Կեղծ մանդարին
Ռուսաստանում այն շատ տարածված է, դա կապված է մրգի էկոլոգիապես մաքուր լինելու և հատուկ համի հետ: Հավանաբար այն պատճառով, որ աբխազական մանդարինը մեծ պահանջարկ ունի, խնդիր է առաջացել. Ռուսաստանի վերահսկողական ծառայության կողմից մոսկովյան շուկաներում անցկացված զանգվածային ստուգումների արդյունքում հայտնաբերվել է, որ վաճառվող «աբխազական մանդարինի» գրեթե 100 տոկոսն իրականում չինական է, մասամբ՝ թուրքական ու հունական:
Ստուգումներն անցկացվել են հոկտեմբերին, և Աբխազիայի ցանկացած բնակչի համար նման ստուգում անցկացնելն ինքնին ծիծաղելի է: Ցիտրուսային մրգերի բերքահավաքն Աբխազիայում սկսվում է մոտավորապես նոյեմբերի կեսերին, և միայն այժմ այն սկսում են ներկրել ռուսաստանյան շուկաներ:
Ֆեյսբուքի աբխազական հատվածը հրճվում է Ռուսաստանում աբխազական մանդարինների զանգվածային կեղծման մասին պատմություններով: Ահա տիպիկ մեկնաբանություն. «Եթե ձեր մանդարիններն ակտիվորեն կեղծում են, ինչպես ժամանակին ամերիկյան ջինսերը, դա ապրանքի որակի ու տարածվածության լրացուցիչ ապացույց է»:
Աբխազիայի մասնագետներն այլ կերպ են վերաբերվում դրան ու պահանջում են անհապաղ պաշտպանել հայտնի դարձած բրենդը:
«Վերջին 20 տարիներին մենք ոչ մի ճիգ չենք գործադրել բրենդի ճանաչելիության ուղղությամբ: Չկա այս մանդարինի որևէ սովորական պատկերավոր արտահայտում, ասենք, ինչպիսիք են Մերսեդեսի կամ BMW-ի տարբերանշանները, որոնք միանգամից մարդու մոտ ասոցիատիվ շարք են առաջացնում այն մասին, թե ինչ վստահելի, որակյալ է ապրանքը և որ այն արժե գնել’, — ասում է «Լեռնային Աբխազիա» հիմնադրամի տնօրեն Թենգիզ Տարբան:
Նրա կարծիքով, պետական ծրագիր է անհրաժեշտ, քանի որ առևտրային կազմակերպությունները չեն կարող իրենք իրենցով աբխազական ապրանքի համակարգային պաշտպանության գործիքներ ստեղծել:
‘Ստեղծեցիր մանդարինի գրաֆիկական պատկերը, հավելեցիր թեկուզև «աբխազական մանդարին» գրությամբ, պատենտավորեցիր այն և այդ պահից սկսած ստանում ես քո բրենդը պաշտպանելու իրավական հնարավորություն: Դա արդեն կլինի ոչ թե պարզապես մի արտահայտություն, այլ պետության արժեք, որը կարող է միլիոնավոր դոլարներ արժենալ’, — ասում է Թենգիզ Տարբան:
Քանի դեռ նման պաշտպանություն չկա, պետք ինքներդ դա անեք: Խորհուրդ Աբխազիայի գյուղատնտեսության նախարար Թիմուր Էշբայից. «Եթե կասկածներ ունեք, կարող եք, իհարկե, պահանջել ապրանքի ծագման մասին վկայական: Սակայն կարելի է նաև տեսքից տարբերել մանդարինները: Աբխազականներն ուժեղ արտահայտված դեղին գույնի են, Մարոկկոյից, Թուրքիայից ու Հունսատանից բերվածները՝ մուգ նարնջագույն: Դրանք համով էլ են տարբերվում. մեր մանդարինները սուր ցիտրուսային բույր ունեն, ինչը բնորոշ չէ չինական մանդարինին»: