Արցախի հարցով «դժվար որոշումն» ընդունված է։ Արդյո՞ք պատերազմը կավարտվի
Ղարաբաղյան հակամարտության գոտում նոյեմբերի լույս 10-ի գիշերը կրակի դադարեցման մասին հայտարարությունը Հայաստանում կոշտ արձագանք է առաջացրել։ Հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել՝ վրդովված լինելով կարգավորման պայմաններով։
Ըստ փաստաթղթի, որը ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները, Ադրբեջանի վերահսկողության տակ են վերադառնում Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները։ Ենթադրվում է նաև ադրբեջանցի փախստականների վերադարձն այստեղ։
Հայաստանի բնակիչները այս համաձայնագիրը գնահատել են որպես «Արցախի հանձնում Ադրբեջանին»։ Ցուցարարները գիշերը Երևանում ներխուժել են կառավարության շենք, այնուհետև՝ նաև խորհրդարանի։ Մայրաքաղաքում անկարգությունները շարունակվել են գրեթե ողջ գիշեր։
Ընդ որում, շատերը չէին հավատում, որ վարչապետը, 2018 թ-ի «թավշյա» հեղափոխության առաջնորդը, որն իշխանության է եկել՝ շնորհիվ ժողովրդի աջակցության, կարող է նման փաստաթուղթ ստորագրել, որն ի սկզբանե անընդունելի է երկրի բնակիչների համար։
Այդ պատճառով էլ մարդիկ գիշերը մի քանի վարկած էին քննարկում, այդ թվում․
- Նիկոլ Փաշինյանին ստիպել են ստորագրել համաձայնագիրը,
- նա գործարքի է գնացել և այժմ երկրում չէ։
Ի՞նչ է տեղի ունեցել իրականում, բոլոր մանրամասները։
Վարչապետի հայտարարությունը
Գիշերը Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում։ Նա ասել է, որ անձամբ իր և ողջ հայ ժողովրդի համար այս ծանր որոշումը կայացրել է ռազմական իրավիճակի վերլուծության և այն լավ պատկերացնող անձանց գնահատականների հիման վրա․
«Բանակն ասում էր, որ պետք է կանգ առնել։ Որովհետև մենք ունենք հարցեր, դրանց լուծման հեռանկարներ չկան»։
Իր ելույթը նա վերնագրել է «Ինչո՞ւ և ո՞վ է մեղավոր», սակայն արդյունքում չի պատասխանել այս հարցերին։ Վարչապետը հայտարարել է, որ չի կարող մանրամասներ հայտնել, թե ինչու է ստորագրել համաձայնագիրը, քանի որ այժմ հրադադարի հաստատման գործընթաց է տեղի ունենում, իրավիճակը չի կայունացել։ Փաշինյանը խոստացել է որոշ ժամանակ անց ներկայացնել ողջ տեղեկատվությունը։
Բացի այդ, նա հայտարարել է, որ երկրում է և շարունակում է կատարել իր պարտականությունները։ Ավելին՝ վարչապետն ընդգծել է, որ իր կինն ու որդին առաջնագծում են այն դեպքում, երբ իր որոշումը քննադատող ընդդիմության ներկայացուցիչները մարտական գործողություններից շատ հեռու են։
Վարչապետի տիկնոջ կոչը
Փաստաթուղթը ստորագրելուց հետո Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում մարդկանց կոչ է արել խուճապի չմատնվել․
«Ինչպես մեր բոլոր զինվորները, մենք էլ մեր դիրքերում ենք։ […] Մենք թշնամիներին և դավաճաններին զիջելու հայրենիք չունենք»։
Այս գրառումը կրկին կասկած է առաջացրել, թե արդյոք Փաշինյանը ստորագրել է համաձայնագիրն այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետն ուղիղ եթեր չի մտել և հաստատել տեղեկությունը։
Ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը
17 քաղաքական կուսակցություններ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին կոչով են հանդես եկել դեռևս հրադադարի մասին պայմանագրի ստորագրումից առաջ։
Նրանց հայտարարությունում, որը հրապարակվել է նոյեմբերի 9-ին, ասվում էր, որ պատերազմական փուլում գործող իշխանությունը ցուցադրել է ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու իր անընդունակությունը․
«Մարդկային և տարածքային կորուստները, Հայաստանի դաշնակիցների, նախևառաջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ անլիարժեք հարաբերություններն ակնհայտ են դարձնում ներկայիս իշխանությունների սնանկությունը»։
«Արհավիրքը» կանխելու համար ընդդիմությունը պահանջում էր վարչապետի հրաժարականն ու առաջարկում գործադիր իշխանության նոր մարմին ստեղծել, որն ունակ է լուծելու ռազմաքաղաքական խնդիրները։
Արդեն համաձայնագրի ստորագրումից հետո ընդդիմադիրները հայտարարեցին, որ «հրաժարականը նվազագույնն է, որ պետք է անի Փաշինյանը»։
«Սա հարկադրված որոշում էր»
Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի նախագահը։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ եթե ռազմական գործողությունները շարունակվեին, կորուստներն ավելի մեծ կլինեին․
«Մենք ստիպված էինք ընդունել այս որոշումը՝ զինծառայողների կյանքը փրկելու համար»։
Սակայն այժմ, երբ այն ընդունված է, նախագահը Հայաստանի և Արցախի համար առավել մեծ սպառնալիք է համարում քաղաքացիական պատերազմն ու կոչ անում համախմբվել․
«Մենք սթափ որոշումներ կայացնելու հնարավորություն ունենալու ենք, դրա համար մեզ համախմբվածություն է պետք»։
Հայաստանի նախագահը քաղաքական խորհրդակցություններ է սկսում
Արմեն Սարգսյանը նոյեմբերի 10-ի առավոտյան հաղորդել է, որ Արցախի մասին համաձայնագրի ստորագրման և կրակի դադարեցման պայմանների մասին իմացել է մամուլից։ Նախագահն ընդգծել է, որ չի մասնակցել այս հարցի քննարկումներին։ Սակայն կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը համազգային նշանակություն ունի, հետևաբար, ցանկացած որոշում, ցանկացած գործողություն, հատկապես՝ փաստաթղթի ստորագրումը, պետք է համընդհանուր և լիարժեք քննարկումների արդյունք լինի։
Այս առնչությամբ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ անհապաղ քաղաքական խորհրդակցություններ է սկսում «որոշումների համաձայնեցման համար, որոնք բխում են համազգային շահերի պաշտպանության օրակարգից»․
«Հույս ունեմ, որ տասնօրյա ժամկետում կկարողանանք այդպիսի միասնության գալ»։
«Բանակն արել է հնարավոր ամեն ինչ»
Հայաստանի պաշտպանության բանակն ու ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարությամբ են հանդես եկել։ Դրանում ասվում է, որ զինվորականներն արել են հնարավորն ու անհնարինը, հայկական բանակը դիմակայել է թվաքանակով գերազանցող ադրբեջանական զինված ուժերին, որոնց սատարում էր Թուրքիան, և մի քանի հազար վարձկան-ահաբեկիչների։
Հայտարարությունում նաև ասվում է, որ պատերազմը դեռ չի ավարտվել, Արցախում մարտական գործողությունները շարունակվում են, սակայն արյունահեղությունը կանգնեցնելու ժամանակն է։
«Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը և, դասեր քաղելով գործած հնարավոր բոլոր սխալներից, կերտել անհամեմատ ուժեղ ու մարտունակ բանակ»։
Խաղաղապահների մասին
Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ հակամարտության գոտում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմ է տեղակայվելու․ հրազենով զինված 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։
Հաղորդվում է, որ խաղաղապահներով արդեն ութ ինքնաթիռ Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել։ Նրանց մի մասն արդեն Ղարաբաղում է և սկսում է զբաղեցնել իր դիրքերը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների առաքելությունում ներգրավված կլինեն նաև թուրք զինվորականներ։ Սակայն Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը հերքել է այս տեղեկությունը։
Այս հարցով ելույթ է ունեցել նաև Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան․
«Կցանկանայի ուշադրություն հրավիրել խաղաղապահ ուժերի վրա։ Խոսքը ՌԴ խաղաղապահ ուժերի մասին է։ Երբ հրապարակվի հայտարարության տեքստը, ոչ մի կասկած չի մնա»։