Ռուսաստանի նախագահը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման մասին․ արդյո՞ք արժե հավատալ
Երեքշաբթի՝ օգոստոսի 11–ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծվել և գրանցվել։ Աշխարհը թերահավատորեն և տագնապով է արձագանքել։
Ո՞վ է ստեղծել պատվաստանյութը
Ըստ պաշտոնական հաշվետվությունների՝ պատվաստանյութը պատրաստողը Գամալեայի անվան վարակաբանության ինստիտուտն է։ Նրան օգնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, որն ամենամեծ հատկացումներն է ստացել համավարակի դեմ պայքարի համար։
Ինչո՞ւ է աշխարհը թերահավատորեն արձագանքել
Աշխարհի բոլոր երկրներում նոր դեղերի և պատվաստանյութերի փորձարկման ստանդարտ սխեմա է ընդունված։ Գլխավոր նպատակը համոզվելն է, որ նոր դեղամիջոցներն արդյունավետ են և անվտանգ։
Առաջին փուլը լաբորատոր հետազոտություններն են։
Երկրորդը՝ փորձարկումները կենդանիների վրա։
Երրորդը՝ կամավորների ոչ մեծ խմբի վրա փորձարկումները (մի քանի հազար մարդ)։
Չորրորդը՝ տասնյակ հազարավոր մարդկանց վրա փորձարկումներն են։
Ռուսաստանում երրորդ փուլն է իրականացվել, ընդ որում՝ փորձարկմանը ենթարկվել է 400 մարդ (պաշտպանության նախարարության ժամկետային զինծառայողներ)։ Չորրորդ փուլը չի էլ սկսվել, սակայն արդեն հայտարարվել է պատվաստանյութի գրանցման մասին։ Նախագահ Պուտինը նույնիսկ հայտարարել է, որ իր դուստրը պատվաստվել է դրանով։
Մնացած աշխարհի արձագանքը սպասեցնել չի տվել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է փորձարկումների ամբողջ ցիկլը չանցած դեղամիջոցների օգտագործման անթույլատրելիության մասին։
ԱՄՆ առողջապահության նախարարը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման հարցում իր երկիրը ոչ թե ձգտում է գլոբալ առաջատար լինելու մասին, այլ մտահոգվում դրա հուսալիության և արդյունավետության մասին։
Անգամ Կլինիկական փորձարկումների մասնակիցների ռուսական ասոցիացիան է կառավարությանը կոչ արել թույլ չտալ օգտագործել նոր պատվաստանյութը, որի անվտանգությունն ապացուցված չէ։
Ինչ վերաբերում է Պուտինի դստերն, ապա սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր հիշեցնում են․ Պուտինը խոստովանում է որ երկու դուստր ունի, սակայն նրանց անուններն ու կյանքի հանգամանքները հույժ գաղտնի են պահվում։ Ոչ ոք երբեք չի տեսել մեծ տարիքում նրանց լուսանկարը հոր հետ։
Ի՞նչ է լինելու․ ումի՞ց և ե՞րբ սպասել պատվաստանյութ
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմամբ մի քանի գիտական խմբեր են զբաղվում ԱՄՆ–ում և Եվրոպայում։
Ըստ մասնագետների՝ առաջ են անցել Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի գիտնականները, որոնք առաջինն են կարողացել վերծանել նոր վարակի գենոմը։
Հարցը, որը մոլորակի վրա բոլորին հուզում է, հետևյալն է․ ե՞րբ սպասել իրոք արդյունավետ և անվտանգ պատվաստանյութի, որն անցել է փորձարկումների լիարժեք ցիկլ։
ԱՄՆ նախագահ Թրամփը պնդում էր, որ դա տեղի է ունենալու 2020 թ–ի վերջին, սակայն դա ավելի շատ նախընտրական խոստման է նման։ Գիտնականների մեծ մասը որպես իրական ժամկետ նշում են 2021 թ–ի հունվար–փետրվար ամիսները։ Սակայն ռուսական կառավարությունը հայտարարել է, որ առաջինը կպատվաստվեն ուսուցիչներն ու բուժաշխատողները։ Արդյոք այդ ընթացակարգն ինքնակամ է լինելու՝ չի հաղորդվում։