Հազարավոր մեքենաներ Հայաստանից խցանման մեջ են ռուսական սահմանին
«Վերին Լարս» հսկիչ անցակետում մեծ խցանում է առաջացել: Մեքենաների շարասյունը երկար կիլոմետրերի է հասնում: Վարորդներն ասում են, որ սահմանին ավելի քան հազար մեքենա կա: Դրանք բոլորը Հայաստանից են: Գյուղատնտեսական մթերք տեղափոխող բեռնատարները չեն կարողանում անցակետը հատել արդեն չորրորդ օրը:
«Չորեքշաբթի կեսօրին «Վերին Լարս» անցակետում կուտակվել է մոտ 100-120 բեռնատար մեքենա։ Հիմնական կուտակումները վրացական կողմից դեպի ռուսական կողմ են, բայց երթևեկը դժվարացել է երկու ուղղություններով: Իրավիճակը կապված է անցակետի թողունակության հետ», — հաղորդում են Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների տրանսպորտի նախարարությունից:
Գերատեսչությունը խոստովանում է, որ զգալի քայլեր չի կարող ձեռնարկել: Խնդիրը մասշտաբային է, և միակ լուծումն Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով այլընտրանքային ճանապարհների բացումն է:
«Միակ երկարաժամկետ որոշումն այլընտրանքային ուղու բացումն է, ինչի վերաբերյալ բանակցություններ են տարվում ինչպես վրացական, այնպես էլ ռուսական կողմերի հետ»:
• Արդյո՞ք բեռների վրաց-ռուսական տարանցումն Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով կիրականացվի
«Վերին Լարս» անցակետի մաքսակետի թողունակությունը սահմանափակ է բնական առանձնահատկությունների պատճառով: Օրական այն սովորաբար կազմում է 70-80 բեռնատար, 200 մարդատար մեքենա և 40 ավտոբուս: Մեկ օրում սահմանը կարող է հատել մոտ 4000 մարդ:
Սակայն վերջին մի քանի օրում բեռնատար տրանսպորտի հոսքը հասել է 200 մեքենայի, իսկ մարդկանց հոսքը՝ 10 հազարի: Բեռնատաների կուտակումը կապված է այն բանի հետ, որ առաջնահերթությունը տրվում է մարդատար մեքենաներին:
Իսկ այդ ընթացքում Հայաստանի գործարարները խոսում են զգալի ֆինանսական վնասների մասին: Նրանցից մեկը՝ Միխայիլ Բաղդասարյանը, պատմում է, որ ծիրանով բեռնված մեքենան, որն իրեն է պատկանում, արդեն երրորդ օրն է՝ չի կարող հատել անցակետը: Եվս երկու բեռնված մեքենաներ սպասում են Երևանում.
«Մենք հստակ չգիտենք, թե ինչով է պայմանավորված այդ խցանումը: Վրացիները մեղադրում են ռուսներին, ռուսները՝ վրացիներին: Հիմա մենք նույնիսկ ռիսկի չենք գնում և այդ երկու ֆուրերը Երևանից չենք ուղարկում, որովհետև դրանք նույնպես այնտեղ կարող են օրերով մնալ: Այստեղ գոնե սառնարաններ են աշխատում, վառելիքի խնդիր չկա»:
Բեռնատարի տերը մտավախություն ունի, որ ծիրանը կարող է փչանալ: Սառնարանները վառելիքով են աշխատում, իսկ վառելիքը վերջանում է: Միխայիլն ասում է, որ բեռնափոխադրման համար 50 հազար ռուբլի (մոտ 800 դոլար) է վճարել, այդ գումարի մեծ մասը վառելիքի վրա է ծախսվել:
«Վերին Լարս» անցակետում հերթի մեջ սպասող բեռնատարներից մեկի վարորդը JAMnews-ի հետ զրույցում պատմել է կուտակված հազարավոր մեքենաների մասին.
«Իրավիճակը շատ տխուր է: Արդեն երկու օր է՝ փակել են ճանապարհը և թույլ չեն տալիս անցնել: Բեռնված ֆուրեր են կանգնած: Ավելի քան հազարավոր մեքենաներ: Վառելիքն ավարտվում է, իսկ մենք չենք կարող գնալ լիցքավորել այն: Սարսափելի իրավիճակ է: Ջուրն է վերջանում: Մենք խուճապի մեջ ենք»:
Հայաստանում այժմ բերքահավաքի ժամանակաշրջան է: Մթերքի մի մասն արտահանվում է: Մեքենաների կիլոմետրանոց կուտակումներ Վերին Լարսում այս ժամանակահատվածում կարելի է տեսնել յուրաքանչյուր տարի: Ճանապարհը հաճախ փակվում է նաև փլուզումների պատճառով: