«Կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից»․ Հայաստանի առողջապահության նախարար
Ապրիլի 10–ին վարակվածների թիվը հասել է 937–ի։ Ապաքինվածների թիվը 149 է, ստացիոնար հսկողության տակ է 777 մարդ։ Օրվա ընթացքում հաղորդվել է մահվան երկու նոր դեպքի մասին։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 12-ի։
Կորոնավիրուսը շարունակում է տարածվել Հայաստանի բնակիչների շրջանում, և, ինչպես արդեն հաղորդել է առողջապահության նախարարը, վարակի աղբյուրների նկատմամբ վերահսկողություն էլ չկա։
Այդ առնչությամբ Արսեն Թորոսյանը կառավարությանն առաջարկել է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, որը հայտարարվել էր մարտի 16–ից մինչև ապրիլի 14–ը։
Պաշտոնական որոշում դեռ չի ընդունվել։ Ամեն դեպքում, բժիշկները որոշել են նախապատրաստվել իրադարձությունների վատթարագույն զարգացման տարբերակին։
Միաժամանակ, Հայաստան է գալիս ֆինանսական և մարդասիրական օգնություն տարբեր երկրներից և կազմակերպություններից։
Բոլոր մանրամասները՝ նախարարի կանխատեսումների և համաճարակի հաղթահարման գործընթացում Հայաստանին ցուցաբերվող աջակցության մասին։
- Կորոնավիրուսը Կովկասում։ Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված նորություններ և իրադարձություններ
- Համաճարակ, արտակարգ դրություն Երևանում, ի՞նչ տեսք ունի այն։ Տեսանյութ
Գործընթացը դուրս է եկել վերահսկողությունից
Վերջերս մեկ օրվա ընթցքում հայտնաբերվող վարակման դեպքերի քանակը սկսել է նվազել, ինչը հույս էր ներշնչում, որ սկսվում է վարակի հաղթահարման գործընթացը։ Սակայն առողջապահության նախարարն այլ կարծիքի է։ Իր ոչ լավատեսական կանխատեսումն Արսեն Թորոսյանը ներկայացրել է առողջապահության հարցերով խորհրդարանական հանձնաժողովին․
«Մենք չենք կարող համարել, որ տարածումը կանգնում է և 100 տոկոս մարում է։ Ինչո՞ւ, որովհետև նախկինում եթե մենք ունենում էինք 50 դեպք, բայց մեկ աղբյուրից, օրինակ մեկ մեծ արտադրամասի 50 աշխատող, մենք հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 տարբեր աղբյուրներից կամ 20 աղբյուրներից։ Հետևաբար, վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից»։
Այս հայտարարությունից հետո Արսեն Թորոսյանը հաղորդել է նաև կառավարությանը ներկայացրած իր առաջարկի մասին՝ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու վերաբերյալ․
«Մեր կարծիքով՝ դա կարևոր է կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված մեր գործողությունների շարունակականությունն ապահովելու տեսանկյունից»։
Նրա խոսքով, անգամ արտակարգ դրության չեղարկման դեպքում նախկին կենսակերպին չի հաջողվի արագ վերադառնալ։ Երկարաժամկետ միջոցներ են անհրաժեշտ՝ վարակի տարածման շղթան կտրելու համար․
«Պետք է հետևել վարակման նոր դեպքերին, հայտնաբերել և բուժել, իսկ վարակվածների հետ շփվածներին՝ մեկուսացնել։ Եվ դա անել այնքան ժամանակ, քանի դեռ վարակի դեմ պատվաստանյութ չի հայտնաբերվել կամ մարդիկ չեն առողջացել»։
Դեռևս քննարկվում է արտակարգ դրության ռեժիմը մեկ ամսով երկարաձգելու տարբերակը։
Ի՞նչ օգնություն է ստանում Հայաստանը
Բժիշկները կարծում են, որ դեռ ապահովված են անհրաժեշտ ռեսուրսներով և պատրաստ են երկրում հիվադների թվի ակնկալվող աճի պարագայում ծառայություններ տրամադրելուն։
Այդուհանդերձ, ապրիլի սկզբից Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար օգնություն է ստանում տարբեր երկրներից և կազմակերպություններից։
Եվրամիությունը հայտարարել է 92 մլն եվրո օգնություն տրամադրելու մասին՝ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված նախագծերի իրականացման համար։ Երևանում ԵՄ պատվիրակությունը ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է, որ այդ գումարն ուղղվելու է անհետաձգելի և կարճաժամկետ կարիքներին․
«Միջոցներն ուղղվելու են բժշկական սարքավորումների մատակարարմանը, բուժանձնակազմի և լաբորատորիայի աշխատակիցների վերապատրաստմանը, փոքր ու միջին բիզնեսի և գործարար հանրության աջակցությանն, ինչպես նաև կորոնավիրուսի բռնկման հետևանքով տուժածներին սոցիալական և մարդասիրական օգնություն տրամադրելուն»։
Ռուսաստանը Հայաստանին կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման թեստ–համակարգեր է տրամադրել։
Բացի այդ, Երևան է արդեն ժամանել ռուսական Իլ–76 տրանսպորտային երկու ինքնաթիռ՝ ռազմական մասնագետներով և բուժսարքավորումներով։
Նաև շարժական լաբորատորիա է բերվել զինծառայողների շրջանում կորոնավիրուսի հայտնաբերման համար՝ ինչպես հայկական ստորաբաժանումներում, այնպես էլ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում։
Չինաստանից դեղորայքի, բուժպարագաների և սարքավորումների մեծ խմբաքանակ է ստացվել․
թոքերի արհեստական օդափոխության 120 սարք,
2 թթվածնային կայան,
60 հազար թեստ,
60 հազար բժշկական դիմակ,
280 հազար պաշտպանիչ դիմակ,
20 հազար պաշտպանիչ ակնոց,
100 հազար պաշտպանիչ արտահագուստ։
Չինաստանից Հայաստան ուղարկված օգնությունն առանձնահատուկ ուշադրություն է գրավել։ Բժշկական սարքավորումների բոլոր տուփերի վրա գրված էր․
«Թող մեր բարեկամությունն Արարատ լեռից ավելի բարձր և Յանցզի գետից ավելի երկար լինի»։
Հայաստանին օգնություն է ցուցաբերել նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։ Առողջապահության նախարարությանն է փոխանցվել 120 հազար դոլար՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի գնման համար։
«Համավարակի բռնկումն աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի առողջապահական համակարգին ստիպեց արագ մոբիլիզացնել ուժերն ու օգտագործել ունեցած բոլոր ռեսուրսները, որպեսզի մարդիկ բուժում ստանան ժամանակին: Մեր պետության արձագանքն առողջապահական այս ճգնաժամին եղել է համարժեք: Ինչևէ, չպետք է թերագնահատել անհրաժեշտ սարքավորումների կարևորությունը», – ասել է Հայաստանի առողջապահության նախարարը։