Երկուշաբթի՝ փետրվարի 10–ի առավոտյան տվյալներով, աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 40 536 փաստ։ Դեպքերի բացարձակ մեծամասնությունը գրանցվել է Չինաստանում՝ Հուբեյի շրջանում։
Այսօրվա դրությամբ վարակից մահացել է 910 մարդ, ապաքինվել 3 378–ը։
Շանհայի դիմակներով բնակիչները մետրոյում։ Չինաստան, փետրվարի 10, 2020. REUTERS/Aly Song
Հարյուրավորների մահն ու տասնյակ հազարավոր մարդկանց համար վտանգն ուշադրության կենտրոնում է։ Սակայն բրիտանական Daily Mail–ը մեկ այլ պատմություն էլ է պատմել։ Կորոնավիրուսը ոչ միայն հարյուրավոր մարդկանց, այլ նաև ընտանի կենդանիների մահվան պատճառ է դարձել չինական Ուհան քաղաքում, որտեղից սկսվել է համաճարակը։
Թե ինչպես են շները, կատուներն ու գերմանամկները մենակ մնացել բնակարաններում՝ առանց սննդի և ջրի
Ուհան քաղաքի բնակիչները մի քանի օրով մեկնել են տնից՝ հարազատների հետ Ամանորը նշելու, սակայն էլ չեն կարողացել վերադառնալ։
Քաղաքը կարանտինի մեջ է հայտնվել և փակվել կորոնավիրուսի բռնկման պատճառով, և առանց տերերի են մնացել 50 հազար անպաշտպան կատուներ, շներ և ընտանի այլ կենդանիներ։
Նրանց օգնության են մեկնել կամավորները։ Սրտացավ մարդիկ փորձում են կենդանիներին փրկել անխուսափելի մահից։ Տերերից շատերը կամավորներ են փնտրում նրանց շրջանում, ովքեր այժմ փակված են քաղաքում, և խնդրում իրենց տուն գնալ՝ սոված կենդանիներին կերակրելու։
«Մեր թիմի կամավորներն, այդ թվում՝ ես, հունվարի 25–ից ավելի քան հազար ընտանի կենդանի ենք փրկել։ Այս բոլոր օրերին հեռախոսս չի դադարում զանգահարել։ Համարյա չեմ քնում», — պատմել է կամավորներից մեկը՝ 43-ամյա Մաոն։
Ասեկոսեներ և խուճապ
Ինչ–որ պահի չինական սոցցանցերում սկսեցին գրել այն մասին, որ ընտանի կենդանիները կարող են վարակի տարածողներ լինել։ Դրանից հետո կենդանիների պաշտպանության խմբերը հայտնեցին, որ ընդամենը մեկ շաբաթում փողոցներում ավելացել է լքված կատուների և շների քանակը։
Ավելին, սոցցանցերում սկսեցին հաղորդել կենդանիների սպանությունների մասին։
Այս կատվի տերը (Ուհանի բնակիչ) իր սոցցանցում գրել է, որ նրան գտել և կենդանի թաղել են իր շենքի վարակազերծման ժամանակ, երբ ինքը հիվանդանոցում կարանտինի մեջ էր կորոնավիրուսի բռնկման պատճառով։ Լուսանկարը՝ Daily Mail
Սյույչանում, որը հիվանդների թվով երկրորդն է, որոշել են էլ ավելի առաջ գնալ։ Այնտեղ իշխանությունները շներին արգելել են փողոց դուրս գալ։ Բոլոր նրանց, ովքեր խախտում են արգելքը, խոստացել են սպանել կենդանիներին։
Որոշ տերեր չեն կարողացել կենդանիներին չորս պատի մեջ պահել և սկսել են նրանց համար հատուկ դիմակներ գնել։ Ոմանք էլ ինքնուրույն են սկսել պատրաստել դրանք։
«Ես անհանգստանում եմ, որ շանս հարևանները կսկսեն ատել։ Ես ընտանի կենդանիների համար ոչ մի դիմակ չգտա, այդ պատճառով էլ ինքնուրույն եմ այն պատրաստել թղթե բաժակից», — պատմել է Բեյջինգ Վան Ֆենյունը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությունը․ ընտանի կենդանիները վտանգավոր չեն
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարություն է հրապարակել այն մասին, որ ապացույցներ չկան, թե կատուներն ու շները կարող են կորոնավիրուսով վարակված լինել։ Վարակի աղբյուրը բոլորովին այլ վայրում է՝ կեղտոտ արդյունաբերական ֆերմաներում, սպանդանոցներում և մսի շուկաներում», — հայտարարել է PETA Asia կենդանիների պաշտպանության չինական կազմակերպության մամուլի քարտուղար Կիտ Գոն։