Կյանքը պատերազմից հետո․ սահմանամերձ հայկական գյուղի երիտասարդ կին-համայնքապետի հարցազրուցը
Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանի Սյունիքի մարզի Շիկահող գյուղը, որը նախկինում սահմանամերձ չէր, այժմ Ադրբեջանի հետ 30 կմ սահման է կիսում։
«Տեղ կա՝ քիչ է հեռու, տեղ էլ կա՝ ընդհանրապես հեռավորություն չկա, տեղ էլ կա՝ մի սարն իրենցն է, կողքինը՝ մերը։ Խիստ անկանոն սահման է։ Ամենավատ սցենարի դեպքում նման իրավիճակ չէի պատկերացնի, որ կարող է կորցնենք Արցախի տարածքները, հետո էլ մեր գյուղերի մի մասը, մեր սեփական վարչական սահմանները», — ասում է Շիկահողի գյուղապետ 30-ամյա Նարե Ղազարյանը։
Մասնագիտությամբ դիվանագետ Ղազարյանը գյուղի վարչական ղեկավար է ընտրվել չորս տարի առաջ, ձայների 90 տոկոսով։ Շիկահողցիները վստահել են երիտասարդ կնոջը, իսկ ինքը՝ Նարեն, չի էլ պատկերացնել, թե իրեն ինչ դժվարություններ են սպասվում։
Ըստ 2020 թ․ աշնանը ստորագրված եռակողմ համաձայնագրի՝ որի հիման վրա Ղարաբաղում դադարեցվել են ռազմական գործողությունները, Ադրբեջանին են փոխանցվել են Հայաստանի մարզերին սահմանակից տարածքներ։ Այստեղ ընթանում է նոր սահմանների որոշում՝ խորհրդային տարիների վարչական բաժանման հիման վրա՝ GPS համակարգի կիրառմամբ։ Հայաստանի ՄԻՊ կարծիքով՝ սա միջազգայնորեն անընդունելի մեխանիկական մոտեցում է։
Շիկահողի գյուղապետը խոսում է Ադրբեջանի հետ նոր սահմանների, անորոշ տնտեսական ապագայի և անվտանգ ապրելու համար անհրաժեշտ պայմանների մասին։
- Հաղորդակցության ապաարգելափակում․ նոր հնարավորություննե՞ր Հայաստանի համար, թե՞ անվտանգության սպառնալիքներ
- Ադրբեջանի հետ սահմանները որոշվում են պատերազմի սպառնալիքի ներքո․ Հայաստանի օմբուդսմեն
Պատերազմի օրերին
«Ինձ պատասխանատու էի զգում յուրաքանչյուրի կյանքի համար, ամբողջ համայնքի համար։ Ինքս պատրաստ եմ եղել միանալ մեր գյուղի տղաների ջոկատին, ուր էլ գնային՝ սկսած առաջնագծից։ Մեր գյուղից ընդհանուր կազմվել է 35 հոգանոց ջոկատ։
Տղաները կանգնել են Շիկահողի դիրքերում, քանի որ Զանգելանը գրավել էին, չգիտեինք ինչ սպասեինք, հանգիստ կարող էին առաջ գալ», — պատմում է Շիկահողի համայնքապետը։
Շիկահողը գտնվում է Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում։ Երևանից հեռու է 323 կմ, մարզկենտրոն Կապանից՝ 14 կմ։ Գյուղն ունի 56 տնտեսություն, 160 բնակիչ։ Կապանի 37 գյուղերից 16-ը այժմ սահմանամերձ են, Շիկահողը դրանցից մեկն է։
Շիկահողից Կապան հասնելու համար գյուղացիները անցնում են Մ-17 միջազգային նշանակության ճանապարհով (Երևան-Կապան-Մեղրի-Իրան)։ Կապան-Ճակատեն ճանապարհի 4 կիլոմետրանոց հատվածն անցել է Ադրբեջանին։ Ճակատենը Շիկահողին նախորդող գյուղն է։
«Կապան գնալիս՝ ցերեկը դեռ ոչինչ, բայց երբ արդեն մթնում է, աշխատում ենք մի քանի հոգով գնալ։ Եթե հանկարծ որոշեն վերցնեն իրենց ճանապարհը, մենք չենք ունենա այլընտրանքային ճանապարհ Կապան հասնելու համար։ Միակ ճանապարհը մնում է Մ-17-ի շարունակությունը դեպի Մեղրի, այսինքն Մեղրիով պտտվել՝ Կապան հասնելու համար, 130 կմ՝ 23-ի փոխարեն։
Այս պահին ռուս խաղաղապահների միջոցով կարողանում ենք հանգիստ գնալ ու գալ, ռուսները մեծ հույս են ներշնչում։ Եթե հանկարծ նրանք չլինեն, մենք ընդհանրապես ռիսկ չենք անի շարժվել այդ ուղիով, որովհետև հանգիստ կարող են ամենատարբեր սադրանքների դիմել», — բացատրում է Նարեն։
Վարելահողերի ու արոտավայրերի մասին
Շիկահողի տնտեսական ապագան գլխիվայր շուռ է եկել պատերազմից հետո։
«Ադրբեջանի թիրախում են հայտնվել մեր վարչական տարածքում գտնվող վարելահողերը։ Չկա հեռավորություն, չեզոք գոտի ընդհանրապես չունենք, անգամ մի մետր հեռավորություն չկա։ Մենք հիմա մեծ խնդրի առաջ ենք կանգնել, աշնանացան ենք արել մինչև պատերազմի սկսվելը, շուտով հունձ ենք ունենալու ու չգիտենք` ինչպես ենք իրականացնելու։
Բարդ է լինելու, նախ պետք է գտնվի մեխանիզատոր, որը կհամարձակվի մտնել այդ տարածք ու այդ աշխատանքն անել, երկրորդն էլ, չգիտես՝ հակառակորդից ինչ սպասել», — ասում է Նարե Ղազարյանը։
Գյուղի ընդհանուր հողատարածքը 52 հկ է, որից 16 հկ խոտհարք է, մնացածը՝ վարելահող։ 13 հեկտարը մշակված ցորենն է։ Ամբողջ 52 հեկտարից վտանգի տակ են հայտնվել խոտհարքն ու ցորենը։ Համոզվածություն չկա՝ հնարավոր կլինի՞ ցորենի բերքահավաքը կազմակերպել։
«Անասուններն էլ զրկված են արոտավայրերից։ Գյուղին մոտիկ արոտավայրեր ունենք, բայց դարձյալ անվտանգ չեն։ Այդ պատճառով փորձում ենք անասուններին պահել գյուղի շրջակայքում։ Հիմա գյուղացին մտածում է՝ ինչպես ազատվի իր անասունից։ Ես ինքս էլ հորդորում եմ ազատվել, քանի որ այլ տարբերակ չեմ տեսնում», — ասում է գյուղապետը։
Վերջ տուրիզմի զարգացման պլաններին
Վերջին տարիներին Շիկահողում մեծ թափով զարգանում էր տուրիզմը։ Նարե Ղազարյանը պատմում է, որ դիմել է տարբեր դրամաշնորհային ծրագրերի, դրանք հասցրել գյուղ։
Գերմանական զարգացման բանկի միջոցով գյուղում տեղադրվել են արևային տաքացուցիչներ, նաև եվրոպատուհաններ՝ գյուղը զբոսաշրջիկների համար գրավիչ վայր դարձնելու համար։
Տարեկան միջինը 2000 զբոսաշրջիկ է այցելել Շիկահողի արգելավայրի անառիկ բնությունով և հուշարձաններով հիանալու, Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերի շարժին հատուկ դիտակետից հետևելու համար։
Շիկահողցիներից մի քանիսն էլ իրենց տները վերածել են հյուրատների, ընդունել զբոսաշրջիկների Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և այլ երկրներից։
«Գերմանիայից մեզ գրել էին, որ անհանգիստ են մեզ համար, ափսոսում են, որ հայտնվել ենք նման իրավիճակում։ Նպատակներ շատ ունեինք, անգամ զիփլայնի մասին էինք մտածում։ Մեր անտառները կուսական են, որոշել էինք անտառներում կառուցել տնակներ արշավականների համար։ Գյուղացիները վաճառում էին իրենց բերքն ու բարիքը նույն տուրիստիներին։
Ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, ու հիմա մտածում ենք՝ ինչպե՞ս ենք ապրելու։ Չեմ կարծում, որ տուրիստ կգա այս կողմերը, հիմա տեղացին չգիտի՝ մնալու է, թե ոչ, տուրիստն ո՞ւր գա», — ասում է Նարեն։
Դպրոցը գործում է
Շիկահողի դպրոցում սովորում է տասնչորս աշակերտ։ Ամեն առավոտ Կապանից Շիկահող վեց մանկավարժ է գալիս դասավանդելու, կեսօրից հետո՝ վերադառնում։
«Այսինքն, նրանք ճանապարհը կտրում են երկու անգամ։ Ճանապարհին կանգնած են ադրբեջանցի զինվորականներ, մի հատվածում էլ՝ ռուսներ, հայեր չկան։ Խաղաղ չի մի տեսակ։ Անվտանգություն չեմ տեսնում։ Կյանքը կտրուկ փոխվել է, բայց ամեն ինչ անում ենք, որ դպրոցը պահպանվի, կյանքը շարունակվի։ Չենք հանձնվելու», — ասում է համայնքապետը։
Անվտանգությունը` պարտադիր պայման
Նարե Ղազարյանն ասում է, որ մարդիկ գյուղը լքելու մասին դեռ չեն մտածում, արտագաղթ չկա։ Սակայն անվտանգության հետ կապված խնդիրները պետք է հստակեցվեն, որպեսզի գյուղացին իրեն ապահով զգա ու գիշերը գլուխը հանգիստ դնի բարձին։
«2020-ի սեպտեմբերից նոյեմբեր՝ Արցախյան պատերազմի ժամանակ, օրհասական պահեր ենք ապրել, չգիտեինք ապրելու ենք, թե չէ։ Բայց գյուղից մի քայլ չենք հեռացել։ Ինքնաթիռները, անօդաչուները գյուղերի վերևով պտտվում էին անընդհատ։ Նույն ռազմական գոտին էր, չէինք տարբերվում», — ասում է Շիկահողի ղեկավարը։
Անհանգիստ է, որ չկա օրենքով հաստատված մի փաստաթուղթ, ըստ որի կարող են ասել՝ սա իրենց գյուղի տարածքն է․
«Դեռ հանգիստ են, բայց եթե վաղը մի հրաման ստացան, ես չգիտեմ ինչ կլինի, իրենք մինչև ո՞ւր առաջ կգան։ Նոյեմբերի տասից՝ պատերազմական գործողությունների ավարտից մինչև այսօր արդեն չորս ամիս է անցել։ Ու մինչև այս պահը սահմանը հստակեցված չէ»։
Համայնքի ղեկավարը պնդում է, որ սահմանագծի հստակեցումից հետո կողմերը պետք է պարտադիր չեզոք գոտի ստեղծեն։ Ու սահմանը պետք է հսկի սահմանապահ զորքը, ոչ թե Երկրապահ կամավորականների միության անդամները։
«Ես հարգում եմ, խոնարհվում նրանց առաջ, բայց ամեն դեպքում կանոնավոր բանակը պետք է կանգնած լինի։ Այս երեք հարցերը պետք է հստակեցվեն։ Մեր դիրքերից մեզ հետ են տվել։ Որ տեսան խելոք հետ եկանք, նորից են փորձում առաջ գալ։ Ու պատկերացրեք, այդպես քիչ-քիչ՝ մեկ էլ տեսար հասել են մեր գյուղ։ Պետք է կոտրել անորոշությունը վաղվա օրն ավելի ապահով ու անվտանգ ապրելու համար», — կարծում է Նարեն։