Կլքի արդյո՞ք Թուրքիան ՆԱՏՕ-ն
Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները ակտիվորեն վերադառնում են երկու երկրների միջև հարաբերությունների նախկին մակարդակին: Սանկտպետերբուրգյան վերջին առանցքային հանդիպման ընթացքում Էրդողանը կրկնել է նախորդ տարիների իր թիրախները. «Թուրքիայի և Ռուսաստանի միջև տնտեսական եւ առևտրային գործընկերության ծավալը մենք պետք է հասցնենք 100 մլրդ ԱՄՆ դոլարի»:
Սա, ըստ երևույթին, նշանակում է, որ այնուամենայնիվ կիրականացվեն երկու հավակնոտ ծրագրեր. «Թուրքական հոսքը» (Անապայից Թուրքիա Սև ծովի հատակով գազատարի կառուցումը) և «Ակույու» ատոմային էլեկտրակայանի կառուցումը Թուրքիայում։
Թուրքիային և Ռուսաստանին միավորում են զգալի ընդհանուր շահեր: Հետևաբար բնական կլինի վերականգնել երկկողմ առևտրատնտեսական կապերը, զբոսաշրջությունը, չարտերային թռիչքները:
Սակայն կա մեկ այլ ավելի կարևոր պատճառ երկու երկրների մերձեցման համար. Ռուսաստանի վատթարացող հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ:
Ռուսաստանի դեպքում դա պայմանավորված է Ուկրաինայի իրադարձություններով։ Իսկ Թուրքիան Ամերիկայի վրա բարկացած է Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելուց հրաժարվելու համար, որին Անկարան համարում է ահաբեկիչ և մեղադրում է վերջին ռազմական հեղաշրջման փորձի համար:
Բացի այդ, Թուրքիան Արևմուտքից այս փորձի ավելի կտրուկ դատապարտում էր ակնկալում: Կարևոր է նաև, որ Եվրոպական Միությունը 53 տարի չի ընդունում Թուրքիայի՝ իր կազմում ընդգրկվելու հայցը:
Այս բոլոր պատճառներով Թուրքիան և Ռուսաստանը արագ կերպով վերածվում են ռազմավարական գործընկերների: Թուրքիան, ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ն չի լքի, այլ կվերափոխի իր կարգավիճակը՝ կդառնա ՆԱՏՕ-ի անդամ-երկիր, որը սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ: Ընդհանուր առմամբ, Անկարան դժգոհ է ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցությունից:
Առաջին հերթին, Թուրքիան չի կարող զարգացնել ՆԱՏՕ-ի երկրների հետ համատեղ ռազմական արտադրությունը, քանի որ նրանք չեն կիսվում իր հետ ժամանակակից ռազմական տեխնոլոգիաներով. այդ իսկ պատճառով Թուրքիան այժմ կփորձի իրականացնել ռազմական համագործակցության ռազմավարություն ՆԱՏՕ-ին չանդամակցող երկրների հետ, առաջին հերթին` Ռուսաստանի:
Պուտինի հետ Սանկտ Պետերբուրգում օգոստոսի 9 կայացած հանդիպման ընթացքում Էրդողանը հայտարարել է. ««Ֆեթուլլահցիների» այս ահաբեկչական կազմակերպությունը ցանկանում էր փչացնել Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները»: Թուրքիայում խորապես համոզված են, որ Ֆեթուլլահ Գյուլենի ետևում կանգնած են արևմտյան շրջանակները, այնպես որ, Էրդողանը ցանկանում էր հստակ նշել, որ ռուս-թուրքական համագործակցությունը չի բխում հենց Արևմուտքի շահերից:
Սակայն, չնայած Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցմանը, երկու երկրների միջև կան խնդրահարույց հարցեր. դա Սիրիան է: Մոսկվան սատարում է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին: Անկարան վստահ է, որ քանի դեռ նախագահ Ասադը Սիրիայի նախագահն է, այնտեղ խաղաղություն չի կարող լինել:
Սակայն Անկարան, ինչպես և նախորդ տարիներին, չի ցանկանում լուրջ տարաձայնություններ Կրեմլի հետ Սիրիայի հարցում: Եվ պատահական չէ, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նախորդ ամիսներին, չի մեղադրում Ռուսաստանին Սիրիայում միջամտության և Ասադին աջակցելու համար։
Ընդհակառակը, Սանկտ Պետերբուրգ կատարած այցի նախօրեին ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Էրդողանը նշել է, որ համարում է Ռուսաստանին Սիրիայում առանցքային խաղացողներից մեկը։ Չնայած այն բանին, որ բոլորովին վերջերս Էրդողանը հրապարակավ հարց ուղղեց. «Ի՞նչ է Ռուսաստանը անում Սիրիայում»։
Էրդողանը փոխում է իր հռետորաբանությունը: Շուտով պետք է ակնկալել թուրքական և ռուսական զինվորականների և դիվանագետների կապերի ընդլայնում սիրիական հարցում, ինչպես նաև ընդհանուր հանձնաժողովների ստեղծում:
Այդ հանձնաժողովների հիմնական խնդիրը Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման չեզոքացումն է. այս հարցում Անկարան կիսում է Կրեմլի դիրքորոշումը։
Պուտինի հետ նույն հանդիպմանը Էրդողանը ևս մեկ նշանակալի առաջարկություն արեց. «Անհրաժեշտ է ստեղծել Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան ձևաչափ»:
Տարածաշրջանային համագործակցության շրջանակներում Թուրքիան ընդհանրապես նախընտրում է եռակողմ ձևաչափեր: Օրինակ՝
• Թուրքիա-Ադրբեջան-Իրան,
• Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան,
• Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան։
Առաջարկվող տարածաշրջանային համագործակցության նոր նախագծում Էրդողանը հնարավոր է համարում նաև Իրանի մասնակցությունը: Դա նշանակում է, որ Անկարան Կրեմլի հետ մեկտեղ ցանկանում է զարգացնել նաև հարաբերությունները Թեհրանի հետ:
Հնարավոր է, որ Էրդողանը շուտով այցելի Թեհրան: Սակայն նրա այցը ոչ ԱՄՆ, ոչ Եվրամիության առաջաևար երկրներ չարժե կանխատեսել:
Այս ամենը նշանակում է, որ Թուրքիան հայացքն ուղղում է դեպի իր մոտ շրջապատը:
Հրապարակվել է՝ 13.08.2016