Կորոնավիրուսն աշխարհում․ Իսպանիայում վերադառնում են աշխատանքի, Չինաստանը փակում է Ռուսաստանի հետ սահմանը, որտեղ մեծ արագությամբ տարածվում է համաճարակը։ Լուսանկարներ
Թվեր․
Ապրիլի 14–ի դրությամբ ողջ աշխարհում COVID-19–ով վարակվել է 1,9 մլն մարդ, մահացել է նվազագույնը 119 հազար մարդ
Չինաստանում նոր վարակվածների մեծ մասը Ռուսաստանից է եկել
Չինաստանում վարակման հիմնական աղբյուր են դարձել Ռուսաստանից վերադարձող մարդիկ։
Երկու օրում 409 մարդ է Չինաստան մուտք գործել միայն Սույֆինհե քաղաքով, որը սահմանամերձ առևտրի կենտրոն է։ Նրանցից 21–ը կորոնավիրուսով վարակված է եղել։
Ընդհանուր առմամբ, բնակավայրում 197 դեպք կա, բոլորը՝ նոր ժամանածներ են, մեծ մասը Մոսկվայից է եկել։ Չինաստանը 14-օրյա կարանտին է սահմանել Ռուսաստանից ժամանողների համար, Սույֆինհեի անցումը փակ է։
Ռուսաստանի առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է
Ռուսաստանում մեկ օրում 2,774 մարդ է վարակվել։ Ընդհանուր առմամբ, երկրում հիվանդ է 21,102 մարդ։
Սա պաշտոնական տեղեկություններն են, տեղի և արտասահմանյան մասնագետներն ասում են, որ դեպքերի քանակն, ըստ ամենայնի, ավելին է, քանի որ հազարավոր մարդկանց մոտ «արտահիվանդանոցային թոքաբորբ» է ախտորոշվում։
Համաճարակի էպինեկտրոնը Մոսկվան է, մեկ օրում գրեթե երկու հազար մարդ է վարակվել։ «Շտապօգնության» մեքենաները 8-9 ժամ հերթ են կանգնում՝ հիվանդին ստացիոնարում տեղավորելու համար։
Փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, որը պատասխանատու է առողջապահության համար, զգուշացրել է, որ «համակարգը գերծանրաբեռնված է»։
- Պանդեմիա, Ռուսաստան․ վարակման բռնկում, բժշկությունը ծայրահեղ անպատրաստ է
- Կորոնավիրուսը Հյուսիսային Կովկասում․ վարակված են բոլոր շրջանները, մահացել է Ինգուշիայի հոգևոր առաջնորդը
- «Կարծում եմ, որ ոչ մի կորոնավիրուս չկա»․ սա ապացուցելու համար Վլադիկավկազում հիվանդանոց են գրոհել
Համաճարակաբաններն ասում են, որ պանդեմիայի զարգացման տեմպերով Ռուսաստանը մոտենում է Իտալիային՝ հետ ընկնելով ուղիղ մեկ ամսով։
Ապրիլի 15–ից Մոսկվայի բնակիչները կարող են տեղաշարժվել միայն հատուկ անցաթերթիկի առկայության դեպքում։
Ընդ որում, մյուս շրջաններում մեկուսացման կանոններն աստիճանաբար մեղմում են, բայց ոչ այն պատճառով, որ բարելավվում է համաճարակային իրավիճակն, այլ այն պատճառով, որ, եթե մարդկանց չթույլատրվի աշխատել, նրանք շուտով առանց ապրուստի միջոցի կմնան։
Թուրքիան ազատում է բանտերը
Թուրքիայի իշխանությունները համաճարակի պայմաններում հայտարարել են 90 հազար բանտարկյալների ազատ արձակման մասին․ նրանք կամ համաներմամբ են լքում բանտը, կամ տնային կալանքի տակ են առնվում։
Տեղի լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ նրանցից շատերն ընդդիմադիր գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ և բլոգերներ են, որոնք դատապարտվել էին «խուճապ տարածելու» համար։
- «Սակայն բիզնեսն, այնուամենայնիվ, չենք փակելու»․ Թուրքիան կորոնավիրուսի տարածման տեմպերով աշխարհում առաջատարն է
- Բելառուսական ֆլեշմոբ․ «Ի՞նչ կասեր քո մահվան մասին նախագահը»
- «Որոշել, թե ով պետք է մահանա, ով՝ ոչ, այն չէ, ինչ ինձ սովորեցրել են»․ Նյու Յորքի բժշկի պատմածը
Թուրքիայում ապրիլի 14–ին 61,049 վարակված կա։ Գրեթե 1,300 մարդ է մահացել։
Երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն համաճարակի տարածման համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել, քանի որ, նրա խոսքով՝ ինքը չի կարողացել ապահովել պարետային ժամի պահպանումը։ Նա հրաժարական է տվել, սակայն այն չի ընդունվել նախագահ Էրդողանի կողմից։
Իսպանիայում աշխատանքի են վերադառնում, ինչպես Եվրոպայի մյուս երկրներում
Իսպանիան Եվրոպայում առաջինն է կորոնավիրուսով վարակվածների թվով և երրորդն է աշխարհում։
Ընդհանուր առմամբ, ապրիլի 14–ի դրությամբ այստեղ վարակվել է 172,541 մարդ։ Ավելի քան 18 հազար մարդ է մահացել։
Սակայն վարակման և մահացության նոր դեպքերի կտրուկ նվազման կայուն դինամիկան իշխանություններին հիմք են տվել աստիճանաբար մեղմել կարանտինայի միջոցները։ Միայն Մադրիդում և շրջակա բնակավայրերում այս շաբաթ աշխատանքի է վերադառնալու 300 հազար մարդ։
Դեռևս խոսքը գնում է միայն «կենսական կարևորության» ձեռնարկությունների մասին։ Այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք են ռեստորանները, սրճարանները, կինոթատրոնները, շարունակելու են փակ մնալ։
Իսպանիան սկսել է մեղմել կարանտինային ռեժիմն, ինչպես Ավստրիան, Չեխիան, Գերմանիան։
Ֆրանսիան սահմանափակումների չեղարկման մեկնարկի մասին է հայտարարել մայիսի 1–ից․ առաջինը բացվելու են դպրոցները։
ԱՄՆ–ն՝ համաճարակի գագաթնակետին սպասելիս
Ակնկալվում է, որ այս շաբաթ ԱՄՆ–ում համաճարակը գագաթնակետին կհասնի, դրանից հետո վարակման նոր դեպքերի քանակը կսկսի նվազել։
Ապրիլի 14–ի դրությամբ՝ ԱՄՆ–ում 587,173 վարակված կա, նրանցից 23,644–ը մահացել է։
Իշխանությունները փոխել են սկզբնական կանխատեսումը, որի համաձայն՝ զոհերի թիվը կարող էր հասնել 100–240 հազարի։ Այժմ այդ թիվը կազմում է 60 հազար։
Մեծ Բրիտանիա․ երկրում կորոնավիրուսով վարակված է բոլոր բուժաշխատողների մեկ երրորդը
Արտակարգ լուր են դարձել բուժաշխատողների համատարած թեստավորման արդյունքները, որոնք աշխատում են առողջապահության պետական համակարգում։ Պարզվել է, որ կորոնավիրուսով հիվանդ է բոլոր բուժաշխատողների մեկ երրորդը։
Ինչպես պնդում են մասնագետները, պատճառ կարող է լինել հիվանդանոցների անձնակազմի անձնական պաշտպանության միջոցների սուր պակասը։
Ապրիլի 14–ի դրությամբ՝ Մեծ Բրիտանիայում 88,621 հիվանդ կա։ Նրանցից 11,329–ը մահացել է։