Հաագայի դատարանը ՀՀ և Ադրբեջանի ներկայացրած հայցերի վերաբերյալ լսումներ կանցկացնի
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հոկտեմբերի 14-19-ը Հաագայի դատարանը ՀՀ և Ադրբեջանի ներկայացրած հայցերի վերաբերյալ լսումներ կանցկացնի։
«Հոկտեմբերի 14-15-ի լսումները վերաբերելու են Հայաստնի ներկայացրած՝ նախնական միջոցների կիրառման պահանջին, հոկտեմբերի 18-19-ը կայանալիք լսումները՝ Ադրբեջանի ներկայացրած նմանատիպ պահանջին», — ասված է հաղորդագրությունում։
Դատարանը հաղորդել է, որ համավարակով պայմանավորված` հանդիպումներն անցկացվելու են «հիբրիդային ձևաչափով»․
«Որոշ դատավորներ անձամբ կմասնակցեն նիստերին, իսկ մյուսները“ տեսակապի միջոցով: Կողմերի ներկայացուցիչները նույնպես կարող են լսումներին մասնակցել անձամբ կամ տեսակապով»:
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հանդես էին եկել հակընդդեմ հայցերով՝ նշելով, որ խախտվում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի դրույթները։
Հայաստանն Ադրբեջանի դեմ դատական գործընթաց էր սկսել սեպտեմբերի 16-ին։ Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 24-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը նույնաբովանդակ հայց է ներկայացրել Հաագայի դատարան։
Ի դեպ, երկու երկրները ներկայացրել են նաև նախնական միջոց կիրառելու պահանջ։