Կորոնավիրուսն Իրանում․ խոշորագույն բռնկումներից մեկն աշխարհում և իշխանությունների խաբեությունը
Բժիշկների հերոսությունն ու ինքնազոհաբերությունը չի օգնում։ Հարվածի տակ են Իրանի հարևաներն, այդ թվում՝ Հարավային Կովկասի երեք երկրները։
Հիմնական աղբյուր՝ Բի–Բի–Սի
Իրանը բախվել է աշխարհում կորոնավիրուսի խոշորագույն բռնկումներից մեկի հետ։ Մարտի 27–ի առավոտվա դրությամբ այստեղ վարակից մահացել է 2,234 մարդ, վարակված է գրեթե 30 հազար մարդ։
Սակայն արդյո՞ք ճիշտ է պաշտոնական վիճակագրությունը
Իրանում մարդիկ մտավախություն ունեն, որ կառավարությունը թաքցնում է վարակի տարածման իրական մասշտաբը, որ Covid-19–ի հետ կապված իրավիճակը կարող է շատ արագ վատթարանալ։
- Մահվան դեպքեր, նստարանների ապամոնտաժում և տարեցների հարկադիր ախտահանում․ կորոնավիրուսը Թուրքիայում
- Կորոնավիրուսը Կովկասում։ Թարմացվում է
Իրանի առավել տուժած շրջաններից երեքի՝ Գիլանի, Գոլեստանի և Մազանդարանի բժիշկները Բի–Բի–Սիին պատմել են, որ իրենք ընդհանրապես թեստ չունեն, իսկ դեղորայքի պաշարները սահմանափակ են (այդ թվում՝ բազային)։
Թթվածնի բալոնների, դիմակների, պաշտպանիչ ձեռնոցների, խալաթների պակաս կա։
Բժիշկները ստիպված են ժամանակավոր դաշտային հոսպիտալներ հավաքել։
Ռեանիմատոլոգներից մեկը պատմել է, որ իր քաղաքում նոր հիվանդների համար հիվանդամահճակալները շարվել են ֆուտբոլի մարզադաշտում։
Իրենց փորձի հիման վրա բժիշկները եզրակացնում են, որ պաշտոնական վիճակագրությունը զգալիորեն նվազեցվում։
Գոլեստանի շրջանի հիվանդանոցի բժիշկներից մեկը հաշվել է, որ միջինում իրենց մոտ օրական 300 նոր հիվանդ է բերվում։
Նրա գնահատականով՝ նրանց 60-70 տոկոսը վարակված է կորոնավիրուսով, սակայն տեղերի պակասի պատճառով ստացիոնարում են տեղավորում միայն նրանց, ովքեր կրիտիկական վիճակում են։
Իսկ պաշտոնական վիճակագրությունը հաշվի է առնում միայն նրանց, ովքեր ձևակերպվել են և հիվանդանոցում են։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում, ըստ այդ բժշկի, ինքն օրական հինգ հիվանդ է կորցրել։ Հաճախ հիվանդները մահացել են՝ այդպես էլ չհասցնելով Covid-19–ի անալիզ տալ։
Բժիշկները ռիսկի խմբում են
Մոհամադն աշխատում է կորոնավիրուսի բռնկման առաջին իսկ օրից՝ փրկելով իր հիվանդների կյանքը։ Նա որպես բժիշկ է աշխատում Իրանի հյուսիսում գտնվող Գիլանի շրջանի հիվանդանոցում։
Մոհամադն իր ընտանիքին չի տեսել 14 օր։ Նա մի քանի ընկեր և գործընկեր է կորցրել, այդ թվում՝ նախկին ուսուցչին՝ բժշկական ինստիտուտի պրոֆեսորին, որը վերջերս է մահացել կորոնավիրուսից։
«Նման բան տեղի է ունենում ոչ միայն մեր հիվանդանոցում։ Կորոնավիրուսի բռնկումը պարալիզացրել է առողջապահության ողջ համակարգը։ Աշխատակիցների բարոյական ոգին շատ ցածր է։ Մեր ընտանիքներն անհանգստացած են, մենք հսկայական ճնշում ենք զգում», — ասում է Մոհամադը։
Մոհամադը նրա իսկական անունը չէ։ Այն փոխված է, քանի որ Իրանում կառավարության հասցեին քննադատությունը կարող է կալանքի բերել։
Իշխանությունները զբաղված են թշնամիների որոնմամբ
Փետրվարի 19–ին վարակի մասին իր առաջին պաշտոնական հայտարարությունում կառավարությունը խորհուրդ էր տալիս չանհանգստանալ, իսկ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին Իրանի «թշնամիներին» մեղադրում էր, որ նրանք չափազանցնում են սպառնալիքի մասշտաբը։
Մեկ շաբաթ անց երբ վարակվածների և մահացածների թիվը սկսեց արագ աճել, նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց «թշնամիների դավադրության» մասին, որի նպատակն իրանցիներին վախեցնելն է և կյանքը երկրում կանգնեցնելը։
Նախագահն իրանցիներին կոչ արեց շարունակել իրենց առօրյա կյանքն ու աշխատանքի գնալ։
Արդեն մարտի կեսերին իշխանության վերահսկողության տակ գտնվող ալիքները հայտարարեցին, որ կորոնավիրուսը կարող է ԱՄՆ–ում ստեղծված «կենսաբանական զենք» լինել, իսկ Խամենեին Թվիթերում գրեց «կենսաբանական գրոհի» մասին։
Իրանում հիվանդների կտրուկ աճ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ համաճարակի ամենաթեժ պահին իշխանությունները չհրաժարվեցին խորհրդարանական ընտրությունների անցկացումից։
Իրանն ու հարևանները
COVID-19–ը տարածվել է Իրանի բոլոր 31 շրջաններում ընդամենը 16 օրում։
16 երկրներ հայտարարեցին, որ վարակն առաջին անգամ իրենց երկիր է ներթափանցել Իրանից։ Դրանք Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներն են՝ Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը։ Ինչպես նաև Իրաքը, Աֆղանստանը, Բահրեյնը, Քուվեյթը, Օմանը, Լիբանանը, ՄԱԷ–ն, Կանադան–ն, Պակիստանը, Էստոնիան, Նոր Զելանդիան, Բելառուսն ու Քաթարը։
Առանձնապես տագնապալի է իրավիճակն Աֆղանստանում, որտեղից վերջին տասնամյակներում Իրան են տեղափոխվել հարյուր հազարավոր մարդիկ։ Այժմ նրանք տուն են վերադառնում՝ լինելով պոտենցիալ վարակակիր։