Հայաստանը անուղղակիորեն պատասխանում է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը Բաքվին
Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չեղյալ է հայտարարել փետրվարի 7-ին կայացրած իր որոշումը, ըստ որի՝ Հայաստանի փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը պետք է մեկներ Մինսկ և մասնակցեր Բելառուսի միլիցիայի 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Վարչապետի նոր որոշման համաձայն Վարդան Եղիազարյանը չի մեկնի Բելառուս:
Ինչպես նշում է lragir.am-ը, դա փաստորեն Հայաստանի առաջին քայլն է Բելառուսի դեմ՝ բլոգեր Լապշինի աղմկոտ գործի համատեքստում:
2016թ-ի դեկտեմբերի 16-ին հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Բելառուսում Ադրբեջանի պահանջով: Բաքվի վարկածի համաձայն՝ Լապշինն առանց ադրբեջանական կողմի պաշտոնական թույլտվության 2011թ-ի ապրիլին և 2012թ-ի հոկտեմբերին ապօրինի կերպով Ղարաբաղ է այցելել՝ խախտելով Ադրբեջանի հանրապետության պետական սահմանի մասին և Անձնագրերի մասին օրենքները: Իր բլոգում 2016թ-ի ապրիլի 6-ին և հունիսի 29-ին Լապշինը կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Փետրվարի 7-ին Լապշինն արտահանձնվել է Բաքվին:
Չնայած, որ Լապշինը ՌԴ և Իսրայելի քաղաքացի է, նրա արտահանձնումը անուղղակիորեն առնչվում է նաև Հայաստանին, քանի որ խոսքը Արցախ այցելողների հանդեպ Ադրբեջանի միջազգային հետապնդման նախադեպի մասին է:
Եվ այս պարագայում զարմանալի չէ, որ Հայաստանը արձագանքում է իրավիճակին:
Այս օրերին Հայաստանում մի շարք պատասխան քայլեր են առաջարկվել և քննարկվել: Մասնավորապես, ընդդիմադիր «Ելք» դաշնիքի կողմից Երևանում Բելառուսի դեսպանության մոտ կազմակերպվել էր բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջում էին Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը լքի Հայաստանը, իսկ հայկական իշխանությունները սառեցնեն երկկողմանի դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ:
Բացի այդ, Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պահանջել է հեռացնել Բելառուսին ՀԱՊԿ-ից:
Ինչպես նշում է «Լրագիր» պարբերականը, առայժմ առաջին քայլն արվել է՝ չեղարկվել է փոխոստիկանապետի այցը, և չի բացառվում, որ դա ոչ թե Կարեն Կարապետյանի, այլ Սերժ Սարգսյանի որոշումն է, ով փետրվարի 9-ի առավոտյան անցկացրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ: