«Նոր սահմանափակումներ ռազմական դրության պայմաններում»․ Երևանը քննարկում է
Համացանցի սահմանափակում ռազմական դրության պայմաններում
Ռազմական դրության պայմաններում Հայաստանի քաղաքացիները կարող են զրկվել որոշ կայքեր, սոցցանցեր և ինտերնետային հավելվածներ մուտք գործելու հնարավորությունից։ Երկրում կարող է սահմանափակվել ինտերնետ հասանելիությունը, հեռուստատեսությամբ հեռարձակվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակությունը։ Արդարադատության նախարարությունը նման իրավակարգավորումներ նախատեսող նախագիծ է դրել շրջանառության մեջ։
Նախագծի համաձայն՝ կառավարությունը կարող է նման արգելափակումներ և սահմանափակումներ կիրառել, եթե նշված տեղեկատվական միջոցները սպառնալիք հանդիսանան ռազմական դրության իրավական ռեժիմի պահպանմանը։
Փորձագետները կարծում են, որ եթե նույնիսկ նախագիծն ընդունվի ու օրենք դառնա, այն չի գործի, քանի որ VPN-ի օգտագործմամբ արգելքը հնարավոր կլինի շրջանցել։
Նախագծի մանրամասները, ՄԻՊ արձագանքը, քաղաքացիների կարծիքը, ինչպես նաև մեկնաբանություն
Ի՞նչ է նախատեսում նախագիծը
Նախագիծը սահմանում է ռազմական դրության ժամանակ
- մասնակի կամ ամբողջական սահմանափակումների իրավական հիմքերը,
- պետական կառավարման առանձնահատկությունները,
- նոր միջոցառումներն ու ժամանակավոր սահմանափակումները։
Հիմնավորման համաձայն՝ առաջարկվող կարգավորումները միտված են «ռազմական դրության իրավական ռեժիմի առավել արդյունավետ կանոնակարգմանը»։
Ըստ առաջարկվող փոփոխության՝ «ի հայտ եկած որոշակի խնդիրների օպերատիվ լուծման նպատակով» կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել «ռազմական դրության տարածքի հատուկ կառավարման խորհուրդ», որը կղեկավարի Հայաստանի վարչապետը։ Ոչ ռազմական բնույթի միջոցառումների իրականացման և սահմանափակումների կիրառման լիազորությունը կտրվի փոխվարչապետին։
Նախագծում նշվում է, որ ռազմական դրության պայմաններում պետք է ցուցադրվեն ու տարածվեն «բացառապես ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուստաֆիլմեր, հաղորդաշարեր ու տեղեկատվություն»։
«Սահմանափակում են մարդու իրավունքները»․ օմբուդսմեն
Անդրադառնալով օրենքի նախագծին՝ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ այն «չի անցել պատշաճ հասարակական և մասնագիտական քննարկում, անգամ ապահովված չէ ապագայում դրանց կատարող մարմինների հետ նախնական խորհրդատվությունը»:
Օմբուդսմենի գնահատմամբ՝ նախատեսվող միջոցառումները սահմանափակում են մարդու իրավունքները։
«Նախագծի խնդրո առարկա իրավակարգավորումները մտահոգիչ են մարդու իրավունքների տեսանկյունից, մասնավորապես՝ կարող են հանգեցնել կարծիքի արտահայտման ազատության և տեղեկատվության մատչելիության իրավունքների անհամաչափ սահմանափակման»,- շեշտել է Գրիգորյանը։
Հիշեցնելով առաջարկվող իրավակարգավորումների ընձեռած հնարավորությունների մասին՝ օմբուդսմենը նշել է, որ չեն նախատեսվել այն դեպքերը, երբ կարող են կիրառվել նախատեսված միջոցառումները, պայմանները, երաշխիքները, վերահսկողության մեխանիզմներն, ինչպես նաև այն, թե որ մարմինն է իրականացնելու այդ գործառույթները։
Գրասենյակի փոխանցմամբ՝ պաշտպանը կոչ է արել «լրամշակել նախագծի խնդրահարույց դրույթները» ոլորտի մասնագետների ու պատասխանատուների ներգրավմամբ․
«Կարծիքի արտահայտման ազատությունը և այն իրացնելու հիմնական միջոցների երաշխավորումը՝ որպես ժողովրդավարական հասարակության հիմնաքար և զարգացման կարևոր նախապայման, ունի ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային իրավական սկզբունքային նշանակություն»։
Ի՞նչ են մտածում քաղաքացիները
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման E-draft հարթակում այս նախագծի հանրային քննարկումը դեռևս շարունակվում է։ Քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց կարծիքն արտահայտել։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը՝
«Նախագծով չի հստակեցվում, թե որ պետական մարմինն (գերատեսչություն) է զբաղվելու ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի արգելափակմամբ։ Ո՞ր օղակն է կրելու պատասխանատվությունը հաջողելու կամ ձախողելու դեպքում»։
«Կարիք կա հստակեցնել սահմանափակվող սոցցանցերի ցանկը։ Tik Tok, WhatsApp անպայման»։
«Ռազմական դրության ժամանակ շատ աշխատանքներ համակարգում և իրականացնում է թիկունքը՝ նաև սոցցանցերի միջոցով։ Ամբողջական արգելափակումը հնարավոր է նաև խուճապ առաջացնի»։
«Ինտերնետի արգելափակումը ստեղծում է ինֆորմացիոն վակուում, որը կարող է լրացվել թշնամի պետության կողմից՝ երկրի իշխանութունների, կառավարության ոչ պատշաճ իրազեկման քաղաքականություն վարելու արդյունքում։ Հետևաբար, նախագիծը չի կարող օգնել առավել լավ կառավարել ինֆորմացիոն հոսքերը»։
Փորձագիտական կարծիք
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Factor TV-ի հետ զրույցում նշել է, որ նախագծի մասին խոսելիս հաճախ օրինակ են բերում Ադրբեջանն ու նշում, թե այնտեղ նման սահմանափակումներ գործում են։ Ասում է՝ դա Բաքվի քաղաքականության մի մասն է․
«Մենք չենք կարող մեզ համեմատել Ադրբեջանի հետ։ Ուրիշ տեսակի հասարակություն է, կարող են հազարավոր զոհեր թաքցնել, և դա հասարակության մեջ ոչ մի աժիոտաժ չառաջացնի»։
Կարծում է՝ նախ պետք է մշակել տեղեկատվական անվտանգության ռազմավարություն, և դրանից ելնելով միայն ստեղծել համապատասխան գործիքներ։ Մարտիրոսյանի համոզմամբ՝ սահմանափակումներ պետք է մտցնեն այն դեպքում, «երբ տեսնեն, որ այլ միջոց չկա»։
Փորձագետի գնահատմամբ՝ նախագծում մի շարք հարցեր մնացել են անպատասխան, օրինակ՝ ո՞վ է վերահսկողությունն իրականացնելու և ինչպե՞ս։
«Օրինակ՝ գրված է, որ մամուլը միայն ռազմահայրենասիրական բովանդակության ֆիլմեր ու հաղորդումներ ցույց տա։ Ենթադրենք, եթե ինչ-որ մեկը դուրս գա և Չարենցի սիրահարական լիրիկայից արտասանի, իրեն պետք է ձերբակալե՞ն։ Կամ այլ երկրի ռազմահայրենասիրական թեմայով ֆիլմ լինի, դա էլ է արգելվելո՞ւ»,- հարցնում է Սամվել Մարտիրոսյանը։
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետի դիտարկմամբ՝ եթե նախագիծն օրենքի վերածվի, պաշտոնական աղբյուրների նկատմամբ վստահությունն էլ ավելի կնվազի։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Համացանցի սահմանափակում ռազմական դրության պայմաններում