, թե ինչպես եմ մի անգամ անամպ եղանակին տեսել, որ թռչում ենք Սևանա լճի վրայով։ Հիշում եմ նաև, թե ինչպես էր մի քանի տարի առաջ Մեթյու Բրայզան տարակուսում Խանքենդիի (Ստեփանակերտի) օդանավակայանի առթիվ Ադրբեջանում անցկացվող ցույցերի կապակցությամբ։ Նա գրել էր, որ ադրբեջանական ինքնաթիռները նույնպես օգտվում են Հայաստանի օդային ուղիներից՝ Նախիջևան հասնելու համար»։
«AZAL-ն ասում է, որ այսուհետ Նախիջևանի թռիչքի ժամանակահատվածն ու վառելիքի ծախսը կկրճատվեն։ Բայց դուք, իհարկե, մի սպասեք, որ տոմսերն էժանանալու են»։
«Բացվում է Զանգեզուրի միջանցքը։ Իրանը կրկին խաղից դուրս է»։
Մեկնաբանություններ Երևանից
Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն հաստատել է, որ հոկտեմբերի 6-ին երկրի օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչք: Ավելին, կոմիտեի հաղորդագրությունում ասվում է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար՝ բացառություն են միայն Արցախյան երկրորդ պատերազմի օրերը (2020 թ․ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը):
Հայաստանի կառավարությունն ընդհանրապես չի մեկնաբանել իրավիճակը, սակայն սոցցանցերում ակտիվ քննարկում է գնում։ Օգտատերերի մեծ մասը կարծում է, որ Հայաստանի իշխանությունը տեղի է տալիս Ադրբեջանի ճնշմանը։ Քննարկմանը միացել են նաև քաղաքագետները։
«Միջանցքի առաջին կոմպոնենտը»
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Ֆեյսբուքում գրել է, որ Հայաստանը բացել է առաջին «թյուրքական միջանցքը»․
«Սա, ըստ էության, Ադրբեջան-Նախիևջան-Թուրքիա միջանցքի առաջին բաղադրիչն էր։ […] 2020թ.-ից Հայաստանում գործող կապիտուլյացիոն ռեժիմը, հանուն սեփական իշխանությունը պահելու, համաձայնեց կատարել Թուրքիայի և Ադրբեջանի գլխավոր պահանջը և կապ տրամադրել այդ երկուսին սեփական տարածքով։ Այսօր առավոտյան արդեն պաշտոնապես տրվեց միջանցքի օդային հատվածը։
Հենց այսպիսի դեպքերն են լիարժեք ապացուցում, որ Հայաստանում այսօր գործում է դե ֆակտո թուրքամետ իշխանություն։ Եթե կապիտուլյանտի [նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ստորագրել է Արցախում հրադադարի մասին եռակողմ փաստաթուղթը] գործունեությունը չկասեցվի ազգային ուժերի և արտաքին գործընկերների համագործակցությամբ, ապա օդային միջանցքից հետո հերթը կհասնի ցամաքային միջանցքին»։
Ադրբեջանն Արցախում հրադադարի հաստատումից անմիջապես հետո պնդում է, որ ցամաքային միջանցք տրամադրվի Հայաստանի հարավով՝ նրա էքսկլավ Նախիջևանի հետ կապի համար։ Հայկական կողմն այս ողջ ընթացքում շարունակում է պնդել, որ Հայաստանի վարչապետի ստորագրած հայտարարությունում խոսվում է բոլոր ճանապարհների բացման մասին, «միջանցքի» մասին, որը չի վերահսկելու Հայաստանը, փաստաթղթում խոսք չկա։
«Իրանը չի փակել, Հայաստանն էլ չի բացել»
Քաղաքագետ Մովսես Հարությունյանը նույնպես մեկնաբանել է իրավիճակը Ֆեյսբուքի իր էջում՝ պատասխանելով սոցցանցերում տարածված կարծիքին, թե «հայրենասեր Իրանը փակում է օդային տարածքն Ադրբեջանի համար, իսկ թուրքասեր Հայաստանը բացում է այն»․
«Տվյալ միտքը սխալ է կրկնակի. ո՛չ Իրանն է փակել իր օդային տարածքը, ո՛չ էլ Հայաստանը՝ բացել։
1. Նախ, Հայաստանի օդային տարածքը երբեք չի փակվել ադրբեջանական քաղաքացիական ավիափոխադրումների համար։ Հենց Ադրբեջանն է 2013 թվականին իր նախաձեռնությամբ որոշել դադարեցնել Հայաստանի օդային տարածքով ավիափոխադրումները, որպեսզի տնտեսական վնաս հասցնի մեզ, իսկ երեկվանից էլ որոշել է վերսկսել մեր օդով քաղաքացիներ տեղափոխելը։
2.Ադրբեջանի օդային տարածքն էլ, իր հերթին, փակ չի եղել Հայաստանի ավիաընկերությունների համար, այլ Հայաստանն է հրաժարվել փոխադրումներ կատարել Ադրբեջանի տարածքով։ Նույն հաջողությամբ՝ մենք էլ կարող ենք, օրինակ, այսօրվանից սկսել օգտվել նրանց օդային տարածքից։
3. Իրանը փակել է միայն ռազմական նշանակության թռիչքների հնարավորությունը, իսկ Ադրբեջանից իրականացվող քաղաքացիական թռիչքների համար օդը շարունակում է բաց մնալ։
4. Եթե անգամ ուզենք՝ չենք կարող Ադրբեջանին արգելել մեր օդային տարածքով քաղաքացիական նշանակության ավիափոխադրումներ իրականացնել, քանի որ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիան արգելում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) անդամ պետություններին խտրական մոտեցում կիրառել իրենց օդային տարածքի օգտագործման նկատմամբ»։