Կրակոցներ ԼՂ-ում և հայ-ադրբեջանական սահմանին. ի՞նչ է ուզում Բաքուն
Կրակահերթեր Լեռնային Ղարաբաղում
Հայաստանը շարունակում է քննարկել սահմանային լարված իրավիճակը: Նախօրեին ադրբեջանական կողմից կրակոցներ էին արձակվել ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ: Հրադադարի ռեժիմի խախտումների արդյունքում հայկական կողմը տուժածներ չունի:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը շարունակում է մնալ լարված: Վերջին երկու շաբաթներին դա արտահայտվում է գրեթե ամեն օր տարածվող հաղորդագրություններով: Ադրբեջանական կողմը պնդում է, թե հայկական կողմն է գնդակոծում ադրբեջանական դիրքերը: Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ապատեղեկատվություն է որակում Բաքվի հաղորդագրությունները:
Ռուս խաղաղապահները, որոնք պատասխանատվություն են կրում տեղի բնակչության անվտանգոււթյան համար, խախտումներին դեռևս չեն անդրադարձել: Պաշտոնական Բաքուն հերքել է կրակահերթերի մասին տեղեկությունները:
Քաղաքական վերլուծաբանները պատահական չեն համարում այն, որ մեկ օրում իրավիճակը լարվեց ինչպես Արցախում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին: Կարծում են՝ դա պայմանավորված է բանակցային գործընթացում Բաքվի դժգոհությամբ: Չեն բացառում նաև, որ այդ կրակոցներն ուղղված լինեն Հարավային Կովկասում Արևմուտքի ակտիվության դեմ:
Ի՞նչ են հաղորդել Երևանն ու Ստեփանակերտը, Արցախի ՄԻՊ-ի տեսակետը, ինչպես նաև մեկնաբանություններ
Լարվածություն Արցախում և Հայաստանի սահմանին
Արցախի Մարտունու շրջանի երկու համայնքների ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի անկանոն կրակահերթերի մասին հուլիսի 28-ին հաղորդեց Արցախի ներքին գործերի նախարարությունը:
Հաղորդագրության համաձայն՝ ժամը 11:45-ի սահմաններում ադրբեջանցիները հրաձգային տարբեր զինատեսակներից մոտ 20 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր Շուկա համայնքների ուղղությամբ.
«Տուժածներ չկան: Իրավապահ կառույցներն այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ»։
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնեց, որ կրակոցների հետևանքով վնասվել է Կարմիր Շուկայի բնակիչներից մեկի տունը:
«Տան բակում հայտնաբերվել է նաև 7.62 մմ տրամաչափի կրակված 8 գնդակ: Վնասի չափը պարզվում է»,- ասված է հաղորդագրությունում:
Պաշտոնական Բաքուն հերքել է Մարտունու շրջանում կրակոցներ արձակելու վերաբերյալ տեղեկությունները՝ դրանք որակելով որպես «սուտ և իրականությանը չհամապատասխանող»։
Նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել նաև հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ: Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ կրակը լռեցվել էր պատասխան գործողություններով, հայկական կողմից տուժածներ չեն եղել:
«Բաքուն շարունակում է հետաապնդել հայատյաց և ցեղասպան նպատակներ»
Արցախի երկու գյուղերում հնչած կրակոցներին անդրադարձել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նրա բնորոշմամբ՝ Բաքվի գործողությունների նպատակը «Արցախի համայնքներում բնականոն կյանքը խաթարելն է, քաղաքացիական բնակչությանը ահաբեկելը»:
Արցախի ՄԻՊ-ի համոզմամբ՝ Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը որևէ փոփոխության չի ենթարկվել. Բաքուն շարունակում է հետաապնդել «հայատյաց և ցեղասպան նպատակներ»:
«Այս վարքագիծը ցուցադրում է, որ ադրբեջանական ղեկավարությունը շարունակում է վարել Արցախի ժողովրդի նկատմամբ ատելության, հոգեբանական ու ֆիզիկական բռնության կիրառման, Արցախի էթնիկ զտման քաղաքականություն»,- գրել է Ստեփանյանը Facebook-ում:
Պաշտպանը «բեմադրության տակտիկական մաս և միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակադրված ու շինծու վարքագիծ» է որակել Բաքվի խաղաղասիրության դրսևորումները:
«Միջազգային հանրության աչքին թոզ փչելու ադրբեջանական ցանկացած գործողություն պետք է ստանա իրական գնահատական և հակազդեցություն»:
Մեկնաբանություններ
Քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի արձակած կրակոցները Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի հետ սահմանին «իրականում ռուս-ադրբեջանական կրակոցներ են»: Ասում է՝ դրանք ուղղված են Հարավային Կովկասում Արևմուտքի ակտիվության դեմ:
«Կրակոցները նպատակ ունեն թույլ չտալ Հայաստանին դուրս գալ հլու-հնազանդ զոհի կարգավիճակից, ինչի շանսը երկիրն ունի ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվության շնորհիվ»,- նշել է վերլուծաբանը Factor TV-ի հետ զրույցում:
Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Արևմուտքը Հարավային Կովկասում հարատև խաղաղություն է ուզում, Ռուսաստանը՝ ոչ, ուստի տարբեր են նաև մոտեցումները ԼՂ-ի հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Պատահական չի համարում այն, որ Մոսկվան ապակառուցողական կեցվածք է դրսևորում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատում, իսկ Արևմուտքը խոսում է Ռուսաստանի հետ համատեղ աշխատելու պատրաստակամության մասին.
«ՌԴ-ն խանգարում է Արևմուտքին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություններ թույլ չտալու նպատակով:
Միաժամանակ Մոսկվան այդպիսով կատարում է Թուրքիային և Ադրբեջանին տված խոստումը՝ թույլ չտալու ռևանշ Լեռնային Ղարաբաղի ճակատում»:
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը փորձում է ռազմական էսկալացիաների միջոցով ճնշում գործադրել հայկական կողմի վրա:
Քաղաքագետի գնահատմամբ՝ սահմանային լարվածությունը բանակցային գործընթացում Բաքվի դժգոհությամբ է պայմանավորված:
«Երբ նույն օրը երկու տարբեր հատվածներում սրացում է գրանցվում, սա նշանակում է, որ Ադրբեջանը վերադառնում է փոքր ռազմական էսկալացիաների քաղաքականությանը, որի նպատակը Հայաստանից դիվանագիտական-քաղաքագիտական զիջումներ կորզելն է»,- շեշտել է Գրիգորյանը:
Կրակահերթեր Լեռնային Ղարաբաղում